Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Անվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը՝ կապ տեսնելով 1915 թ.-ի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության և 1932-1933 թ.-ին Խորհրդային միության կողմից Ստալինի օրոք Ուկրաինացիներին սովին մատնելու հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիտնականը գրում է, որ այս օրինակները սերտորեն կապված են Լեռնային Ղարաբաղ-Արցախում տիրող իրավիճակի հետ, որը համապատասխանում է լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության մասին կոնվենցիային. Շարքային քաղաքացիները թիրախավորվում են, ինչի միակ նպատակը նրանց ոչնչացումը կամ արտաքսումն է:
Ռոդզանտն ընդգծում է, որ, «Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում, այդ թվում վարչապետ Ռյուտեի և շատ այլ եվրոպացի առաջնորդների կողմից, ովքեր գազի մատակարարումն ավելի կարևոր են համարում, քան մարդու իրավունքները»: Ռոդզանտը գտնում է, որ բոլոր քաղաքական գործիչներն ովքեր բացառիկ սկզբունքային են Ուկրաինայի հարցում, պետք է հասկանան տիրող իրավիճակը։
«Վաղուց ժամանակն է, որ Նիդերլանդները և Արևմուտքի մնացած երկրները ակտիվորեն աջակցեն Լեռնային Ղարաբաղ-Արցախում բնակվող հայերին՝ ընդօրինակելով այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Amnesty International-ն ու The Lemkin Institute for Genocide Prevention-ը, որոնք դատապարտում են շրջափակումը և տեսնում են նախագահ Ալիևի ծրագրերը... Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել մեր նորմերն ու արժեքները Ուկրաինայում, ապա պետք է ուշադրություն դարձնենք նաև անկլավում գտնվող հայերի ճակատագրին։ Գիտակցումն առկա է, մնում է՝ խիղճը»,-ասված է հոդվածում: