Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այդ ես չեմ». այսպես է կոչվում Մարիա Սահակյանի ֆիլմը, որ մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Ֆիլմն առաջադրվել է փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Սահակյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է, ով ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները:
Ըստ ռեժիսորի` ֆիլմի առանձնահատկություններից մեկն այն է, որ ստեղծվել է պատկերների եւ պոեզիայի երազային աշխարհի հիանալի միաձուլում` ներկայացնելով Ռիլկեի բանաստեղծությունները` Օրփեոսի եւ Եվրիդիկեի մասին, ինչպես նաեւ ռեժիսորի որոշ ստեղծագործություններ:
«Հերոսուհին հեռախոսի տեսախցիկով նկարում է իր տեսածը, հրապարակում իր բլոգում: Աղջիկն ու մայրը միմյանց չեն հասկանում: Աղջիկը մի շարք հարցեր ունի, որոնց պատասխանը չի կարողանում գտնել: Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Ալավերդիում, ուստի գեղեցիկ բնապատկերների պակաս չկա ֆիլմում»,- ասաց Սահակյանը եւ հավելեց, որ գլխավոր հերոսուհուն համացանցի միջոցով է գտել, ով նույնպես բլոգ ուներ, ինչը, ըստ ռեժիսորի, դերասանուհուն ավելի է մոտեցնում իր կերպարին:
«Ֆիլմը նաեւ իմ մանկության մասին է, քանզի ես էլ եմ եղել երազկոտ աղջնակ ու անցել այդ տարիքի առավելությունների ու թերությունների միջով»,- հավելեց ռեժիսորը:
Ըստ Սահակյանի` ֆիլմում կան դրվագներ, որոնք իր հիշողություններն էին, եւ այլեւս երբեք հետ չես կարող բերել: