կարևոր
553 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-21 12:35
Քաղաքական

«Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ. Վարդան Օսկանյան

«Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ. Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.

«Այսօր, սեպտեմբերի 21-ին, Հայաստանում ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը նշում են մեր անկախության 34-րդ տարեդարձը։ Այս օրը պատկանում է նրանց, ովքեր դարեր շարունակ կրեցին ինքնիշխանության երազանքը, նրանց, ովքեր պաշտպանեցին այն ռազմի դաշտում, և նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ու զոհաբերությամբ ամրապնդում են այն։ Սա օր է՝ արժևորելու տոկունությունն ու շարունակականությունը, նշելու ազատ Հայաստանը՝ ինչքան էլ այն վիրավորված լինի, և վերանորոգելու մեր հանձնառությունը, որ անկախությունը մնայուն մնա։

Սակայն այս տարեդարձի նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշեց ազգային քննարկման մեջ ներմուծել պատեհապաշտության նոր մի տարր։ Երեկ տեղի ունեցած կուսակցական համագումարում, որտեղ նա կրկին ընտրվեց կուսակցության ղեկավար, Փաշինյանը հայտարարեց իր ձգտումը ստեղծելու Հայաստանի «Չորրորդ Հանրապետություն»։ Նման քայլեր արվում են կործանարար ձախողումներից ու ցնցումներից հետո, երբ ազգերը փորձում են վերաձևել իրենց քաղաքական կարգը։ Բայց այն մարդը, որը յոթ տարի արդեն ղեկավարում է երկիրը և որի պաշտոնավարման ընթացքում երկիրը ապրել է միայն աղետներ ու ցնցումներ, չի կարող լինել նոր հանրապետություն հռչակողը․ դա վիրավորանք է թե՛ պատմությանը, թե՛ հայ ժողովրդին։

Փաշինյանը վերջին մարդն է այս աշխարհում, ով կարող է առաջնորդել նման վերափոխումը։ «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ։ Եթե Հայաստանը երբևէ կարիք ունենա նման փոփոխության, ապա դա լինելու է միայն նրա համար, որ այս յոթ տարվա ժառանգությունը ջնջվի երկրի ուղեգծից։ Հայաստանին անհրաժեշտ է իսկական նորացման գործընթաց, որը կվերականգնի ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահությունը, կապահովի պետության ինքնիշխանությունը, կվերադարձնի իր օրինական իրավունքները և կբուժի վիրավորված ժողովրդի վերքերը։

Հետևաբար, այս անկախության օրը չպետք է թույլ տանք, որ Փաշինյանի «նոր հանրապետության» դատարկ հայտարարությունները շեղեն մեզ մեր օրակարգից։ Եկեք ինքներս մեզ շնորհավորենք այս 34 տարիների գոյատևման համար և վերահաստատենք մեր հավատամքը՝ թույլ չտալու, որ մեր անկախությունը վատնվի որևէ ուժի կողմից»։