Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Նոր ահազանգեր եմ ստանում ջավախահայերից, որոնք կրկին կապված են ՀՀ իշխանությունների հերթական որոշումների հետ:
2024 թ. սեպտեմբերին Yerkir.am լրատվականի խմբագիր Վահե Սարգսյանի կողմից բարձրացվեց հերթական խնդիրը և ներկայացվեց լուծման առաջարկ, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիությունը կորցրած, ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախքաբնակ մեր հայրենակիցներին չարգելել սեփական վրացական պետհամարանիշներով մեքենաներով մուտք գործել ՀՀ կամ դրա համար պահանջել մեքենայի մաքսազերծման ողջ գումարն իբրև դեպոզիտ: ՊԵԿ-ն այդ ժամանակ ներքին որոշում ընդունեց՝ նշված խմբի ջավախահայերին թույլատրել սեփական վրացական մեքենաներով մուտք գործել ՀՀ միայն Բավրայի անցակետով՝ Վրաստանում կացության իրավունքի վկայականի հիման վրա: Ժամկետն սկզբից 1 տարի էր, հետո սահմանվեց այն 15 օր:
Օրերս ինձ դիմած բազմաթիվ ջավախահայեր ահազանգում են, որ արդեն ՀՀ մուտքի 15-օրյա ժամկետ է սահմանված ոչ միայն վերոնշյալ խմբի ջավախահայերի, այլ բոլոր նրանց համար, ովքեր ունեն նաև ՀՀ քաղաքացիություն (հանդիսանում են երկքաղաքացի):
Գաղտնիք չէ, որ ջավախքաբնակ մեր հայրենակիցները վերջին 1,5 տասնամյակում ՌԴ-Վրաստան լարված հարաբերությունների պատճառով համատարած ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: Այսինքն՝ այս չհիմնավորված որոշմամբ մենք ուղղակի ոչ միայն ողջ ջավախահայությանը, այլև վերջին (2014 թ.) պաշտոնական տվյալներով շուրջ 168.100, իսկ փաստացի շատ ավելի մեծ թիվ կազմող վիրահայությանն արգելում ենք սեփական վրացական պետհամարանիշներով մեքենաներով մնալ ՀՀ տարածքում 15 օրից ավելի: Եվ սա՝ այն դեպքում, երբ ողջ վիրահայությունը, հատկապես հարավային Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի նահանգների հոծ հայաբնակ շրջանների մեր հայրենակիցները մշտական սերտ կապի մեջ են գտնվում ՀՀ-ի հետ՝ այցելելով մեր հանրապետություն թե՛ ուսման, թե՛ բուժման, թե՛ աշխատանքի, թե՛ բազմաթիվ այլ նպատակներով:
Զավեշտ է, որ, ինչպես նշում են մեր հայրենակիցները, այս առթիվ թե՛ սահմանային անցակետում, թե՛ ՊԵԿ-ում, իրենց որևէ ողջամիտ հիմնավորում չեն ներկայացրել: Ավելին՝ չեն ներկայացրել անգամ ՊԵԿ-ի այն որոշումը, ըստ որի իրագործվում է այս խտրական վերաբերմունքը: Սահմանային անցակետերում և ՊԵԿ-ում ասում են՝ ներքին որոշում է: Ի դեպ, լինում են դեպքեր, երբ օրվա մեջ որոշ մարդկանց մեքենաների մաքսային մուտքի հայտարարագիրը կամ, ինչպես մեր հայրենակիցներն են ասում, «վոզի թուղթը», լրացվում է 1 տարվա ժամկետով, իսկ որոշ դեպքերում՝ 15 օրով:
Վերոնշյալը խոսում է այս ոլորտում տիրող քաոսի, ինչպես նաև արհեստական բարդություններ ստեղծելով՝ վիրահայ մեր հայրենակիցների կապը ՀՀ-ի հետ դժվարացնելու միտումների մասին:
Թե՛ իմ բարձրացրած նախորդ՝ վրացական վարորդականների պատճառով վիրահայերին անհիմն տուգանելու, թե՛ այս խնդրով ներկա քառօրյային հանդես եմ գալու Ազգային ժողովում»:
Տես նաև՝
Ջավախահայերը կկարողանան վրացական վարորդականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում․ արձագանք՝ ահազանգին,
Ինչո՞ւ ընդամենը 1 ամիս, ջավախահայերը պետք է անժամկետ երթևեկեն ՀՀ-ում. արձագանք՝ ՆԳՆ-ին