կարևոր
517 դիտում, 15 ժամ առաջ - 2024-12-11 12:26
Աշխարհ

Ռուսաստանը չի արտահանձնի Ասադին, եթե նրա ձերբակալման վերաբերյալ ՄՔԴ օրդեր լինի․ Ռյաբկով

Ռուսաստանը չի արտահանձնի Ասադին, եթե նրա ձերբակալման վերաբերյալ ՄՔԴ օրդեր լինի․ Ռյաբկով

Ռուսաստանի կողմից ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադն ապահով է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը չի նախատեսում արտահանձնել Ասադին, եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրա ձերբակալության օրդեր տա, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը չի վավերացրել Հռոմի ստատուտը, գրում է kommersant.ru-ն։

«Նախագահ Ասադը Ռուսաստանում է։ Նման իրավիճակում սխալ կլինի իմ կողմից ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է այն հանգուցալուծվել։ Բայց նա ապահով է: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտառոց իրավիճակներում»,- ասել է Ռյաբկովը NBC News-ին տված հարցազրույցում։ 

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նաեւ ասել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի հանգեցնի երկրի մասնատմանը։ Նրա խոսքով՝ Սիրիան «պետք է լինի ինքնիշխան, միասնական և ամբողջական»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Սիրիայի անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Մուհամեդ ալ-Բաշիրը։