կարևոր
1471 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 16:40
Հասարակություն

Տարածված տեսագրությունում Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ ոչինչ չկա․ Արսեն Բաբայան

Խուզարկությունների վերաբերյալ այս պահին չունեմ տվյալ, տեղյակ եմ, որ բոլոր գրասենյակները այս պահին շրջափակված են ոստիկանական ծառայողների կողմից, հիմա հերթով կայցելենք, կհասկանանք որտեղ ինչ կա։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա հայտարարեց, որ այս գործողությունների պատճառն այն է, որ երկու օրից Գյումրիում ընտրություններ են լինելու. «Հասկանում են, որ այս ընտրություններում շանսեր չեն ունենալու: Իրենք միամիտ մարդիկ չեն, լուրջ ծառայություններ ունեն, ԱԱԾ, որը տարբեր հարցումներ է իրականացնում, տարբեր արդյունքներ է արձանագրում: Այդ բոլորը տեսնում են ու  փորձում են ճնշել: Վանաձորում այդպես չէ՞ր։

Ամբողջ հարցն այն է, որ այս ձերբակալություններով իրենք էլ գիտեն, որ ոչնչի չեն հասնելու: Լկտիության աստիճանը այնտեղ է հասել, որ արդեն հորը ձերբակալման որոշում են կայացրել: Երեւի հասկացել են, որ Մարտուն Գրիգորյանին ձերբակալելով ոչ մի բանի չեն հասնելու, որոշել են ընտանիքի անդամների միջոցով փորձեն ճնշել»,- ընդգծեց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:

Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

Մանրամասն՝ տեսանյութում