Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել, որով հայտնում է , որ խուսափում են փոխել 2015 թ. ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշված «#Հիշում_եմ_և_պահանջում» կարգախոսը։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․
«Հարգելի հայրենակիցներ,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ» դիմումում հստակ նշված է. «Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է»։ Դրանից մի քանի օր անց հրապարակված ՀՑԹԻ-ի արձագանքի մեջ շեշտված է, որ «100-ամյակին ընդունված Հռչակագիրն ու «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը մեր ինքնության, պատմության, պայքարի անքակտելի մասն են»: Եվս երկու օր անց ՀՑԹԻ-ի պարզաբանման մեջ գրված է, որ հանրությանը ներկայացված առաջարկում. «Որևիցե քաղաքական նպատակ չի հետապնդվել…։ Պահանջատիրությունը ինչպես կար, այնպես էլ շարունակում է ու կշարունակի մնալ մեր բոլորիս պայքարի առանցքում, քանի որ այն մեր ինքնության անքակտելի մասն է կազմում»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջարկի մեջ՝ դիմատետրում օգտատերերի լուսանկարի փոփոխված տարբերակում հուշային շրջանակի վրա գրել «Հիշում եմ» բառակապակցությունը՝ հանրության որոշ շրջանակների մեջ թյուր տպավորություն ստեղծեց քաղաքական գծի փոփոխության մասին, մենք որոշեցինք խուսափել հնարավոր շահարկումներից, փարատել մեր հայրենակիցների անհանգստությունները և փոխել հուշային շրջանակի գրությունը՝ որպես ձևակերպում օգտագործելով 2015 թ. ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշված «#Հիշում_եմ_և_պահանջում» կարգախոսը:
Մեր հիմնական առաջարկն ու խնդրանքը մեր հայրենակիցներին շարունակում է մնալ նույնը՝ կիսվել Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների լուսանկարներով ու պատմություններով դիմատետրի էջերում»։
Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին՝ հորդորելով ապրիլի 24-ին «ֆեյսբուք»-ում իրենց լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա կամ նրանց մասին։
«Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝ ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ», - ասված է կոչ-հաղորդագրության մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այս քայլը, այն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդունված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի աղավաղումը, այդ կարգախոսից «պահանջում»-ի կրճատումը բուռն քննադատության արժանացավ հանրության շրջանում՝ որակվելով որպես հետքայլ և պահանջատիրությունից հրաժարում։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նշված քայլը դատապարտել էր նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։