Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
««Ալ Քաիդայի» թոռներ» իր հոդվածում Սիրիայում իշխանությունը զավթած իսլամիստներին անվանում է Սորբոնի համալսարանի ամբիոնի դոցենտ Պաոլո Դեսոգուսը՝ նշելով, որ Արեւմուտքի համար նրանք «դարձել են լավը.արդեն ոչ թե արյունարբու ահաբեկիչներ՝ ոգեշնչված Բեն Լադենի անխոհեմություններից, այլ ինչ-որ «չափավոր իսլամիստներ»: «Իտալական թերթերը նրանց անվանում են ապստամբներ», պարտիզանների նման մի բան․.. այն փաստը, որ նրանք գործում են օտարերկրյա տերությունների՝ առաջին հերթին Թուրքիայի, աբյց նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի անունից, հաշվի չի առնվում։ Նրանք ըմբոստ են եւ հոգու խորքում գործում են հանուն ազատության», - հեգնանքով բացականչում է հոդվածագիրը։ «Ես համակրանք չունեմ Ասադի եւ նրա ռեժիմի նկատմամբ», – շարունակում է Պաոլո Դեսոգուսը։ - Այնուամենայնիվ, մենք պետք է համարձակություն ունենանք ինքներս մեզ հարցնելու, թե արդյոք ավելի ցանկալի է, որ նրա տապալումից հետո ծնվի նոր աստվածապետություն: Չէ՞ որ Ասադի անկումն իր հետ քաոս կբերի մի երկիր, որն արդեն իսկ պատռված է պատերազմից։ Հավանական է՝ փախստականների նոր ալիք կհոսի Մերձավոր Արեւելքի երկրներ, որոնք առանց այդ էլ ցնցվում են Լիբանանի եւ Գազայի հատվածի պատերազմներից: Մերձավոր Արեւելքից այդ փախստականները թիրախավորելու են Եվրոպան։ Եվ ի՞նչ ենք անելու: Արդյո՞ք մենք կմերժենք նրանց՝ լինելով նրանց վախճանի պատճառներից մեկը»,- հարցնում է Դեսոգուսը:
Նա կարծում է՝ Սիրիայում այսօր տեղի ունեցածի արդյունքում շահում են ԱՄՆ-ն ու Իսրայելը, ինչպես նաեւ Թուրքիան: «Նրանք հաղթեցին «Հըզբոլլահին», նվազագույնի հասցրին իրանական ազդեցությունը, ստիպեցին Ռուսաստանին հեռանալ (տեսնենք՝ ինչ կանի ի պատասխան)։ Սակայն միեւնույն ժամանակ նրանք մեծացրել են Թուրքիայի աշխարհաքաղաքական հզորությունը, որն ուղղորդում էր «ապստամբներին» եւ որն արդեն մտածում է Սիրիայի որոշ այլ մասերի անեքսիայի մասին (նա դա արդեն արել է մի քանի տարի առաջ, բայց ոչ ոք չի վրդովվել)։ Եվ հետո կա Իրանը, եւ եթե նա չի ծրագրում վերջին հարվածը հասցնել արյունալի պատերազմով, ապա այաթոլլայի այդ երկիրը կարագացնի իր միջուկային զենքի արտադրության աշխատանքները՝ զգալով աճող սպառնալիք: Իսկ միջուկային ճանապարհը միակն է ողջ մնալու համար։ Արդյո՞ք եկել է դրան հասնելու ժամանակը: Արդյո՞ք մենք մեզ ավելի ապահով ենք զգում: Ով գիտի, արդյո՞ք ալ-քաիդայի վետերաններն իսկապես այդքան չափավոր են: Բեն Լադենի վերելքին նպաստել է նաեւ ԱՄՆ-ը։ Բայց Պենտագոնում այդ մասին մոռացել են։ Մեկ խնդիր լուծելու համար մենք ստեղծում ենք հազար այլ խնդիր», - ցավով արձանագրում է հեղինակը։
«Բարաք Օբամայի օրոք, – նույն Andiplomatico-ում մեկ այլ հոդվածում գրում է անգլիացի քաղաքագետ Ռոբերտ Ինլաքեշը, - ԱՄՆ կառավարությունը գաղտնի միլիարդներ է ներդրել Բաշար Ասադի կառավարության տապալմանն ուղղված գաղտնի գործողության մեջ։ ԿՀՎ-ի Timber Sycamore ծրագիրը՝ իր զարգացման գագաթնակետին գործակալութայն ամենաթանկ նախագծերից մեկը, 100․000 դոլար էր տրամադրում յուրաքանչյուր վերապատրաստված սիրիացի աշխարհազորայիններին, որոնցից շատերը հետագայում կռվում էին ալ-քաիդայի հետ կապված խմբավորումների դրոշների ներքո»:
Վաշինգտոնի մեղսակցության աստիճանը բացահայտվել է գաղտնազերծված հեռագրերում, որոնք ցույց են տալիս 2012- ին Հիլարի Քլինթոնի վարչակազմի այն ժամանակվա տեղակալ Ջեյք Սալիվանի ապշեցուցիչ խոստովանությունը. «ալ-քաիդան «Սիրիայում մեր կողքին է»: Մերձավոր Արեւելքում ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգերկն այն ժամանակ Իդլիբն անվանել էր սեպտեմբերի 11-ից հետո «ալ-քաիդայի» ամենամեծ ապաստարանը»:
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում 2020 թ-ին կայացած լսումների ժամանակ Դանա Ստրոուլը, որը հետագայում կդառնա Բայդենի վարչակազմի օրոք Մերձավոր Արեւելքի պաշտպանության քարտուղարի (DASD) օգնականի տեղակալը, ասել է․ «Ռոսաստանն ու Իրանը ռեսուրսներ չունեն Սիրիայի կայունացման կամ վերականգնման համար»: Բացի այդ, նա ընդգծել է՝ սիրիական տնտեսությունը, որն արդեն ճգնաժամի մեջ է, «շարունակում է կտրուկ անկում ապրել», եւ իրավիճակը սրվում է Լիբանանի տնտեսական ճգնաժամի եւ ԱՄՆ-ի գլխավորած պատժամիջոցների ռեժիմի պատճառով: Ստրոուլը ենթադրել է՝ «սա հնարավորություն է» ակտիվորեն գործելու համար: Նա առաջարկել է Միացյալ Նահանգներին սկսել պլանավորել, թե ինչպես «օգտագործել բռնության հաջորդ բռնկումը քաղաքական գործընթացն ակտիվացնելու համար»: Ստրոուլն այն ժամանակ ընդգծել է՝ այդ ռազմավարությունը պետք է ներառի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի մերձեցումը, ինչպես նաեւ քաղաքական հարցերի, պատժամիջոցների եւ վերականգնման օգնությունից հրաժարվելու հարցում ամուր դիրքորոշման պահպանումը: Միեւնույն ժամանակ, նպատակը նույնն էր՝ վտարել Իրանին Սիրիայի տարածքից եւ ստիպել Դամասկոսին հրաժարվել լիբանանյան «Հըզբոլլահի» հետ դաշինքից։ Եվ սա ավելին է, քան ռազմավարությունը. դա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության տեսլականն է՝ հօգուտ Իսրայելի եւ Ամերիկայի շահերի։
Այս տարվա սկզբին Ասադի ռեժիմի փոփոխության կողմնակից լոբբիստների կոալիցիան, որն իրեն անվանում է «Սիրիայի ամերիկյան կոալիցիա», Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ, որի ընթացքում նրանք նշել են «ալ քաիդայի» հետ կապված խմբերի ֆինանսավորման անհրաժեշտությունը եւ աջակցություն է ստացել: The Grayzone-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Ֆլորիդայի հանրապետական սենատոր Ռիկ Սքոթի վարչակազմի ղեկավարը հավաստիացրել է սիրիական ընդդիմության կողմնակիցներին՝ «իսրայելցիները ցանկանում են, որ դուք իշխանության գաք»:
Վերջին տարիներին, երբ Սիրիայում պատերազմը փակուղի մտավ, արեւմտյան արտաքին քաղաքական իսթեբլիշմենթը ջանքեր գործադրեց «Հայաթ Թահրիր աշ-շամ» (ՀԹՇ) ահաբեկչական խմբավորման ռեբրենդինգի ուղղությամբ: Այդ ջանքերի առանցքում ՀԹՇ-ի առաջնորդ Աբու Մոհամմադ ալ-Ջուլիանիի վերածնունդն էր։ Իր զինվորական համազգեստը ցուցադրելով՝ Ալ-Ջուլիանին ամերիկյան հեռուստատեսությունում կրկին հայտնվել է բոլորովին այլ կերպարով՝ խիստ կոստյումով եւ իրեն ներկայացնելով որպես էլեգանտ եւ ֆորմալ առաջնորդ:
Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ նախկին դեսպան եւ Սիրիայի հետ փոխգործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ՀԹՇ իսլամական խմբավորումն «ակտիվ» է անվանել Իդլիբում ԱՄՆ ռազմավարության համար: Եվ ՀԹՇ-ի ռեբրենդինգը շարունակվեց՝ չնայած խոշտանգումների եւ մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումներին, նըդ որում՝ խմբավորումը նույնիսկ հետապնդում էր Իդլիբում լրագրողներին, ովքեր համակրում էին նրա գործին: Չնայած Միացյալ Նահանգները հրապարակայնորեն հեռանում է Սիրիայում վերջին սրացման մեջ անմիջական ներգրավվածությունից, իրականությունն ավելի բարդ է: Ահաբեկչական կազմակերպությունների կողմից պաշտոնապես ճանաչված խմբերի բացահայտ աջակցությունը վտանգում է ստեղծել այնպիսի շփոթություն, որից Վաշինգտոնը կնախընտրեր խուսափել», – եզրակացնում է Ռոբերտ Ինլաքեշը։
«Սիրիայի տոտալ ապակայունացումը, ԿՀՎ-ի եւ Մի-6-ի ակտիվ մասնակցությամբ, որն այժմ տեղի է ունենում իրական ժամանակի ռեժիմում, մանրակրկիտ մշակված հնարք է, որն ուղղված է BRICS-ի եւ այլ երկրների խափանմանը», - կարծում է բրազիլացի լրագրող եւ քաղաքական վերլուծաբան Պեպե Էսկոբարը Antidiplomatico-ում հրապարակված մեկ այլ հոդվածում:
«Դա, – նշում է նա, – տեղի է ունենում Փաշինանի կողմից ՀԱՊԿ-ից Հայաստանին դուրս բերելուն զուգահեռ, ինչը նա անում է՝ հենվելով ԱՄՆ-ի խոստումների վրա՝ աջակցել Երեւանին Բաքվի հետ հնարավոր նոր դիմակայությունում, ինչպես նաեւ Հնդկաստանի՝ Պակիստանի հետ սպառազինությունների մրցավազքի ակտիվացման խրախուսման եւ Իրանի համատարած ահաբեկման վրա։ Այսպիսով՝ սա նաեւ պատերազմ է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) ապակայունացման համար, որի երեք գլխավոր դերակատարներն են ԲՐԻԿՍ-ի անդամներ Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը:
Ներկայիս տեսքով INSTC-ն լիովին զերծ է աշխարհաքաղաքական ռիսկերից։ Որպես BRICS-ի կողմից կառուցվող առաջատար միջանցք, այն կարող է նույնիսկ ավելի արդյունավետ դառնալ, քան շատ չինական միջանցքներ, որոնք անցնում են «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության կենտրոնական մասով: INSTC – ն կդառնա համաշխարհային տնտեսության մեծ մասի համար ամենակարեւոր փրկօղակը ԱՄՆ/Իսրայել եւ Իրան դուետի միջեւ ուղղակի առճակատման դեպքում՝ Հորմուզի նեղուցի հնարավոր փակմամբ, ինչը հանգեցնում է ֆինանսական ակտիվների շատ քվադրիլիոնանոց կույտի փլուզման, ինչը տնտեսապես ոչնչացնում է հավաքական Արեւմուտքը»:
Էրդողանի Թուրքիան, Էսկոբարի կարծիքով, սովորականի պես երկակի խաղ է վարում։ Խոսքով՝ Անկարան հանդես է գալիս ինքնիշխան Պաղեստինի օգտին՝ բողոքելով ցեղասպանության դեմ։ Գործնականում Թուրքիան աջակցում եւ ֆինանսավորում է «մեծ Իդլիբի» ջիհադիստների տարասեռ թիմին, որը, հավանաբար, ոչ առանց ուկրաինացի նեոնացիստների մասնակցոթյան, վարժեցվել է դրոնների օգտագործմամբ մարտական գործողություններ վարելու մեթոդներին եւ զինված է Քաթարի միջոցներով։ Եթե վարձկանների այս բանակը իսլամի իսկական հետեւորդներ լիներ, նրանք հանդես կգային Պաղեստինի պաշտպանության համար: Միեւնույն ժամանակ, Թեհրանի իշխանական միջանցքների ներսում իրական պատկերը չափազանց մշուշոտ է: Կան խմբակցություններ, որոնք կողմ են Արեւմուտքի հետ մերձեցմանը, ինչը ակնհայտորեն կազդի Թել Ավիվի դեմ պայքարելու Դիմադրության առանցքի ունակության վրա:
«Արեւմտյան Ասիայի պատերազմները ազգային, աղանդավորական, ցեղային եւ կրոնական վեկտորների բարդ խառնուրդ են», – նշում է Էսկոբարը: - Ինչ-որ իմաստով դրանք անվերջ պատերազմներ են. կառավարելի են մինչեւ որոշակի կետ, բայց հետո հետ են վերադառնում: Սիրիայում ռուսական ռազմավարությունը շատ ճշգրիտ էր։ Քանի որ անհնար էր կարգավորել ամբողջովին մասնատված ազգը՝ Մոսկվան ընտրեց ազատագրել Սիրիան, որն իսկապես կարեւոր է՝ մայրաքաղաքը, կարեւորագույն քաղաքները եւ Միջերկրական ծովի արևելյան ափը՝ սալաֆիստ-ջիհադիստական հորդաներից: Խնդիրն այն է, որ 2020 թ-ին պատերազմի սառեցումը Ռուսաստանի, Իրանի եւ (դժկամությամբ) Թուրքիայի անմիջական մասնակցությամբ չլուծեց «չափավոր ապստամբների» խնդիրը։ Այժմ նրանք վերադարձել են՝ ամբողջ կազմով, վարձկան ջիհադիստների հսկայական հորդայի աջակցությամբ, իսկ նրանց հետեւում կանգնած է ՆԱՏՕ – ի հետախուզությունը», - մատնանշում է նա տարածաշրջանի բարդ իրողությունները, որը մնում է բազմակողմանի ուժերի շահերի բախման դաշտ։
Վլադիմիր Մալիշեւ
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի