Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի նախաձեռնութեամբ, 2024 թ. իրականցուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար» հետազօտութիւններու մրցանքը, որուն մասնակցեցան մի քանի տասնեակ ուսանողներ աշխարհի տարբեր երկիրներէ: Ծրագրին հիմնական նպատակն է մէկտեղել հայ ուսանողութեան կարողութիւնը՝ քաղաքական, տնտեսական, ընկերաբանական, իրաւագիտական, մշակոյթի եւ հետաքննողական լրագրութեան բնագաւառներու մէջ, հմուտ խորհրդատուներու հետ համագործակցիլ եւ արդիւնքները տրամադրելի դարձնել հայանպաստ գործունէութիւն ծաւալող ազդեցիկ հիմնարկներու՝ արդիւնաւէտ օգտագործման համար:
Կը ներկայացնենք մրցանքին գնահատանքի արժանացած ուսանող՝ Տաթեւիկ Ն. Դաւթեանի (ՀՀ) հետազօտութեան ամփոփագիրը, նիւթ՝ «Արցախից բռնի տեղահանութեան ազդեցութիւնը Արցախի երեխաների իրաւունքների վրայ», խորհրդատու՝ Գեղամ Ստեփանեան, Արցախի Հանրապետութեան Մարդու Իրաւունքներու Պաշտպան:
Ռազմական գործողութիւններին չմասնակցող երեխաների իրաւունքները զինուած հակամարտութեան կամ ռազմական իրավիճակում երաշխաւորուած են «Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանութեան մասին» 1949 թ. Ժնեւի կոնուենցիայով, ինչպէս նաեւ 1977 թուականի Յունիսի 8-ի թիւ 1 լրացուցիչ արձանագրութեամբ։
2022 թուականի Դեկտեմբերի 12-ին սկսուած եւ շուրջ 9 ամիս տեւող շրջափակմանը յաջորդեց 2023 թուականի Սեպտեմբերի 19-ին Ազրպէյճանի լայնածաւալ յարձակումը Արցախի Հանրապետութեան դէմ՝ աւելի տեսանելի դարձնելով Ազրպէյճանի յանցաւոր նկրտումների վերաբերեալ կանխատեսումները։ Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակչութիւնը գտնւում էր հրետակոծութեան տակ, ըստ ԶԼՄ հետազօտութիւնների եւ ականատեսների Ազրպէյճանի ԶՈՒ-ն կիրառել է հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր։
Արցախում բնակուող շուրջ 30,000 երեխաների իրաւունքներ խախտուած են եղել ինչպէս շրջափակման ընթացքում, այնպէս էլ ռազմական գործողութիւնների սկսման եւ դրան յաջորդող՝ իրադարձութիւնների ընթացքում։
Դէպքերի իրադարձութիւնները յստակ ուսումնասիրելով կարող ենք եզրակացնել, որ Պաքուի կողմից նախապէս մտածուած է եղել Արցախի Հանրապետութեան դէմ ռազմական գործողութիւնների սկսման ժամը՝ այն սկսուել է ցերեկը՝ կէսօրից յետոյ՝ երբ երեխաներն ու ուսանողները դասի են եղել։ Շարունակուող ռմբակոծութիւնները խաղաղ բնակչութեան նկատմամբ միտուած են եղել մեծացնելու խուճապը՝ երեխաների եւ ծնողների միջեւ կապի հաստատումն անհնար դարձնելով։
Ազրպէյճանի կողմից ռազմական գործողութիւնների հետեւանքով կան երեխաների սպանութեան արձանագրուած դէպքեր, բազմաթիւ երեխաներ մնացել էին առանց հարազատների եւ առանց տարհանման հնարաւորութեան։ Արցախում մարդիկ յուսահատ փորձում էին գտնել իրենց երեխաներին, որոնց հետ կապն ընդհատուել էր։ Սեպտեմբերի 20-ի դրութեամբ վիրաւոր երեխաների թիւը եղել է 13։
Արցախի Սառնաղբիւր գիւղում զոհուել է 5 խաղաղ բնակիչ, որոնցից 3-ը երեխաներ են եղել, որոնք սպաննուել են դպրոցում։ Որոշ դիտարկումների ընթացքում պարզ է դառնում, որ երեխաները բախուել են սննդի սահմանափակումների, սանիտարական պայմանների եւ առողջապահական խնամքի անհասանելիութեան՝ ինչպէս օրինակ, ռազմական գործողութեան ընթացքում երկու երեխայ ծնուել է նկուղում, իսկ յատկապէս Արցախի սահմանամերձ գիւղերից տարհանուած երեխաները, ովքեր ռազմական գործողութեան աւարտից յետոյ չէին կարող վերադառնալ իրենց տները եւ ստիպուած ապաստան էին գտել Ստեփանակերտի օդանաւակայանում՝ գիշերում էին դրսում, առանց սնունդի, հագուստի, հիգիենայի պարագաների։
Ազրպէյճանի ռազմատենչ գործողութիւնների հետեւանքով խախտուել է երեխաների՝ մայրենի լեզուով խօսելու, իրենց մշակոյթն ու կրօնը պահպանելու իրաւունքը։ Արցախի բնակչութեանը բռնի հպատակեցման Ազրպէյճանի նպատակներից մէկն այն էր, որ բնակչութիւնն այլեւս ինտեգրուի Ազրպէյճանին եւ դառնայ Ազրպէյճանի քաղաքացի՝ կորցնելով իր մայրենի լեզուն, կրօնն ու մշակոյթը։
Բռնի տեղահանման պարագայում, ցաւօք, մասամբ եւս բախւում ենք այս իրաւունքի խախտման դրսեւորումներին, քանի որ ՀՀ-ում Արցախից բռնի տեղահանուածների տեղաբաշխումը չի իրականացւում ըստ համայնքային բաժանման, երեխաները կորցնում են իրենց Արցախեան մշակութային առանձնայատութիւնների պահպանման ու արցախեան բարբառով խօսելու հնարաւորութիւնը։
Արցախում 2023 թուականի սեպտեմբերեան ռազմական գործողութիւնների եւ բռնի տեղահանման ընթացքում խախտուել է 30 հազարից աւելի երեխաների կրթութեան իրաւունք, որոնցից շուրջ 21 հազարը՝ դպրոցահասակ։ Արցախից բռնի տեղահանուած երեխաները ռազմական գործողութիւնների եւ բռնի տեղահանման կազմակերպման ողջ ընթացքում զրկուած են եղել կրթութեան իրաւունքի իրացումից։ Այս պահին էլ Արցախից բռնի տեղահանուած դպրոցահասակ 21 հազար երեխաներից ՀՀ մարզերի եւ Երեւանի դպրոցներում ընդգրկուել է դեռ 17 հազարը։
Շուրջ 30,000 երեխաներ ինչպէս շրջափակման ընթացքում, այնպէս էլ ռազմական գործողութիւնների եւ բռնի տեղահանման ընթացքում ենթարկուել է հոգեբանական եւ ֆիզիկական բռնութեան, ու վախի:
Երեխաների կեանքին առնչուող գրեթէ բոլոր ոլորտներում Ազրպէյճանի կողմից իրականացուած բռնի տեղահանումը իր ազդեցութիւնն է ունեցել. երեխաները սպաննուել են, վիրաւորուել, հարկադրուած են եղել լքել իրենց տներն ու հայրենիքը, զրկուել կրթութիւնից եւ անվտանգ ու ապահով միջավայրով պայմանաւորուած բոլոր առաւելութիւններից։ Շատերը կորցրել են իրենց հայրերին ու եղբայրներին, որոշ դէպքերում նաեւ մայրերին կամ պապիկներին, ովքեր որպէս քաղաքացիական անձինք սպաննուել են Ազրպէյճանի ԶՈՒ անձնակազմի կողմից։
Տասնեակ զոհերի հարազատներ չէին կարողանում յուղարկաւորել իրենց հարազատներին՝ ոմանք հարազատների մարմիններն իրենց հետ տեղափոխել են ՀՀ, որպէսզի ատրպէյճանական զինուած ստորաբաժանումները չպղծեն իրենց հարազատների շիրիմները, ինչպէս արուել է դա 2020 թուականից յետոյ Արցախի Հանրապետութեան օկուպացուած շրջանների դէպքում։ Սա եւս հոգեբանական մեծ սթրես է եղել երեխաների համար, սակայն որոշ դէպքերում հարազատները յուղարկաւորել են իրենց հարազատների մարմինները չիմանալով, որ գիւղը ժամեր անց պիտի յանձնուի թշնամուն, ուստի այսօրինակ դէպքում երեխաները բախուել են մէկ այլ իրաւունքի խախտման եւ հոգեբանական սթրեսի՝ այլեւս իրենց հարազատների շիրիմներին այցելելու անհնարինութեան։
Արցախից բռնի տեղահանման հետևանքով ընտանիքները կորցրել են ամէն ինչ, եւ յայտնուել եկամտի աղբիւրի բացակայութեան առջեւ, ինչը իր բացասական ազդեցութիւնն է ունենում երեխաների եւ նրանց ընտանիքների բարեկեցութեան վրա։
Պատերազմը, բռնի տեղահանումը կործանարար ազդեցութիւն են թողնում նաեւ երեխաների հոգեկան առողջութեան եւ բարեկեցութեան վրայ։ Շուրջ 30,000 երեխայ գտնւում է դէպրեսիայի, տագնապի եւ հոգեկան առողջութեան այլ խնդիրների վտանգի ներքո՝ հնարաւոր երկարաժամկէտ հետեւանքներով եւ ազդեցութեամբ։
Չնայած ներկայում Արցախի Հանրապետութիւնում ստեղծուած իրավիճակը բաւարար չէ անվտանգ վերադարձի համար, սակայն միջազգային իրաւունքի մեխանիզմները թոյլ են տալիս Արցախի Հանրապետութեան՝ իրենց տները լքած բնակիչներին իրացնելու իրենց բնակավայր վերադառնալու իրաւունքը։ Արցախի Հանրապետութեան բնակիչներն ունեն ներքին ինքնորոշման իրաւունք եւ համաձայն Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի՝ «Առանց արտաքին միջամտութեան ազատ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը»։
Տաթեւիկ Դաւթեան