Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2014 թ. հունվարի 1-ից նախատեսվում է շրջանառությունից հանել ՀՀ-ում գործող հին անձնագրերը: Դրանք կգործեն մինչև անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը: Հունվարի 1-ից այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, կստանան կենսաչափական անձնագիր՝ ճամփորդելու համար, և նույնականացման քարտ՝ հանրապետության տարածքում օգտագործելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը նշեց, որ կենսաչափական տվյալներով նույնականմացման քարտի պետտուրքը կկազմի 3000, իսկ կենսաչափական անձնագրերինը` 25 հազար դրամ:
Ըստ նրա` նույնականացման քարտի և կենսաչափական անձնագրի տրամադրումն օրենքով նախատեսված է 15 աշխատանքային օրում, սակայն եթե քաղաքացիները ցանկանան կենսաչափական անձնագրեր ձեռք բերել մեկ աշխատանքային օրում, պետք է լրացուցիչ վճարեն 20 հազար դրամ, 2 աշխատանքային օրում ` 10 հազար, 5 աշխատանքային օրում` 5 հազար: Փաստորեն, ստացվում է, որ մեկ օրում կենսաչափական անձնագիր ձեռք բերելու համար քաղաքացին պետք է վճարի 45 հազար դրամ:
Անդրադառնալով նոր համակարգի առավելություններին` ոստիկանության գնդապետը նշեց, որ նույնականացման քարտերն իրենց չափերով ավելի փոքր են և դիմացկուն, բացի այդ` պարունակում են էլեկտրոնային կրիչ (չիպ): Նրա խոսքով` կենսաչափական անձնագրերն ավելի հեշտ են նույնականացվում անձի հետ, ավելի հեշտ են դեսպանատներում տրվում մուտքի արտոնագրեր, էջերի քանակն ավելի շատ է` 40 էջ:
«Եթե նախկինում 1000 դրամ վճարում էին բլանկի համար, 1000 դրամ` լուսանկարի և 10 հազար էլ` վավերականության, հունվարի 1-ից այլևս լուսանկար չեն բերի և դրա համար վճարի, այլ տեղում կլուսանկարվեն, իսկ բոլոր ծառայությունները կմտնեն 25 հազար վճարի մեջ»,- ասաց նա և հավելեց, որ աղքատության նպաստ ստացող ընտըանիքներին և 16 տարին լրացած անձանց, ովքեր մինչ այդ անձնագիր չեն ստացել, նույնականացման քարտերը կտրվեն անվճար:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: