կարևոր
685 դիտում, 12 ժամ առաջ - 2025-02-11 17:32
Աշխարհ

Նեթանյահուն ԱՄՆ-ում. Վաշինգտոնյան գաղտնիքներ

Նեթանյահուն ԱՄՆ-ում. Վաշինգտոնյան գաղտնիքներ
Նեթանյահուն դարձել է օտարերկրյա առաջնորդներից առաջինը, ում Սպիտակ տանը ընդունել է Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո: Հավանաբար, այդպես է ԱՄՆ նախագահը հասկացրել, որ հենց Մերձավոր Արեւելքն է առաջնահերթ տարածաշրջան համարում: Եվ կրկին ցույց տվեց, որ Ամերիկան այնտեղ, ինչպես եւ աշխարհի ցանկացած ծեգում, մտադիր է թելադրել իր պայմանները:Թրամփը կրկին հնչեցրել է իր առաջարկը՝ Գազայի հատվածից վտարել գրեթե երկու միլիոն պաղեստինցիների եւ տեղափոխել այլ երկրներ: Ավերված էքսկլավում վաշինգտոնյան երազողը մտադիր է վերահսկողություն հաստատել եւ այնտեղ ստեղծել հսկայական հանգստավայր, որը նա անվանել է մերձավորարեւելյան ռիվիերա: Մեկնաբանելով նրա խոսքերը՝ Նեթանյահուն պարզաբանել է. «Ես չեմ կարծում, որ նա խոսել է ԱՄՆ զինծառայողներ ուղարկելու մասին՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացման աշխատնքներն ավարտելու համար: Դա մեր պարտավորությունն է, դա մեր գործն է»: Նա ընդգծել է՝ Իսրայելը լիովին աջակցում է Գազայի բնակիչներին այլ երկրներ վերաբնակեցնելու գաղափարին, որը «նոր ապագա կստեղծի բոլորի համար»: Հարկ է նշել՝ Թրամփը մասամբ գնացել է իր նախորդի ճանապարհով. մեկ տարի առաջ՝ 2024ի մարտին, Ջո Բայդենը պատրաստվում էր սեկտորում նավահանգիստ կառուցել լրացուցիչ մարդասիրական բեռների համար: ԱՄՆ 47-րդ նախագահի խորհրդականները կառչեցին այդ մտքից եւ, ընդունված է ասել, լցրեցին նոր բովանդակությամբ: ... Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Նեթանյահուն լսում էր իր զրուցակցին, ըստ գլխով արածի, եւ նրա աչքերն առկայխում էին: Իսրայելում վաղուց էին երազում այդ ապստամբ անկյունը հանդարտեցնելու մասին, բայց դա չէր հաջողվում ոչ ռազմական, ոչ խաղաղ ճանապարհով: Եվ, իհարկե, հրեական պետության ղեկավարը պատրաստ է ուրախությամբ ընդունել այս անհավատալի նվերը: Բացի այդ, Իսրայելին հնարավոր կլինի տիրանալ սեկտորում եւ նրա մերձակայքում: Գազայի մոտակա շելֆը գազի հարուստ հանքավայր է։ Ժամանակին պաղեստինյան իշխանությունները մտադիր էին դրանով ծածկել սեփական կարիքները, իսկ մի մասը վաճառել Իսրայելին…

Եթե վերջերս թվում էր, որ ֆանտաստիկային սահմանակցող Գազայի գաղափարը կփայլատակի եւ կմոռացվի, ապա այժմ այդպիսի զգացողություն չկա: Վաշինգտոնի գագաթնաժողովից ընդամենը մի քանի ժամ անց Թրամփի ծրագրի իրականացմանը ձեռնամուխ է եղել Իսրայելը: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը ՑԱԽԱԼ-ին հանձնարարել է պլան պատրաստել «Գազայի բնակիչների կամավոր ելքն ապահովելու համար»: Եվ դա այն դեպքում, երբ պաղեստինցիների մեծ մասը կտրականապես չի ցանկանում լքել հայրենի վայրերը՝ չնայած գազան ավերակների է վերածվել, եւ այնտեղ տարրական հարմարություններ չկան։

Դա նշանակում է՝ իսրայելցի զինվորականները ստիպված կլինեն ուժ կիրառել՝ մարդկանց տեղափոխել մեքենաներ՝ հառաչանքների, լացի, վրդովված բղավոցների ներքո: Բայց ո՞ւր: Չէ՞ որ դեռ ոչ մի երկիր պաղեստինցիներին ընդունելու պատրաստակամություն չի հայտնել: Այժմ ԱՄՆ-ն հավանաբար «մշակում» է շատ պետությունների, առավել եւս նրանց ճնշման լծակները բավարար են: Վաշինգտոնը պատրաստվում է ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի միջազգային այդ կազմակերպության ամբիոնից Թրամփի ծրագրին հավանություն տվող առաջարկ հնչի: Եվ Գազայում ստեղծել ժամանակավոր կառավարություն, որի գործունեությանը կմասնակցեն Արաբական պետությունների ներկայացուցիչները:

Թե ինչ դուրս կգա վերաբնակեցումից, իսկ ավելի ճիշտ՝ տեղահանությունից, դժվար չէ պատկերացնել. Գազայում զանգվածային բողոքներ կբռնկվեն, այդ ֆոնին թուլացած ՀԱՄԱՍ-ը կամրապնդվի եւ նոր մարտիկներ կստանա Իսրայելի հետ հերթական մենամարտի համար…

Հիմա Թրամփի ծրագիրն անիրականանալի է թվում։ Հարուստ երկրների իշխանություններին՝ ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային, Քաթարին եւ այլոց, այնպիսի «գլխացավանք», ինչպիսին հայրենազրկված միգրանտների անթիվ բազմություններ ընդունելն է, բոլորովին անօգուտ է: Նրանք մղում են նավթը, բազմապատկում կապիտալը, վայելում կյանքը։ Իսկ մյուս պետությունները, ինչպիսիք են Եգիպտոսը եւ Հորդանանը, սեփական անելիքներն ունեն։ Նրանց վախեցնում է միայն մեկ միտք Գազայից հարյուր հազարավոր այլմոլորակայինների մասին, որոնց պետք է տեղավորել, բնակարան տրամադրել եւ աշխատանք:

Ինչ վերաբերում է Եվրոպայի երկրներին, ապա հայտնի է՝ նրանց կառավարիչները սովոր են միայն զայրանալ պաղեստինցիների ճնշումներից եւ վրդովվել նրանց օրինական իրավունքների ոտնահարման կապակցությամբ: Բայց այդ ուղղությամբ կոնկրետ քայլերից նրանք խուսափում են: Բացի այդ, հին աշխարհն առանց այն էլ պայթում է միգրանտների հոսքից։ Սակայն Թրամփը, պատրաստ լինելով առաջ գնալ, դժվար թե նահանջի։ Եվ թքած ունի բոլոր առարկությունների, փաստարկների եւ առավել եւս Գազայի բնակիչների տառապանքների վրա։ Մերձավոր Արևելյան Ռիվիերա կառուցելու գաղափարը չափազանց գրավիչ է թվում. ուստի նա ամբողջ ուժով ճնշում կգործադրի այլախոհների վրա։ Եվ ով գիտի, թե ԱՄՆ նախագահը ինչ հնարք է նետելու վաղը, եւ ինչպես է փոխվելու իրավիճակը վաղը չէ մյուս օրը։..

Թրամփն ու Նեթանյահուն շատ են խոսել Իրանի մասին: Իսրայելի վարչապետը, ըստ ամերիկն Axios լրատվական կայքի աղբյուրներիի, ցանկացել է Թրամփից երաշխիքներ ստանալ, որ նա կտրամադրի հզոր զենք, որն անհրաժեշտ է իրանական միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար: Եվ դա կարող է տեղի ունենալ, քանի որ Իրանը, իբր, գտնվում է ատոմային ռումբի ստեղծման վերջնական փուլում: «Տարիներ շարունակ Իսրայելի առաջնորդը բազմիցս հայտնվել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հրաման տալու եզրին, սակայն ամեն անգամ նահանջել է՝ հաճախ սեփական զինվորականների եւ հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ճնշման ներքո: Բայց հիմա դինամիկան այլ է, եւ Նեթանյահուի հաշվարկները, հնարավոր է, նույնպես», – գրում է The New York Times-ը:

Երկու երկրների միջեւ ռազմական հակամարտությունը չի բացառել նաեւ ինքը՝ ԱՄՆ նախագահը։ Ընդ որում՝ նա Իսրայելին ռազմական աջակցություն էր խոստացել։ Սակայն արդյունքում Թրամփը որոշել է այլ կերպ վարվել եւ հասկացրել է՝ բաց է Թեհրանի հետ բանակցությունների համար: Առավել եւս Իրանում կան ուժեր, որոնք ցանկանում են պայմանավորվել Արեւմուտքի հետ: Սակայն նրանց դիրքերն ավելի թույլ են, քան նրանց, ովքեր նախկինի պես ռազմատենչ են տրամադրված՝ այաթոլլա Խամենեին եւ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արմատականներըՆրանց լավատեսությունը, հավանաբար, բորբոքվում է ԶԼՄ-ների, այդ թվում՝ ռուսական հաղորդագրությունների կողմից այն մասին, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանից ստացել է Սու-35 կործանիչների խմբաքանակԴա վերջերս հաստատել է «Խաթամ ալ Անբիա» զինված ուժերի կենտրոնական շտաբի պետի տեղակալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շադմանին:

Այդ ինքնաթիռները խիստ անհրաժեշտ են Իրանին, քանի որ ՌՕՈՒ սպառազինության մեջ գտնվող Ֆ5 օդային մեքենաները եւ նրա իրանական Ֆ-14, ՄիԳ-29 մոդիֆիկացիաները վաղուց հնացել են: Բայց արդյո՞ք ռուսական մատակարարումները կարող են փակել Իրանի ողջ երկինքը։ Բացի այդ, Սու-35-ի օդաչուները պետք է մանրակրկիտ մարտական պատրաստություն անցնեն:

Այսպիսով, Թրամփը, հակառակ սպասումների, չի միացրել Իրանի դեմ ռազմական գործողության «կանաչ լույսը»: Բայց նրան մենակ թողնել չի պատրաստվում։ Նա հրամանագիր է ստորագրել Իսլամական Հանրապետության դեմ տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցների խստացման մասին, որոնք արգելք կդնեն նավթի արտահանման ճանապարհին եւ կխստացնեն միջոցները Իրանի բանկային եւ ֆինանսական հատվածների դեմ: Նպատակն է հնարավորինս արյունոտել երկրի տնտեսությունը, որը մեծապես հենվում է սեւ ոսկու վաճառքի վրա:

Ի դեպ, Բայդենի օրոք Թեհրանը բավականին ազատ նավթ էր վաճառում Չինաստանին եւ այլ երկրներին: United Against Nuclear Iran իրավապաշտպան խմբի տվյալներով՝ իր նախագահության ընթացքում Իրանը դրա համար ստացել է ավելի քան 140 միլիարդ դոլար: Այժմ Թեհրանի համար պատժամիջոցները շրջանցելու ուղիները կփակվեն։

Ըստ ամենայնի՝ Թրամփը գնահատել է ԱՄՆ-ի հսկայական, բայց, այնուամենայնիվ, ոչ անսահման տնտեսական եւ ռազմական հնարավորությունները եւ եկել է այն եզրակացության՝ որոշ տեղերում պետք է զերծ մնալ ակտիվ գործողություններից: Բայց Իրանի հանդեպ հաշվենկատ «զսպվածությունը» նա ներկայացրել է որպես խաղաղասիրություն: «Հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն, գործելով Իսրայելի հետ համատեղ, պատրաստվում է Իրանին մոխրակույտի վերախել, խիստ չափազանցված են», - նման հայտարարությամբ ամերիկացի առաջնորդը հանդես է եկել օրերս Truth Social սոցցանցում:

Իրականում Թրամփը մոլորեցնում է: Նրան ձեռնտու է Իրանի առավելագույն թուլացումը, որը վաղուց խանգարում է Վաշինգտոնի բազմաթիվ ծրագրերի իրականացմանը: Հնարավոր է, որ նրա եւ Նեթանյահուի միջեւ խոսակցություններ են եղել Իսլամական Հանրապետության վրա սպասվող օդային հարձակման մասին: Բայց գաղտնի մնացին։

 

Վալերի Բրուտ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի