կարևոր
211 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-29 16:26
Հասարակություն

Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ անձնագիր կրող 120 000 մարդ մեկ օրում դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ․ Աննա Գրիգորյանը՝ ՆԳ փոխնախարարին

ՀՀ քաղաքացիությունը սահմանվել է 1995 թ-ին ընդունված Սահմանադրությամբ և 1995 թ-ի նոյեմբերի 28-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիության մասին օրենքով։ Այս մասին ԱԺ-ում արցախցիների քաղաքացիություն ստանալու խնդիրների հետ կապված քննարկման ընթացքում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ պատսխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչպես ստացվեց որ ՀՀ անձնագիր կրող 120 000 մարդ մեկ օրում դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ և ինչպես է ստացվում, որ ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցնող մի խումբ անձինք ունեին և ունեն Արցախի Հանրապետության անձնագիր և կարողանում են պաշտոնավարել, իսկ մյուսները, ովքեր նոր են տեղափոխվել Հայաստան, էթնիկ զտման արդյունքում, նման հնարավորություն չունեն։

Փոխնախարարն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիության մասին օրենքը սահմանում էր, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում ՀԽՍՀ քաղաքացիները, նրանց մինչև 14 տարեկան զավակները, և ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք կունենան ԽՍՀՄ տարածքում բնակվող ազգությամբ այն հայերը, ովքեր կդիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Այսինքն, առաջին խումբ մարդիկ, ովքեր օրենքի ուժով ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն՝ վերը նշած խմբեր են։ Այս դրույթը սակայն չի տարածվում Լեռնային Ղարաբաղի բնակիչների վրա, որովհետև հարց է առաջանում՝ ինչ է նշանակում ՀԽՍՀ քաղաքացիներ։

Խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել ԽՍՀՄ քաղաքացիության մասին օրենք, միութենական հանրապետությունները չեն ունեցել առանձին քաղաքացիության մասին օրենքներ։ Միութենական հանրապետությունների բոլոր երկրները ունեցել են նման օրենքներ, որոնցով կարողացել են առանձնացնել իրենց բնակչություններին՝ մեկը մյուսից։
Նրանք իրենց բնակիչներին տարբերակել են անձնագրի կոդով։ Խորհրդային Հայաստանի անձնագրի կոդը եղել է СЛ, Ադրբեջանինը՝ ЖГ։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունեցել են ЖГ կոդով անձնագրեր։

Կարո՞ղ էր լինել այնպիսի իրավիճակ, որ ԼՂ բնակչությունը համարվեր Ադրբեջանի քաղաքացի։ Ոչ, չէր կարող լինել նման իրավիճակ։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքացիության մասին օրենսդրությունը, որ ընդունվել է 1998 թ-ին, չի տարածվել ԼՂ բնակչության վրա, այս պարագայում հարց է առաջանում, որ երկրի քաղաքացի են ԼՂ բնակչությունը, երբ թե Հայաստանի, թե Ադրբեջանի օրենսդրությունները չեն տարածվել ԼՂ բնակչության վրա։

Հարցի պատասխանը մեկն է, նրանք ԼՂ քաղաքացիներ են, որը թեկուզ եղել է չճանաչված պետություն, բայց եղել է աձանձին պետություն, իր իրավակարգով։ Հետևապես, ՀՀ քաղաքացիությունը ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակիչների վրա.,-պարզաբեց փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում