Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է Տարածքային կառավարման նախարարության Ճանապարհային դեպարտամենտի նախկին պետ Գոռ Ավետիսյանի հայրը՝ Ավետիք Ավետիսյանը։ Օրերս իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գոռ Ավետիսյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ում, որից հետո կալանավորել են նրա հորը եւ ընկերության հաշվապահին։
Մեղադրանքի հիմքում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է։ Մեզ պատմեցին, որ Ավետիսյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ն ճանապարհաշինարարական բազմաթիվ տենդերներ է շահել վերջին տարիներին: Որոշ դեպքերում աշխատանքները հանձնել մեկ այլ ՍՊԸ-ի` ենթակապալառուի ու մեծ գումարներ աշխատել։ Գաղտնալսման նյութերից մեկով Ավետիսյանի հայրը ենթակապալառուին հուշում է, թե որտեղից արված ասֆալտի նմուշ վերցնեն, որ որակը լավը ցույց տա։ Գոռ Ավետիսյանի հայրը, ըստ մեղադրանքի, օգտագործելով ճանապարհային դեպարտամենտի պետ որդու հարաբերությունները ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ՝ իր ուզած գնով շահել է տենդերը, տվել է ենթակապալառուին, ենթակապալառուն էլ իր ատկատը «մուծվել» է։
Այս գործին ծանոթ անձինք ասում են, որ Գնել Սանոսյանի պաշտոնանկությունն, ամենայն հավանականությամբ, կապ ունի հենց այս գործի հետ։
Գոռ Ավետիսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանը համագյուղացիներ են՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից, ընտանիքներով ունեն ջերմ հարաբերություններ։ Գոռ Ավետիսյանի կարիերայի աճին իր նպաստն ու ներդրում է ունեցել անձամբ Գնել Սանոսյանը: Երբ հուլիսի սկզբին Գոռ Ավետիսյանը հրաժեշտ տվեց դեպարտամենտի պետի պաշտոնին, արդեն այն ժամանակ հայտնի էր, որ հաջորդը Գնել Սանոսյանն է։
«Հրապարակ»-ը կապ հասատեց Գոռ Ավետիսյանի հետ։ Մենք հայտնեցինք, որ զանգահարել ենք իր հոր գործով, ասաց` տեղյակ չէ: Այսինքն, տեղյակ չե՞ք, որ Ձեր հայրը կալանավորված է, ասաց․ «Ոչ, տեղյակ չեմ, եթե ուրիշ հարցեր չունեք...հիմա տեղս հարմար չէ»։