Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Շունը դատարկ փայտին չի հաչա: Ժողովրդական հայտնի խոսք է՝ դարերով ստուգված, ժամանակի քննությունը բռնած: Իսկ եթե փայտը մի կողմ ընկած չէ, այլ ձեռքիդ է՝ դա արդեն ուրիշ բան: Փայտը կարող է բարձրանալ ու իջնել, ցավեցնել, գլուխ ջարդել… Շունը դա հասկանում է: Չգիտեմ, զգո՞ւմ է, թե կյանքի փորձն է հուշում նրան՝ զգուշանում է, չի մոտենում, մեջքի բուրդը ցցում, ատամները կրճտացնում, հաչում, հնարավորության դեպքում հարձակվում, փորձում վախեցնել փայտով մարդուն:
Բայց ընթերցողին չձանձրացնեմ այս հայտնի իրողության շուրջ իմ մտասևեռումներով: Դա ընթերցողին պետք չէ, նրան նորություններ են պետք, նոր իրավիճակներ, եթե կուզեք՝ նոր դեմքեր ու նոր կենդանիներ: Ասում են՝ լավ մոռացված հինն էլ նոր է: Հենց այդպիսի մի բանի մասին եմ ուզում խոսել այսօր: Բայց մինչ բուն ասելիքիս անցնելը մի փոքրիկ վիճակագրություն ներկայացնեմ: ԱԺ-ի վերջին ակտիվացման օրերին ՔՊ-ական 70 հոգանոց «գվարդիայից» մոտ 35 ելույթ է հնչել, որոնց մեծամասնությունը (30-ը) եղել է հակադաշնակցական բնույթի: Որպես դաշնակցական ես ինձ մի պարզ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ: Ի՞նչ է, ձեզ հայհոյող չկա՜, ձեր լավը չուզող չկա՜, ձեզ վերացնելու ցանկություն հայտնող չկա՜, ձեզ անիծող չկա՜… Դաշնակցությունը ոչ ձեզ հայհոյում է, ոչ անիծում է, ոչ էլ, առավել ևս, ուզում է ձեզ վերացնել՝ ինչո՞ւ եք հենց Դաշնակցությանը կպել: Ու հենց այստեղ է որ ակամա հիշում ես դատարկ փայտի ու շան պատմությունը: Գուցե Դաշնակցության ձեռքի «մահա՞կն» է պատճառը: Մտածում են՝ քրֆողը քրֆեց, գնաց, անիծողը անիծեց՝ մոռացավ, սպառնացողը սպառնաց ու վերջ, բայց, ահա, գաղափարական մահակը ցավեցնում է, միշտ կախված է օդում, միշտ պատրաստ է քեզնից ու քո չեղած գաղափարներից Քյավառի քյուֆթա սարքել:
Այդ օրերին լսեցինք նաև Հայաստան խմբակցության՝ հիմնականում դաշնակցական պատգամավորների ելույթները՝ Արծվիկ Մինասյան, Արթուր Խաչատրյան, Լիլիթ Գալստյան, Գեղամ Մանուկյան, Քրիստինե Վարդանյան, Գառնիկ Դանիելյան: Է՞լ ինչ պետք է ասեին, որ ՔՊ-ն ամաչեր իր գաղափարազուրկ վիճակից, իր առաջնորդի կողմից հրապարակ նետված «ազգային» հիմարություններից, իրենց ձեռքով արարված ու որպես իրենց մտածողության հետևանք այս իրավիճակից: Բայց ոչ, ելան ՔՊ-ականներն ու ընդդիմադիր պատգամավորների նշած հարցերից խոսելու փոխարեն սկսեցին խոսել Դաշնակցությունից: Ինչո՞ւ: Պատասխանն ակներևէ, և ես այդ մասին վերևում ասացի: Այդ մարդիկ ողնուղեղով են զգում իրենց խղճուկ գոյության և Դաշնակցության գաղափարների անհամատեղելիությունը:
Մի կողմ թողնեմ ստերի այն տարափը, որ նրանք հնչեցնում էին ամբիոնից ու տեղից, Նիկոլի ներկայությամբ ու Նիկոլի բացակայությամբ, մեկը՝ խրոխտ, մեկը՝ վախեցած, մեկը՝ աչքի ընկնելու, մյուսը նկարվելու ցանկությամբ: Եվ իրենք գիտեին, որ ստում են, որ Դաշնակցությանը վերագրում են բաներ, որոնք ուղղակի հարիր չեն այդ քաղաքական ուժին… Բայց ի՞նչ անեին, եթե «ֆաս» հրամանն արդեն տրվել էր: Արդեն որերորդ անգամ հասան ընդհուպ ՀՅԴ շրջաբերականների բովանդակությանը, որից գաղափար անգամ չունեն:
Գաղափարը դեռ ոչինչ: Սրանք, ախր, հիշողություն էլ չունեն, որովհետև երիտասարդ են ու հին աշխարհը, ինչպես Շիրազը կասեր, չեն տեսել: Հապա ասեք՝ Ռուբեն Ռուբինյան: Նրա մասին, իր հորից բացի, ո՞վ որևէ բան գիտեր մինչև 2018թ. խեղկատակությունը: Վեր է կացել, ականատեսի կեցվածքով խոսում է հոկտեմբերի 27-ի մասին: Այո, առարկություն չընդունող տոնով, ասես Նաիրի Հունանյանը մի հատ էլ իր հետ է խորհրդակցել ԱԺ դահլիճ մտնելուց առաջ: Ասում է. «ՀՅԴ-ն բողոքում է՝ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որպեսզի հաջորդ մահափորձն ավելի հեշտ անի»: Մալադեց, մտար Նիկոլի աչքը: Իսկ հետո՞: Իսկ հետո այն, որ թուրքերի հետ նստող վեր կացող և իբր բանակցող անգաղափար հայը միշտ էլ կարող է թուրքական նարատիվներ բարբաջել ու տառապել հակադաշնակցականությամբ: Սա նորություն չէ, նորություն չէ հատկապես Դաշնակցության համար: Մարդ ապշում է՝ որտեղի՞ց այս փոքրիկ տղայի մեջ այսքան թուրքիզմ ու նեոբոլշևիզմ: Ֆրակցիայումդ, ախր, Անդրանիկ Քոչարյան ունես, Հովիկ Աղազարյան ունես, Երևանի քաղաքապետարանում Վազգենի եղբայր Արամ Սարգսյան ունես, Դաշնակցության հետ լավ թե վատ հարաբերված հայր ունես: Մի հատ հարցնեիր, հետո ելույթ ունենայիր, չէր լինի՞: Երբ ասում եմ՝ անգաղափար մեռնում եք, ու միայն Դաշնակցության մահակից եք վախենում, նաև սրա համար եմ ասում:
Էդիկ Անդրեասյան