կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-13 21:49
Սպորտ

Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել. Բեռնար Շալանդ

Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել. Բեռնար Շալանդ

 Քիչ առաջ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվ» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:

 

 -Ֆուտբոլասերներին հուզում է, թե ինչո՞ւ է հրավիրվել վնասվածք ունեցող Դավիթ Մանոյանը եւ չի հրավիրվել Արտակ Դաշյանը:  

- Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ 23 խաղացողներ կարող են լինել հայտացուցակում: Դավիթ Մանոյանն այս հավաքանում 24-րդն է, վնասվածք ունի, հայտացուցակում չի լինելու, նա աշխատում է մեզ հետ: Մեզ հետ է, քանի որ լավ ֆիզիոթերապեւտ ունենք: Ես գոհ եմ Դաշյանի խաղից, բայց թիմում կան Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը… Մեր հարձակման գիծն առանց այդ էլ հագեցած է:

 

- Դուք նախորդ ասուլիսին հայտարարեցիք, որ Դենիս Թումասյանը կհրավիրվի, եթե ունենա խաղային պրակտիկա: Նա արդեն ունի խաղային պրակտիկա, սակայն չի հրավիրվումԱյդ հարցն արդեն մի քանի տարի է՝ քննարկման առարկա է: Ի վերջո, նա հավաքականի թեկնածո՞ւ է: Եթե` այո, ապա ինչո՞ւ չի հրավիրվում:

- Նա թեկնածու է, բայց ես գոհ էի Սերբիայի հետ խաղում իմ պաշտպանական գծի խաղացողներից: Ինչ կլինի ապագայում, չեմ կարող ասել:



- Ինչո՞վ կարող է զարմացնել Հայաստանը Պորտուգալիային:

- Ես երբեք իմ թիմին չեմ ասում, թե այսօր պետք է անպայման հաղթենք կամ ոչ-ոքի խաղանք: Ես միշտ խաղը  սկսում եմ 0:0 հաշվով: Գոհ կլինեմ, թե` ոչ, կերեւա խաղից հետո: Սերբիայի հետ խաղից առաջ եթե ինձ հարցնեին՝ գոհ կլինեմ ոչ-ոքիից, ես կպատասխանեի՝ այո: Բայց այժմ ես դժգոհ եմ, որ այդ խաղում ընդամենը մեկ միավոր ենք վաստակել: Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել: Մենք ունենք լավ կատարողներ:



- Սերբիայի հետ խաղից հետո մեր հավաքականը հոգեբանորեն ինչպիսի՞ վիճակում է մոտենում առաջիկա խաղին:

-  Կարծում եմ, որ խաղից հետո մի կողմից թիմը գոհ էր, որ նման խաղ ցույց տվեց, մյուս կողմից հիասթափված էր արդյունքից: Բայց մենք գիտակցում էինք, որ պետք է շարունակենք աշխատել, քանի որ առաջիկայում բարդ մրցակից է սպասվում: Մենք վաղը խաղալու ենք Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկի՝ Պորտուգալիայի դեմ, եւ դա մեծ փորձություն է մեզ համար: Նման ուժեղ մրցակցի հետ խաղը խաղացողներին ավելի է մոտիվացնում: Կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք առաջիկա խաղին:



- Ի՞նչ կարող եք ասել Պորտուգալիայի ունեցած խաղերի մասին, որոնցում նրանք մրցել են Դանիայի եւ Ալբանիայի հետ:

- Լավ չի լինի, եթե ես խոսեմ Պորտուգալիայի խնդիրների մասին: Պորտուգալիան ունի մեծ փորձ, հիանալի կազմ… Այս թիմի հարձակումը շատ ուժեղ է: Միայն Ռոնալդուն չէ, որ ուժեղ է դարձնում հարձակման գիծը: Կա նաեւ Նանի, ով շատ ուժեղ է: Պորտուգալիան թիմ է, որն ունի անհատապես շատ ուժեղ խաղացողներ: Բոլոր օղակներում էլ Պորտուգալիան լավ կադրեր ունի:
Ինչ վերաբերում է ընտրական խաղերին, ապա դժվար է համեմատություններ անել, քանի որ այդ ընթացքում մարզիչը փոխվեց, եւ հիմա նրանք ունեն լրիվ տարբեր թիմ: Բացի այդ` առանց Ռոնալդուի Պորտուգալիան լրիվ տարբեր թիմ է, եւ դժվար է խոսել Ալբանիայի խաղի մասին:



- Բավական երկար ժամանակ Յուրա Մովսիսյանը վնասվածք ուներ: Վերջերս նա վերադարձավ «Սպարտակի» հիմնական կազմ: Ինչպե՞ս եք գնահատում նրա մարզավիճակը: Արդյո՞ք նրան կտեսնենք մեկնարկային կազմում:

 - Եթե նա խաղում է «Սպարտակում», նշանակում է, որ նա ի վիճակի է խաղալ: Ես «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եւ խոսել եմ Մովսիսյանի վերաբերյալ:


ՀՖՖ պաշտոնական կայք