կարևոր
1474 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-27 14:13
Հասարակություն

«ՌԱՆ ՕԻԼ»-ի տեխանվտանգության մեքենան՝ «Գալֆ»-ում. ի՞նչ է դա նշանակում

«ՌԱՆ ՕԻԼ»-ի տեխանվտանգության մեքենան՝ «Գալֆ»-ում. ի՞նչ է դա նշանակում

2024 թ. գարնանը մամուլը գրեց, որ Հայաստանում շուտով կգործարկվի ամերիկյան Gulf ապրանքանիշով բենզալցակայանների նոր ցանց:  Աչքի էր զարնում արդեն, որ «Գալֆ»  տարբերանշանով և «Շուտով բացվող» գրությամբ ցուցանակներ են հայտնվել Երևանում և նրա սահմաններից դուրս։

Gulf Oil-ը միջազգային նավթային ընկերություն է, որը հիմնադրվել է 1901 թվականին ԱՄՆ-ում։ Այն 20-րդ դարի կեսերին աշխարհի խոշորագույն նավթային մենաշնորհներից մեկն էր և մտնում էր «յոթ քույրերի» մեջ (աշխարհի յոթ խոշորագույն նավթային ընկերությունները): 1984 թվականին Gulf Oil-ը ձեռք է բերվել Chevron-ի կողմից, որին մինչ այժմ պատկանում է ապրանքանիշը։ Gulf գազալցակայանների ցանցը ներառում է ավելի քան 2500 բենզալցակայան ԱՄՆ-ում և ավելի քան 1000 գազալցակայան աշխարհի այլ երկրներում:

2024 թ. ամռանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը մեկնաբանել է բենզինի շուկայում պաշտոնական վիճակագրության գրանցած փոփոխությունը՝ նշելով, որ բենզինի գինը Հայաստանում որոշվում է տնտեսվարողներ–պետական մարմիններ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում: Բանախոսը նատնանշել էր նաև ամերիկյան «Գալֆ» (Gulf) ընկերության մուտքը հայաստանյան բենզինի շուկա։

Դեռեւս 2021-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի, և թույլատրեց «Մեգա Թրեյդ» եւ վրացական «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը, այսինքն` միավորումը: Այդ ընկերությունների 2023 թ. հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Նոր ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առքուվաճառքով, գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ․ փետրվարի 7-ին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեգա Թրեյդի» սեփականատերերն այժմ Արամայիս Գրիգորյանը (45%), Գարեգին Մկրտչյանը (20%), Հակոբ Ալեքսանյանն (15%) ու Արաշ Նոսրիաթիալամդարին (15%) են։ Վառելիքի շուկայում «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ներկայացնում է «ՌԱՆ ՕԻԼ» ապրանքանիշը: «ՌԱՆ ՕԻԼ»-ի  ձեռքբերման մասին հայտնի իշխանական օլիգարխ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Սիլ կոնցեռնը» հայտնել էր 2021 թվականի փետրվարին։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն նույնպես մտնում է Սուքիասյան ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» մեջ։

Հավելենք, որ Հակոբ Ալեքսանյանը 20% բաժնեմաս ունի նաև Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված մեկ այլ ընկերությունում՝ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում։ Իսկ Գարեգին Մկրտչյանը 2022 թվականին Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագուկ Ծառուկյանից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը։

Հենց «Սիլ կոնցեռնին» պատկանող «ՌԱՆ ՕԻԼ»-ի տեխնիկական անվտանգության սպասարկման մեքենան էլ Yerkir.am-ն օրերս ֆիքսել էր նոր բացվող «Գալֆ» բենզալցակայանում՝ փաստելով, որ այդ ընկերությունները առավել քան փոխկապակցված են: