կարևոր
307 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-19 11:14
Աշխարհ

Իրանի և Եմենի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի և Եմենի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եմենի իր գործընկեր Ջամալ Ահմեդ Ալի Ամերի հետ․ քննարկվել են երկկողմանի հարցերը և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրադարձությունները, հայտնում է Mehr-ը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը անդրադարձել է Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգի անցած շաբաթ Թեհրան կատարած այցին՝ ասելով, որ նրա Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում «օգտակար և արդյունավետ» բանակցություններ են տեղի ունեցել։ Արաքչին հավելել է, որ Իրանը կշարունակի աջակցել Եմենի կառավարությանն ու ժողովրդին։

Մեկնաբանելով Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը՝ Արաքչին ասել է, որ այդ համաձայնագիրը «Գազայի ժողովրդի տոկունության և դիմադրության տարբեր խմբերի, այդ թվում Եմենի «Անսարուլահ» շարժման և Եմենի ժողովրդի կողմից պաշարված պաղեստինական տարածքի բնակչությանը ցուցաբերված աջակցության արդյունքն է»։

Եմենը մեծ դեր է խաղացել այս հաղթանակին հասնելու գործում, հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ նկատի ունենալով վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի հատվածի, արաբական երկրի ռազմական գործողությունները:

Եմենի նախարարն իր հերթին գոհունակություն է հայտնել Գազայի հատվածում հրադադարի կապակցությամբ։

Նա ասել է, որ Եմենը հետևում է հրադադարի համաձայնագրի իրականացմանը, և իր «ապագա պաղեստինամետ գործողությունները կախված են իսրայելական ռեժիմի կողմից համաձայնագրի կատարումից և պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության լիակատար դադարեցումից»: