կարևոր
487 դիտում, 16 ժամ առաջ - 2025-01-08 20:38
Աշխարհ

Առնվազն 74 երեխա է զոհվել Գազայի հատվածում 2025 թ առաջին շաբաթվա ընթացքում․ ՅՈՒՆԻՍԵՖ

Առնվազն 74 երեխա է զոհվել Գազայի հատվածում 2025 թ առաջին շաբաթվա ընթացքում․ ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական ՅՈՒՆԻՍԵՖ գործակալության տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ օրերի ընթացքում առնվազն 74 պաղեստինցի երեխա է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով, որոնք իրականացվել են Գազա քաղաքում, Խան Յունիսում և երկրի հարավում գտնվող Իսրայելի կողմից նշված «անվտանգ գոտի» Ալ-Մավասիում, հաղորդում է Al Jazeera-ն:

«Նոր տարին Գազայի երեխաներին ավելի շատ մահ ու տառապանք բերեց հարձակումների, զրկանքների և ցրտի պատճառով, - հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասսելը: - Հրադադարը վաղուց հասունացած է: Չափազանց շատ երեխաներ են զոհվել կամ կորցրել հարազատներին նոր տարվա ողբերգական սկզբում»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ բացի հրթիռակոծություններից, երեխաների համար լուրջ սպառնալիք է նաև ձմեռային ջերմաստիճանների պայմաններում տարրական կացարանի բացակայությունը:

«Այն պայմաններում, երբ ավելի քան մեկ միլիոն երեխա ապրում է ժամանակավոր վրաններում, իսկ շատ ընտանիքներ վերջին 15 ամիսների ընթացքում ստիպված են եղել լքել իրենց տները, երեխաները ծայրահեղ վտանգի են ենթարկվում, - ասվում է կազմակերպության հայտարարությունում: - Դեկտեմբերի 26-ից ի վեր ութ մանուկ և նորածին, ըստ հաղորդումների, մահացել է հիպոթերմիայից՝ լուրջ սպառնալիք փոքր երեխաների համար, որոնք չեն կարող կարգավորել իրենց մարմնի ջերմաստիճանը»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել «հակամարտության բոլոր կողմերին հետևել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իրենց պարտավորություններին, այդ թվում՝ դադարեցնել հարձակումները քաղաքացիական անձանց, մարդասիրական աշխատողների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, բավարարել քաղաքացիական անձանց հիմնական կարիքները և նպաստել արագ, անվտանգ և անխոչընդոտ մարդասիրական օգնության հասանելիությանը»: