կարևոր
2131 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-09 18:13
Հասարակություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ Տիգրանակերտում. Արգելված սերենադ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ Տիգրանակերտում. Արգելված սերենադ

Նյութի աղբյուրը՝ akunq.net

Այս տարվա ապրիլի 24-ին, ժամը 20։00-ին Տիգրանակերտում (թուրք․
 պաշտոնական անվանումը՝ Դիարբեքիր) մենահամերգով հանդես կգա հայտնի արևմտահայ երգիչ Ստեփան Եփրեմյանը։ «Արգելված սերենադ» խորագիրը կրող համերգը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ հիմնվելով Ստեփան Եփրեմյանից ստացված տեղեկության վրա։

Աղբյուրի համաձայն՝ Ստեփան Եփրեմյանը հետևյալ կերպ է մեկնաբանում համերգի խորհուրդը և ընտրված խորագիրը․ «Արգելված սերենադը, որը ներշնչվել է դարեր շարունակ բազմաթիվ ժողովուրդների օրրանը եղած այս հինավուրց հողերի մշակույթից և հայկական ավանդույթից, այդպես է կոչվել, որպեսզի շեշտվի՝ արգելքները չեն կարող խոչընդոտ դառնալ զգացմունքների համար։ Այսինքն՝ խորագիրը առանց նոտաների մի երգի անվանումն է, որի խոսքերն ինչ-որ առումով պատկանում են պատմությանը, իսկ մեղեդին՝ քարերին․․․

Այլ կերպ ասած՝ եթե մինչև իսկ այդ երգի վրա փոշի էլ նստած լինի, որոշ ժամանակ անց նրա մեղեդու հնչյունները նույն հողում ծլարձակելով՝ ակամա վերագտնում են ձեր հոգին․․․ Անկախ այն բանից, թե որքան շատ են փորձել մարդկանց միմյանցից հեռացնել, նույն երկնքի տակ հնչած մեղեդիները միշտ հաղթանակել են մինչև իսկ այն դեպքում, երբ այլ լեզուներով են գրվել խոսքերը, և ինչ-որ կերպ հաջողել են հաղորդակից դառնալ հոգիներին և միասնական պահել ժողովուրդներին։

Ինչպես հայտնի է՝ սերենադը սիրո ամենամեղեդային և ռոմանտիկ ճիչն է․․․ Միայն ձեր սիրտը գիտի և կարող է ասել՝ սիրահարված եք, թե ոչ։ Արտահայտելու վրա կողպեք դնելը արգելք կդառնա՞ զգացմունքների համար։ Ահա եւ սեփական լեզվով, սեփական մշակույթով ապրելու ցանկությունն էլ է այդպիսին․․․»։

Հիշեցնենք, որ Ստեփան Եփրեմյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես էր եկել նաև Երևանում՝ 2019 թվականին, իսկ անցյալ տարի ևս Դիարբեքիրում ներկայացրել էր «Արգելված սերենադ» խորագրով համերգը։

Մելինե Անումյան

www.akunq.net