կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 17:17
Մշակույթ

Փողերի շրջապտույտ` մշակույթի ոլորտում. 17 մլն եվրոյի ներդրում և 35 մլն դրամի «վնաս»

Փողերի շրջապտույտ` մշակույթի ոլորտում. 17 մլն եվրոյի ներդրում և 35 մլն դրամի «վնաս»

Դեռևս 2012-ին ՀՀ մշակույթի նախարարությունը միջազգային մի շարք ընկերությունների հետ կնքեց պայմանագրեր մեր մշակութային կենտրոնների վերանորոգման և վերազինման համար: Մասնավորապես` ՀՀ մշակույթի նախարարության և Կոնսորցիումի անդամ «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդիենսիսթեմս ՋիէմբիԷյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» և «Արթսթեք» ընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ պետք է վերանորոգվեին և վերազինվեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, «Արամ Խաչատրյան» համերգասրահն ու Գ. Սունդուկյանի անվան թատրոնը:

Հիշեցնենք միայն, որ 2014-ին yerkir.am-ը փորձել էր ճշտել, թե ինչո՞ւ է նախարարությունը համագործակցում հատկապես այդ ընկերությունների հետ, և մեր հարցին ի պատասխան` հայտնել էին, որ ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիում»-ի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշակութային օբյեկտների վերազինման ծրագրերը ֆինանսավորվում են Ավստրիայի կառավարության կողմից` բանակցությունների արդյունքում արտոնյալ պայմաններով (0% տոկոսադրույքով) հատկացվող վարկային միջոցների հաշվին: «Վարկային միջոցների տրամադրման պայման է հանդիսանում այն հանգամանքը, որ հատկացվող ֆինանսական միջոցների առնվազն 70%-ը պետք է իրացվի ավստրիական ընկերությունների միջոցով՝ ավստրիական ծագման ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու նպատակով»,- ասվում էր պատասխանում:

Yerkir.am-ն այս օրերին էլ գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարություն` տեղեկանալու` ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս ընթացքում, որքա՞ն գումար է տրամադրվել մշակութային կենտրոններից յուրաքանչյուրին:

Ի պատասխան` նախարարությունից տեղեկացնում են, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» ընկերության կողմից իրականացվել են բեմական մեխանիզմների ամ­բողջական վերազինման, բեմի շարժական մասի և բեմահարթակի հիմնա­նո­րո­գման, մալուխ­նե­րի, լուսային սարքավորումների և դրանց համար անհրաժեշտ պարագաների փո­խա­­րինման, ձայնային համակարգի ամբողջական արդիականացման և այլ աշխա­տանք­ներ:

«Փոխվել է դեկորացիոն շարժաձողերի, ծխահեռացման, լուսային սուֆիտների, բեմական հարթակների, դեկորացիոն սեյֆերի և  նվագախմբի հարթակի շարժական մեխանիզմները, հիմնա­նո­րո­գվել են բեմի շարժական մասը, բեմահարթակը, կալասնիկային հարթակը, արդիականցվել է դրանց ղեկավարման համակարգերը, փոխարինվել է հակահրդեհային, կողային և հիմնական վարագույրները: «Զալցբրեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդիենսիսթեմս ՋիէմբիԷյջ» ընկերության կողմից իրականացվել են բեմի կառավարման, շոու հեռարձակման, վիդեո համակարգերի, ձայնի ուժեղացման և այլ ձայնային սարքավորումների արդիականացում: «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» ընկերության կողմից իրականացվել են՝ սենսորային մոդուլների, պրոցեսորի,  օդի հոսքի մոդուլի, Unison միացման հանգուցային կայանի, շարժական սենսորային կայանի, տարբեր տեսակի լուսային ոսպնյակների տեղադրման, լուսատուների անվտանգության սարքերի, տարբեր տեսակի սնուցման մալուխների և ժամանակակից լուսատուների տեղադրում»,- տեղեկացնում են նախարարությունից:

Ի դեպ, վերազինման ծրագիրը ֆինանսավորվել է ավստրիական կառավարության կողմից տրամադրված 8 մլն եվրո անտոկոս վարկի միջոցով: 

Ինչ վերաբերում է «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինմանը, ապա այնտեղ էլ  իրականացվել են բեմական մեխանիզմների, լուսաձայնային համակարգերի, բեմական ծածկույթի և մանրահատակի փոխարինման աշխատանքներ և այլն: Բացի այդ` նվագախմբի համար ձեռք են բերվել աթոռներ, նոտաների ստենդներ և այլ պարագաներ: «Մատակարարվել են հարթակներ՝  նվագախմբի, երգչախմբի, լարային գործիքի և դիրիժորի համար, պրոեյկցիոն էկրան, նվագախմբի աթոռներ, լուսամփոփներ, գործիքների տեղափոխման և պահպանման սայլակներ, պարային ծածկույթ, դաշնամուրի տեղափոխման հոլովակներ, նաև մատակարարվել է երկու տեսակի վարագույրներ և այլն: Ամբողջությամբ նորացվել է բեմահարթակը, ամֆիթատրոնը՝ կաղնե մանրահատակով և պաշտպանիչ ծածկով: Սարքավորումները ղեկավարվում են մեկ շարժական վահանակից: Վերանորոգվել է 250 քմ. վերին աշխատանքային հարթակը, ապահովելով անվտանգության և հակահրդեհային կանոնները: Ծրագրի շրջանակում իրականացվել է լուսային տեխնիկայի նոր համակարգի տեղադրում, ներառյալ նոր սերնդի ղեկավարման վահանակի, սենսորային  էկրանների, լուսատուների, նոր մալուխային ցանցի և այլն»,- ասվում է պատասխանում: 

Համերգասրահի վերազինման համար տրամադրվել է 2 մլն եվրո:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքներն ընթացքի մեջ են. փոփոխվել են բեմա­կան մեխանիզմները, հեռարձակման համար կատարվել են լարանցման աշ­խա­տանքներ, տեղադրվել են լուսաձայնային մեխանիզմներ, իրականացվել են մանրահատակի փոխարինման աշխատանքներ:

«Բեմական մեխանիզացիայի մասով ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմանական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը: Ներմուծվելու են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը: Փոխվելու է բեմի տախտակամածը, հանդիսատեսի աթոռները և այլն: Ներկայում կատարվում են բեմի շարժական մասի և բեմահարթակի հիմնա­նո­րո­գման նախապատրաստական աշխատանքներ: Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվելու են ղեկավարման  վահանակը, դիմերային և ցանցային համակարգը,  մալուխային ցանցը: Ձայնային սարքավորումների մասով ներդրվելու են բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման,  ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգերը՝ տարբեր սարքավորումներով, ականջակալ, խոսաձողներ և միկրոֆոններ, բարձրախոսեր, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ և այլն»,- տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Թատրոնին տրամադրվել է 7 մլն եվրո:

Ի դեպ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ներկրված ապրանքների ուշ մաքսազերծման պատճառով մշակույթի նախարարությունը պետբյուջեին 35 մլն 319 հազար դրամի վնաս է պատճառել:  Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մատա­կա­ր­արների կողմից ներկրված ապրանքների հաշիվ-ապրանքա­­գրերը կազմված են եղել մեխանիկական սխալներով, ինչը ճշտված ներկայացնելու համար պահանջվել է որոշակի ժամանակ: Սակայն ներկրված ապրանքների ուշ մաքսազերծման պատճառով պետբյուջեին վնաս չի պատճառվել. մաքսային վճարների, տույժերի և տուգանքների դիմաց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված գումարն ամբողջու­թյամբ մուծվել է պետական բյուջե:

Ինչ վերաբերում է «Վագներ Բիրո Ստերջ Սիստեմս» ընկերության հետ համագործակցությունը շարունակելուն, ապա նախարարության ենթակայությամբ գործող մյուս թատրոններում վերազինման աշխատանքներ իրականացնելու նպատակով ընթանում են բանակցություն­ներ:

 

Կ. Հ.