կարևոր
478 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-04 10:09
Հասարակություն

Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում. «Փաստ»

Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկացի հանրահայտ միլիարդատեր Իլոն Մասկը, մեղմ ասած, սենսացիոն հայտարարություն է արել՝ մասնավորաբար գրելով. «USAID-ն հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ այն մահանա... Գիտե՞ք, արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»:

Սրանք իսկապես ծանր մեղադրանքներ են, ըստ որում՝ ոչ ամենը: Խոսվել է նաև այն մասին, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ու իր ցանցն օգտագործվել են երկրների դեմ հետախուզական գործունեության համար ևս: Կարճ ասած՝ USAID-ի գլխին լուրջ ամպեր են կուտակվում հենց ԱՄՆ-ում՝ հաշվի առնելով, թե ով է Մասկը և ում կողմնակիցն է: Սենսացիան՝ սենսացիա, բայց գոնե մեր ընթերցողների համար ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կապված շատ անակնկալներ չկան Մասկի մեղադրող կամ դիմակազերծող հայտարարությունների մեջ: Մեկ անգամ չէ, որ տարբեր հրապարակումներով ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքի վրա, որ հատկապես 2018-ի «թավիշից» հետո USAID-ն ավելացրել է Հայաստանում իր գործունեության ֆինանսական ծավալներն ու ուղղությունները: Ավելին, USAID-ի անունն առնչվել է նաև Հայաստանում գործող մեկ տասնյակից ավելի բիոլաբորատորիաների աշխատանքի ու ֆինանսավորման հետ, ինչը մշտապես է մտահոգություններ ու հարցեր հարուցել: Իսկ ի՞նչ են նրանք այնտեղ ֆինանսավորել այդ բիոլաբորատորիաներում:

Հիմա, փաստորեն, Իլոն Մասկն է հայտարարում, որ USAID-ն ամենևին էլ այն «գովազդային ժպիտը» չէ, որով ներկայանում է, այլ «հանցավոր կազմակերպություն», հետախուզական ծածկույթ, «կենսաբանական զենքն» ու համաճարակի տարածման նպաստող, ի վերջո՝ «ձախ արմատական մարքսիստների օձի բույն է, որոնք ատում են Ամերիկան»:

Չգիտենք, թե Ամերիկան՝ ինչպես, բայց որ Հայաստանում, հատկապես Փաշինյանի իշխանավարման շրջանի Հայաստանում USAID-ի գործունեությունը «մութ կողմեր» ունի, բազմիցս են նշել տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ: Հետաքրքիր է, թե Իլոն Մասկի հայտարարությունն արդյոք բավարա՞ր հիմք է, որպեսզի համապատասխան ծառայություններն ստուգեն, թե ինչո՞վ է մեր երկրում զբաղված եղել USAID-ն, հատկապես ինչե՞ր է զարգացրել, ի՞նչ ՀԿ-ներ է «ծաղկեցրել», դրանցից քանիսն ի՞նչ «գործի» մեջ է ներգրավված և այլն:

Ի դեպ, երեկ նոր վերլուծական հոդված է ներկայացրել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականության փոփոխությանը USAID-ի հանդեպ և այդ կազմակերպության ապագա գործունեությանը ՀՀ-ում։ Նշվում է, որ USAID-ն տարիներ շարունակ ՀՀ-ում ձևավորել է ԱՄՆ-ին լոյալ փորձագիտական շրջանակներ, որոնք կարող են դառնալ ապագա իշխանության մաս՝ սպասարկելով Սպիտակ տան շահերը ՀՀ-ում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունում «արմատական խանգարվածներ» են աշխատում։ USAID-ն Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն է, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար։ Այն գործում է Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, այդ թվում՝ նաև Հայաստանում»,-գրում են հեղինակները և նշում, որ USAID-ն տասնամյակներ շարունակ ծառայել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը, որպես, այսպես կոչված, soft power՝ փափուկ ուժ։ Այդ կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալել նաև ՀՀ-ում՝ համագործակցելով բազմաթիվ ՀԿ-ների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ։

Ալիքի հեղինակները գրում են, որ USAID-ին փոխկապակցում են նաև ամերիկյան հատուկ ծառայությունների, մասնավորապես Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Կան բազմաթիվ փաստեր, թե ինչպես է այդ կազմակերպությունը նպաստել, մասնակցել հետխորհրդային տարբեր երկրներում, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների իրականացմանը, որը նպատակ է ունեցել փոխել տվյալ երկրների արտաքին քաղաքական ուղենիշը՝ ՌԴ-ի հետ կապերի խզում և դեպի ՆԱՏՕ ու ԵՄ արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն։

«Թրամփն ու նրա հավատարիմ թիմակից Մասկը կոշտ քննադատության են ենթարկում այդ կազմակերպությունն, ու հասկանալի է, որ այդ կազմակերպությունն ենթարկվելու է լուրջ փոփոխությունների, սակայն ակնհայտ է, որ Սպիտակ տունը չի ցանկանա ոչնչացնել նմանատիպ կազմակերպությունը, քանի որ այն ստեղծել է ցանց աշխարհի տարբեր երկրներում և նպաստում է ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։

Հիշեցվում է նաև, որ վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ գրեթե 25-ամյա համագործակցության դադարեցման մասին։ Ըստ հեղինակների, Ադրբեջանը, հավանաբար, Ալիևի իշխանության համար վտանգ է զգացել այդ կազմակերպությունից և չեզոքացրել է այդ կազմակերպության միջոցով ԱՄՆ-ի հնարավորություններն ազդելու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա։

Ամփոփելով՝ ալիքը գրում է. «ՀՀ գործող իշխանությունները տարիներ շարունակ խորացրել են կապերը USAID-ի հետ՝ դրանով նաև իրենց լոյալությունը հայտնելով Սպիտակ տանն ու որդեգրելով արևմտամետ արտաքին քաղաքականություն։ ՀՀ-ում գործող բազմաթիվ ՀԿ-ներ այս կամ այն կերպ համագործակցել են տվյալ կազմակերպության հետ և այժմ հայկական բազմաթիվ ՀԿ-ներ սպասում են, թե ի՞նչ է լինելու USAID-ի հետ ապագայում, և արդյո՞ք նրանք կարողանալու են ֆինանսական աջակցություն ստանալ տվյալ կառույցից՝ ՀՀ-ում իրենց գործունեությունը շարունակելու համար։ USAID-ն Հայաստանի տարբեր կառույցների, ինստիտուտների հետ կյանքի է կոչել բազմաթիվ ծրագրեր, և դա նաև թույլ է տվել ԱՄՆ-ին ՀՀ-ում ձևավորել ամերիկամետ բյուրոկրատական ապարատ, փորձագետների շերտ, որոնք ապագայում կարող են դառնալ իշխանության մաս՝ դեֆակտո ամերիկյան շահերի լոբբիստները պետական համակարգում»։