կարևոր
1903 դիտում, 1 օր առաջ - 2025-06-04 15:37
Հասարակություն

Անկարայում հուշակոթող` Թալեաթի հիշատակին

Անկարայում հուշակոթող` Թալեաթի հիշատակին

Մինչ ՀՀ իշխանությունները ճամարտակում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ զարգացնելու և խաղաղության գործընթաց սկսելու մասին, Թուրքիայի պետական գործիչները շարունակում են հերոսացնել թուրք հայատյաց և հայասպան գործիչներին և անմահացնել նրանց հիշատակը։ Օրերս Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտնել է, որ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Թալեաթ փաշայի անվան բուլվարում տեղադրվել է Թալեաթին նվիրված մի հուշակոթող։

Այդ մասին, www.akunq.net –ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝  Անկարայի քաղաքապետը նաև մասնակցել է հենց քաղաքապետարանի ժողովասրահում կազմակերպված կոլոկիումին, որը նվիրված էր հայ արդարահատույց մարտիկների կողմից սպանված թուրք դիվանագետների հիշատակին մի հուշարձան կառուցելու թեմայի քննարկմանը։ Վերջինիս մասնակցել են նաև սպանված թուրք դիվանագետների ընտանիքի անդամները և նախկին արտակարգ և լիազոր դեսպաններ։

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քննարկման շրջանակներում հայտարարել է, որ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Թալեաթ փաշայի անվան բուլվարում Անկարայի քաղաքային իշխանությունների կողմից կանգնեցվել է Թալեաթին նվիրված մի հուշակոթող։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան պետության ներքին գործերի նախարարի և մեծ վեզիրի աթոռները զբաղեցրած Թալեաթ փաշան անձամբ է համակարգել հայերի տեղահանության և կոտորածների ամբողջ գործընթացը։ Նա սպանվել է «Նեմեսիս» գործողության շրջանակներում, 1921 թ․ մարտի 15-ին, Բեռլինում, հայ արդարահատույց մարտիկ Սողոմոն Թեհլիրյանի կողմից։

Թուրքական աղբյուր՝

https://serbestiyet.com/featured/mansur-yavas-talat-pasa-anisina-anit-yaptirdik-209538/

Մելինե Անումյան

www.akunq.net