կարևոր
1270 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 12:47
Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանի դպրոցներից մեկում. 15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանի դպրոցներից մեկում. 15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը հայտնում է, որ հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: 
Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ այդ պահին դեպքի մասին տեղեկություններ հայտնել: 

Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 15-ամյա տղա է, իսկ նրա հարազատները հայտնել են, որ նա Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում գլուխը պատահաբար հարվածել է դռանը, ինչի հետևանքով վնասվածք է ստացել:

Ոստիկանները, սակայն, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ծնողների հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: 

Այդ օրը դպրոցում հիվանդանոց տեղափոխված երեխայի և նրա հասակակից համադասարանցի տղայի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխված երեխան հարված է ստացել գլխի հատվածում: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։