կարևոր
487 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 19:18
Հասարակություն

Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է արտահայտել Բաքվում պահվող ռազմագերիների առնչությամբ

Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է արտահայտել Բաքվում պահվող ռազմագերիների առնչությամբ

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլային և դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, քաղաքացիական իրավունքի պաշտպան, քրիստոնեական հավատքի դեսպան, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվեդա Քինգին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց դաշինքի անդամներին և աջակիցներին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և միջազգային հարթակներում հայության ձայնը լսելի դարձնելու ջանքերի համար։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների, Բաքվում պահվող ռազմագերիների, արցախահայության իրավունքների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման փաստերի առնչությամբ։

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց բարեկամ երկրների ու միջազգային հանրության ջանքերը՝ ի նպաստ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման։

«Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի ներկայացուցիչներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ կիսելով մտահոգությունները արցախահայության ոտնահարված իրավունքների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության կապակցությամբ։

Վերջիններս ընդգծեցին, որ հիշյալ հարցերը պիտի շարունակեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների պետական բարձրագույն ատյաններում՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի մոռացվելու համաշխարհային մեծ իրադարձությունների հորձանուտում։