կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 21:59
Հասարակություն

Կարևորելով Եղիշե Չարենցի դերը հայ ու համաշխարհային գրականության անդաստանում. Համազգայինի գրասենյակի հյուրն էր չարենցագետ Դավիթ Գասպարյանը

Կարևորելով Եղիշե Չարենցի դերը հայ ու համաշխարհային գրականության անդաստանում. Համազգայինի գրասենյակի հյուրն էր չարենցագետ Դավիթ Գասպարյանը
Եղիշե Չարենց - 125
 
Հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակում կայացավ հանդիպում-զրույց գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ:
 
Ջերմ ու մտերմիկ զրույց ծավալվեց հայ մեծ գրողի կյանքի ու գործունեության շուրջ: Դավիթ Գասպարյանը ներկաների հետ կիսվեց Չարենցի կերպարի, անձնական ճակատագրի, կյանքի ճանապարհի, քաղաքական տարբեր դեմքերի հետ նրա ունեցած հարաբերությունների և այլ հետաքրքիր փաստերի մասին իր ուսումնասիրություններով:
 
Կարևորելով Եղիշե Չարենցի դերը հայ ու համաշխարհային գրականության անդաստանում՝ Դ. Գասպարյանը նշեց, որ Չարենցի ծննդյան 125-ամյակը մի նոր առիթ է, որ պետական մակարդակով վերջապես Չարենցին արժանի քայլեր արվեն, այդ առումով նա առանձնացրեց բանաստեղծի գործերի լիակատար ժողովածուի լույս ընծայման կարևորությունը, որը անձեռակերտ հուշարձան կլինի գրողի համար:
 
Ներկաների համար Չարենցը ներկայացվեց ու բացահայտվեց նոր ու ինքնատիպ մոտեցումներով, հետաքրքիր մանրամասնություններ հնչեցին նրա պոեմների, նամակների, գրառումների, նրա թողած գրական ժառանգության շուրջ:
 
Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի պետական համալսարանի դասախոս,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արծրուն Ավագյանը, ով ևս իր խոսքում կարևորեց մեծ գրողի դերը հայ և համաշխարհային գրականության ասպարեզում:
Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ նման հանդիպումները շարունակական են լինելու: