կարևոր
5707 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-13 19:20
Հասարակություն

ՊՆ-ում չգիտե՞ն պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի՝ Ջրականում (Ջաբրայիլ) և Որոտանում (Կուբաթլի) գտնվելու օրերը. 168.am

ՊՆ-ում չգիտե՞ն պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի՝ Ջրականում (Ջաբրայիլ) և Որոտանում (Կուբաթլի) գտնվելու օրերը. 168.am

Հունիսի 12-ին 168.am-ը «Ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի հրամանատարը, որտե՞ղ է եղել, ե՞րբ է վերադարձել» վերտառությամբ հոդված էր հրապարակել:

ՀՀ պաշտպանության նախարարությունից մայիսի 23-ին ուղարկված մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ «Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն զորակոչվել զորահա­վաքային զինվորական ծառայության՝ նշանակվելով ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի (հրամանատար՝ գնդապետ Ա. Սմբատյան) 1-ին հգմ-ի 1-ին վաշտի 1-ին դասակում՝ ջոկի հրամանատարի պաշտոնում»:

Նշված զորամասն իր ողջ կազմով մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում:

Մենք գրել էինք նաև, որ համաձայն ՀՀ Կառավարության 10.12.2020թ. N 2003-Ն որոշման պահանջների՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին Աշոտ Փաշինյանը սահմանված կարգով արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:

«Ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի հրամանատարը, որտե՞ղ է եղել, ե՞րբ է վերադարձել» վերտառությամբ հոդվածում 44-օրյա պատերազմին Աշոտ Փաշինյանի մասնակցությանն առչնվող բաց աղբյուրներից մենք նաև այլ փաստեր էինք ներկայացրել:

Իսկ հունիսի 13-ին 168.am-ը ևս մեկ հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ երբվանի՞ց կամ ո՞ր օրվանից է Աշոտ Փաշինյանը եղել Ջրականում, որքա՞ն է մնացել այնտեղ և մասնակցել մարտական գործողություններին, ե՞րբ է այնտեղից դուրս եկել:

Հարցրել էինք նաև, թե ե՞րբ է եղել Կուբաթլուի՝ Որոտանի ուղղությունում, որքա՞ն ժամանակ է մնացել այնտեղ:

Հուլիսի 12-ին թվագրված և մեզ ուղարկված իր պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունն անպատասխան է թողել մեր հարցերը: Փոխարենն այս թեմայով մեր առաջին հարցմանն ի պատասխան՝ հունիսի 12-ին ուղարկած իրենց գրությունից մի հատված են արտատպել և ուղարկել՝ մեկ նախադասություն ավելացնելով:

Ավելին, ՊՆ-ն իր պատասխանն այնպես է ձևակերպել, որտեղ առաջին հայացքից հասկանալի չէ, որ մենք Աշոտ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում և Որոտանում մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ ժամականակագրական տվյալներ ենք խնդրել, և իրենք էլ շրջանցել են մեր համապատասխան հարցերը:

«Ի պատասխան Ձեր՝ Պաշտպանության նախարարին ուղղված 2023 թվականի հունիսի 13-ի՝ Աշոտ Փաշինյանի մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ հարցման՝ տեղեկացնում ենք, որ Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ զորակոչվել զորահա­վաքային զինվորական ծառայության՝ նշանակվելով ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի (հրամանատար՝ գնդապետ Ա. Սմբատյան) 1-ին հգմ-ի 1-ին վաշտի 1-ին դասակում՝ ջոկի հրամանատարի պաշտոնում: Ծառայության ընթացքում Աշոտ Փաշինյանը սահմանված կարգով կատարել է վերադաս հրամանատարության կողմից իր առջև դրված մարտական խնդիրները»,- նշված է հուլիսի 12-ին թվագրված ՊՆ պատասխանում:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Աշոտ Փաշինյանի՝ Ջրականի և Որոտանի ուղղություններում լինելու և մարտական գործողություններին մասնակցության ժամկետները գրանցված չեն, կամ գուցե Պաշտպանության նախարարությունը չի՞ ցանկացել հայտնել այդ տվյալները՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Այս ամենի մասին միայն կարող ենք ենթադրել, քանի որ ՊՆ պատասխանում ոչ մի բան, ոչ մի հիմնավորում չկա:

Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչության հայտնած տեղեկությանը, որ՝ «Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին», նշենք, որ 2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:

2020 թվականի հուլիսին զորացրված Աշոտ Փաշինյանն անմիջապես հետևել էր հոր կոչին և նույն օրը՝ հոկտեմբերի 5-ին, հավաքակայանից լուսանկար հրապարակել։

Ավելին, հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ լուսանկար էր հրապարակել՝ https://168.am/2020/10/07/1382090.html թվագրված և նշված 5.10.2020թ., Ստեփանակերտորտեղ երևում է նաև Աշոտ Փաշինյանը:

Իսկ 2020-ի հոկտեմբերի 8-ին տարածվել էր «Զինուժի» ռեպորտաժը Աշոտ Փաշինյանի՝ կամավոր պատերազմ մեկնելու մասին:

Ըստ էության, «Զինուժի» տեսանյութն ավելի վաղ էր պատրաստվել, պարզապես այդ օրը շրջանառեցին:

Իհարկե, բաց փաստերն այսքանով չեն սահմանափակվում: Իսկ այն, որ ՊՆ-ում չգիտեն Աշոտ Փաշինյանի՝ կոնկրետ վայրերում մարտական գործողությունների մասնակցության օրերը, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ պատերազմի օրերին գաղափար չի ունեցել, թե իր որդին որպես կամավոր որտեղ է գտնվում:

Ինչպես հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում ասել էր Փաշինյանը՝ «անգամ չի հետաքրքրել իրեն՝ իր որդուն թիկունքայի՞ն տեղ են պահում, առաջնագծո՞ւմ է, վտանգավոր է, վտանգավոր չէ»:

«Առաջին անգամ հետաքրքրվել եմ նոյեմբերի 9-ից հետո, արդեն ինքը վերադարձել էր, տանն էր։ Երբ պատերազմից հետո հանդիպում էի անհետ կորած զինվորների, զոհվածների հարազատների հետ, և մամուլում ու այլ շրջանակներում հարց էր ծագել, թե որդիս ձևական է գնացել պատերազմ, հարցեր էին տալիս, թե ինչպես է ստացվել, որ նա վերադարձել է, մյուսները՝ ոչ։ Առաջին անգամ այդ օրն եմ հետաքրքրվել, թե ինքը որտեղ է եղել, այդ ժամանակ եմ իմացել, որ ինքը հետախուզական խմբի մեջ առաջադրանք է ունեցել առաջնագծում փոքր խմբով, լինելով ջոկի հրամանատար՝ ընկել է հրետակոծության տակ, և իր ծառայակիցը, որի հետ խրամատում կամ ուղղակի գետնին պառկած են եղել՝ մարմիններով իրար հպված, ու մյուս զինվորը զոհվել է։ Կամ զինվորի գլուխն է դրված եղել իր մարմնի վրա, կամ իր՝ նրա վրա: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ բեկորը որոշել է, որ վարչապետի որդին չպետք է զոհվի, այլ մյո՞ւս զինվորը, բեկորային հրետակոծությունից է զոհվել»,- շարունակել էր Փաշինյանը:

Այնուհետև Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, օգտվելով Աշոտ Փաշինյանի պատերազմական ուղու վերաբերյալ 168.am-ի հոդված-ուսումնասիրությունից, հայտնել էր, որ իր որդու գնդից պատերազմական գործողությունների ընթացքում 21 անձ զոհվել է:

Հուսանք, որ այս հոդվածից հետո մի օր ինչ-որ կերպ և ինչ-որ մեկից, գուցե Նիկոլ Փաշինյանից, Աշոտ Փաշինյանից, քիչ հավանական է՝ ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի հրամանատար, գնդապետ Արտյոմ Սմբատյանից կիմանանք, թե Աշոտ Փաշինյանը երբվանի՞ց կամ ո՞ր օրվանից է եղել Ջրականում, որքա՞ն է մնացել այնտեղ և մասնակցել մարտական գործողություններին, ե՞րբ է այնտեղից դուրս եկել, ինչպես նաև՝ ե՞րբ է եղել Կուբաթլուի՝ Որոտանի ուղղությունում, որքա՞ն ժամանակ է մնացել այնտեղ:

Աղբյուրը՝ 168.am