Փոխարժեքներ
21 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.26 |
EUR | ⚊ | € 425.45 |
RUB | ⚊ | ₽ 4.6405 |
GBP | ⚊ | £ 508.09 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Տիգրան Ուլուբաբյանին Ոստիկանությունում խոշտանգելու մասին. կոպորեն խախտվում են Հայաստանի միջազգային պարտավորությունները։ Այս մասին գրում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Արցախցի երիտասարդին Ոստիկանության Վանաձորի ծառայողների կողմից խոշտանգման ենթարկելու մասին հրապարակումներից անմիջապես հետո պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ` անկախ բողոքի կամ դիմումի առկայությունից: Տիգրան Ուլուբաբյանի ներկայացրած տվյալներն այն աստիճան մանրամասն են, որ պետք էր անմիջապես նախաձեռնել նաև քրեական հետապնդում Ոստիկանության կոնկրետ ծառայողների նկատմամբ:
Նրա մատնանշած բոլոր ոստիկանների լիազորությունները պետք է կասեցվեին մինչև քրեական վարույթի ավարտը:
Այնուհետև, քննությունը պետք է ստուգեր արդյոք խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանները կարող են խոչընդոտել քննությանը: Եթե ստացվեր դրա փոքր-ինչ հաստատում, ապա ոստիկանները պետք է անհապաղ հեռացվեին աշխատանքից (սա որևէ կերպ չի բացառում քրեադատավարական հարկադրանքի միջոցները` ձերբակալում, կալանք և այլն):
Տիգրանի խոսքերից հետևում է, որ խոսքը ոչ միայն իր առողջությանը ոստիկանների պատճառված վնասի, ուժեղ ֆիզիկական ցավի, այլ նաև իրեն հոգեկան տառապանք (նվաստացում, հայհոյանքներ, սպառնալիքներ և այլն) պատճառելու մասին է:
Անհրաժեշտ էր իրականացնել տուժողի անհապաղ հարցաքննություն: Մինչդեռ, ինչպես պնդում է Տիգրանի փաստաբանը, նրան կիսատ-պռատ հարցաքննել են միայն աղմուկ բարձրանալուց հետո ու երեկվա ակցիայից հետո են միայն այսօր հրավիրել լրացուցիչ հարցաքննության:
Պետք էր անհապաղ նշանակել փորձաքննություն պարզելու համար խոշտանգմամբ Տիգրան Ուլուբաբյանի առողջությանը պատճառված վնասի, ինչպես նաև հոգեկան տառապանքի հարցերը: Նրան պետք էր անհապաղ ցույց տալ հոգեբանական աջակցություն:
Անհապաղ հարցաքննության են ենթակա ոստիկանները. խոսքը ոչ միայն այն ոստիկանների մասին է, որոնք ըստ Տիգրանի իրեն խոշտանգել են, այլ նաև նրանց անմիջական վերադասները: Պետք է պարզել` արդյոք Տիգրանի մատնանշած ոստիկանները գործել են վերադասների, ասենք, հանձնարարությամբ կամ թույլտվությամբ:
Քանի որ Տիգրանը նշում է, որ ոստիկաններն իրեն այնպես են ծեծել, որ նրանց ոտքերն էլ են վնասվել ու դրանց վրա հետքեր են մնացել, ապա պետք է անհապաղ փորձաքննության ենթարկվեն նաև ոստիկանները:
Անհապաղ հարցաքննության են ենթակա վկաները (Ոտիկանության տվյալ ստորաբաժանման այլ ծառայողներ, Տիգրանի ընկերներ կամ ազգականներ և այլն): Ստուգման ու առկայության դեպքում անհապաղ առգրավման են ենթակա տեսախցիկներ ու դրանց տեսագրությունները, Ոստիկանության ստորաբաժանման մատյանները և այլն:
Պետք է իրականացվի այլ ապացույցների ամրագրում:
Նշվածից բացի, քննչական մարմինը պարտավոր է պարբերաբար հանրությանը իրազեկել քննության ընթացքի մասին` հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը:
Խոշտանգման գործերով գլխավոր տեղ ունեն ապացուցման բեռի ու ապացուցման ստանդարտի (չափանիշի) հարցերը: Անչափ կարևոր է այն, թե արդյոք կան խոշտանգման մասին դետալացված տվյալներ: Կոնկրետ դեպքում ակնհյատ է, որ դրանք առկա են:
Ըստ այդմ, եթե տուժողը ներկայացնում է խոշտանգման փաստը հաստատող մանրամասն տվյալներ, ապա ապացուցման բեռը դրվում է պետության վրա` պատշաճ ու արագացված քննությամբ բոլոր մանրամասներով հերքելու տուժողի խոսքերը կամ ցույց տալու, որ խոշտանգում չի եղել:
Այլ գործերի հետ համեմատությամբ` խոշտանգման գործերով ապացուցման շեմը ցածր է: Այստեղ հաշվի է առնվում, որ անձը գտնվում է խոցելի վիճակում, մասնավորապես` ազատությունից զրկված ու ոստիկանների վերահսկողության ներքո, միայնակ ու հոգեճնշող վիճակում, ոստիկաններից բացի այլ վկաներ չեն լինում և այլն:
Եթե պետությունը չի կարողանում քննությամբ հերքել խոշտանգման փաստի մասին տուժողի հայտնած մանրամասները, ցուցաբերում է անգործություն կամ պատշաճ քննություն չի իրականացնում, ապա հիմք է ընդունվում հակառակ կանխավարկածը. հաստատված է համարվում, որ խոշտանգում տեղի է ունեցել:
Տիգրան Ուլուբաբյանի հարցով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց Հայաստանի իշխանությունների մինչ օրս հրաժարվելը խոսում է նրանց կողմից խոշտանգման հովանավորության, բացահայտ խտրական մոտեցման ու Հայաստանի միջազգային պատավորությունների կոպիտ խախտման մասին: Վստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է` հաշվի առնելով նաև նման գործերի քննության պրակտիկան:
Նման ուշացումն արդեն խոշտանգման համար անպատժելիության հովանավորություն է և խոշտանգման խրախուսում:
Ընդ որում, յուրայինների «իրավունքների» վերաբերող գործերը բացահայտվում, հետապնդումները հարուցվում են կայծակնային արագությամբ: Վառ օրինակ է հանուն ՔՊ պատգամավորի «պատիվը պաշտպանելու»` Սամվել Վարդնանյանի խոշտանգման դեպքը, որն ակնհայտ հաջորդեց ՔՊ վերնախավի քաղաքական հրահանգին, և գործը տեղից այդպես էլ չի շարժվում»: