Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 413.31 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 498.96 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` 2011-2015 թթ., տեղի ունեցան Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, բարեկարգվեցին Ծիծեռնակաբերդի ճեմուղին և հարակից տարածքը, հիմնանորոգվեց թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքը, կառուցվեց վարչական մասը՝ գրադարանը, գիտաժողովների սրահը, պահոցները և այլն:
Այդուհանդերձ, վերջերս մամուլում լուր տարածվեց, որ մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, և պետության կողմից հատկացվում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։ Փաշինյանի «խաղաղության», հայ-թուրքական հաշտեցման, ջերմացման և «քիրվայության» դարաշրջանում, որտեղ ամեն բան ձևախեղվում է և հերթով Ադրբեջանի ցանկություններն է կատարվում, նշված հաղորդագրությունը բազմաթիվ հարցերի ու կասկածների տեղիք է տալիս։ Պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման և փոխատուցման քաղաքականությունը ամբողջովին վերախմբագրելուց հետո, հնարավոր է նաև, որ կատարվում են Թուքիայի հերթական պահանջները՝ վերանորոգման քողի տակ առայժմ՝ ժամանակավորապես, հետագայում՝ մշտապես, փակել և մոռացության տալ հուշահամալիրը։
Նշված մտահոգությունների և հարցերի մասին զրուցեցինք ցեղասպանագետ, պատմաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սուրեն Մանուկյանի հետ, ով նախկինում հանդիսացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:
- Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարիք կար նորոգման, քանի որ մի քանի տարի առաջ էր համալիրը նորոգվել, կառուցվել թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքը։
- Հիմնանորոգման աշխատանքների կարիք միանշանակ կա, պատերի խոնավությունը, սյուների վիճակը, ջրերն ամբողջությամբ լցվում են տարածք, նման պայմաններում աշխատելը պարզապես անհնար է, չգիտեմ էդ ինչպես են վերանորոգել մի քանի տարի առաջ, որ հիմա էս վիճակում է։ Այս թեման ինձ նյարդայնացնում է, դրսից խոսելը շատ հեշտ է, որ ուսումասիրվի տարածքը կտեսնեն, որ իսկապես կարիք կա։
- Արդյո՞ք նորոգման քողի տակ թանգարան-ինստիտուտի երկարատև կամ մշտական փակման թաքնված նպատակ չկա, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը շարունակում է կատարել Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։
- Իմ կյանքի 10-ից ավելի տարիներ այստեղ եմ աշխատել, և, եթե ինչ-որ խնդիր լիներ, առաջինը ես կմտածեի դրա մասին։ Ես սրտացավ եմ ավելի, քան դրսից մտահոգվող ցանկացած ոք. խնդիրը թանգարանում չէ հաստատ, կառավարության շենքում կարող եք փնտրել։
- Արդյո՞ք նորոգման միջոցով չի ձևախեղվի թանգարանի ցուցադրության հայեցակարգը։ Հարցը կրկին նույն մտավախությունից է ծնվել:
- Հայեցակարգը փոխվում է ժամանակ առ ժամանակ, որոևհետև այն քարացած չի, այլ զարգանում է։ 1995 թ․, երբ ընդունվել է, դրանից հետո 3 անգամ փոխվել է,100-րդ տարելիցին ևս փոխվել էր, որովհետև նոր բաներ են հայտնաբերվում, նկարների աղբյուրներ են ճշտվում, դա մշտապես պետք է փոխվի, թանգարանը չի կարող մնալ նույնը, ինչ-որ եղել է։ Կյանքը առաջ է գնում, նոր տեխնոլոգիական լուծումներ են ի հայտ գալիս, բնականաբար, պետք է ավելի ժամանակակից դառնա և մրցակցային լինի, տուրիստներ են գալիս, պետք է մտնեն տեսնեն, որ սա զարգացող օրգանիզմ է, ոչ թէ մնացել է 10 տարի առաջվա մոտեցումներով, իսկ պատմությունը չի կարող փոխվել, դա մեկն է։ Ամեն տարի նորմալ ասֆալտը քանդում նորն են անում, իսկ պատմական թանգարանը նոր տեսքի բերելը, չգիտես ինչու, հուզում է առաջացնում։
- Հնարավո՞ր է աշխատանքները երկար տևեն, և ինչ-որ ժամանակով, ներառյալ Ապրիլի 24-ին, փակ լինի հուշահամալիրը։
- Հիմա սկսելու են արտաքին հուշահամալիրի վերանորգման և ջրագծերի փոփոխման աշխատանքները, դա կավարտվի միչև ապրիլի 24-ը, իսկ դրանից հետո նոր միայն կսկսվի շենքի վերանորոգումը, որը լինելու է մասնակի։ Համալիրը ոչ մի որ փակ չի լինելու, մշտապես աշխատելու է։
Ալիսա Աղասյան