Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ հիմնադրամի հավաքածուն բոլորովին վերջերս համալրվել է թանգարանային բացառիկ արժեքներկայացնող նորահայտ միավորներով, որոնք մեզ նվիրաբերել է հունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն:
Նվիրաբերված իրերը (լուսանկարներ, անձնական գրքեր և իրեր) վերաբերում են դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդին (Mary Anna Østergaard), ով 1927 թվականից գործունեություն է ծավալել Հունաստանում՝ մեծապես նպաստելով Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստանած հայ գաղթականների տեղավորմանը և խնամքի կազմակերպմանը։
Օսմանյան կայսրությունից Հունաստան գնացած հայ գաղթականների ճշգրիտ թիվը դժվար է ասել, նախ՝ վիճակագրական տվյալների բացակայության և երկրորդ՝ գաղթականության անընդհատ շարժի պատճառով:
Գաղթականների մեջ մեծ թիվ են կազմել որբերը: Ըստ Պետրոս Կոկինոսի «Հունահայ գաղութի պատմությունից» գրքի՝ Հունաստանում գտնվել են 17520 որբեր՝ տեղաբաշխված հետևյալ որբանոցներում՝ Ետոպոսի որբանոցում 7500 հոգի, Լուտրաքիայում՝ 3300, Կորֆուում՝ 2720, Օրոպոսում՝ 2000, Զափիոնում՝ 2000: Հետագայում այդ թիվը աճել է և հասել 20000-ի:
Մ. Ա. Օստերգարդի մասին, ցավոք, տվյալներ շատ չկան: Հայտնի է, որ ծնվել է 1897 թվականին Դանիայում: 1927 թվականից հաստատվել է Աթենքում: Եղել է դանիական խնամատարական կենտրոնի տնօրենը, որը գործել է մինչև 1961 թվականը: Մերի Աննա Օստերգարդը կենտրոնի փակվելուց հետո էլ շարունակել է իր առաքելությունը Հունաստանում:
Նրա ջանքերով Աթենքում հիմնվել է «Քրիստոնեական խնամքի կենտրոն», որտեղ իզմիրցի Սրբուհի Հովսեփյանի և հույն Էվդիքեա Հիոնիդուի հետ միասին զբաղվել է հիվանդների և ծերունիների խնամքով:
Արդեն պատկառելի տարիքում, հարազատների հորդորով 1987 թվականին հետ է վերադարձել Դանիա, որտեղ էլ մի քանի տարի անց կնքել է իր մահկանացուն: Փայլուն տիրապետել է հայերենին:
Ծավալած գործունության համար 1955 թվականին արժանացել է դանիական թագավորական շքանշանի, եղել է «Դանիացի քույրերի միության» անդամ (դանիերեն՝ Dansk Sygeplejeråd (DSR), անգլերեն համարժեքը՝ Danish Nurses’ Organization (DNO), հիմնադրվել է 1899 թ. Կոպենհագենում և գործում է ցայսօր):
Նվիրաբերված հավաքածուում տեղ են գտել նաև Մ. Ա. Օստերգարդին մեծապես օժանդակած Սրբուհի Հովսեփյանին և Էվդիքեա Հիոնիդուին վերաբերող նյութեր:
Նվիրատու Սարգիս Քեշիշօղլուն անձամբ ճանաչել է Մերի Աննա Օստերգարդին, Սրբուհի Հովսեփյանին և Էվդիքեա Հիոնիդուին, նրանց հետ գործակցել է սկսած 70-ական թթ. վերջերից:
Ցանկացած նվիրատվություն, որ կարող է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման համար բացել նոր էջեր, չափազանց կարևոր է: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը երախտապարտ է նման կարևոր արխիվային նյութերի նվիրատվության համար, դրանք կուսումնասիրվեն և իրենց արժանի տեղը կգտնեն և մշտական, և ժամանակավոր ցուցադրությունների մեջ, ինչպես նաև հանրայնացվելով՝ կանմահանան:
http://www.genocide-museum.am/arm/12.02.2019-%C3%98stergaard.php