Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Երեկ` դեկտեմբերի 29-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Բաքվից Երևան է վերադարձել 5 հայ ռազմագերի: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հայ ռազմագերիները վերադարձել են Հունգարիայի միջնորդությամբ` մի պետության, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերությունները խզել էր դեռևս 2012 թ. օգոստոսի 31-ին: Հայ-հունգարական հարաբերությունների սառեցման պատճառ էր դարձել հունգարական կառավարության ապօրինի ու անբարոյական որոշումը՝ առանց որևէ դատական վճռի Ադրբեջանին հանձնել 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որը, հասնելով Բաքու, անմիջապես ազատ արձակվեց և դարձավ այս պետության ազգային հերոսը: Այսօր էլ հայտնի դարձավ, որ Հունգարիան Հայաստանին «մարդասիրական օգնություն» է ուղարկել` «ԱստրաԶենեկա»-ի 100 հազար դեղաչափ:
Թե ինչ նպատակ են հետապնդում Հունգարիայի (ինչպես նաև ՀՀ-ի) քայլերը` ակներև է. քանզի մեր երկու թշնամիների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները «կարգավորվում են» (ի հաշիվ Հայաստանի և Արցախի տարածքների և ինքնիշխանության), չնայած դեռևս շատ կարճ ժամանակ է անցել Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմից, ու հետայսու ամիսներ առաջվա մեր թշնամիները դառնում են արդեն «բարեկամ», Հայաստանը հրաժարվում է Արցախից ու Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, Հունգարիայի հետ հարաբերությունները սառեցված պահելու այլևս ոչ մի պատճառ չկա։
Հայաստանում, ցավոք, հայտնվեցին մարդիկ, որոնց ոչ միայն ուրախացրեց թյուրքական երկրների դաշնակից, Թյուրքական խորհրդում դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիայի «բարի կամքի դրսևորումը», այլևս սկսեցին արդարացնել Հունգարիայի կողմից 9 տարի առաջ Սաֆարովի արտահանձնումը Բաքվին:
Այսպես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նաիրա Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մինչ Հունգարիային ցեխը գցելը, այնուամենայնիվ կարելի է հարց տալ, թե արդյոք Հունգարիան կարո՞ղ էր չհանձնել Սաֆարովին ու նաև հաշվի առնելով, որ Հունգարիան ոչ Գերմանիա է, ոչ Ամերիկա, ու ոչ էլ Չինաստան, որ հազարավոր ույգուրների համակենտրոնացման ճամբարներում պահի ու ոչ ոք դրա մասին չխոսի։ Կամ ո՞րը կլիներ Հունգարիայի շահը, այո հենց Հունգարիայի, ոչ թե մեր»:
Սահակյանը փաստացի արդարացնում է Հունգարիային՝ ընդգծելով, որ այս երկիրը ոչ մի շահ չի ունեցել Ադրբեջանին վերոնշյալ մարդասպանին արտահանձնելու հարցում:
Գրառման տակ օգտատերերն իրենց անհամաձայնությունն են հայտնել Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու` Սահակյանի կարծիքի հետ: Նրանցից մեկը, ի պատասխան նշել է, որ Ադրբեջանին Սաֆարովի վերադարձը արժեցել է մոտ 3 մլրդ հունգարական պետական պարտատոմսեր:
Այն, որ Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է ինչ-որ բանի դիմաց, ապացուցված է վաղուց. օրինակ՝ 2017 թ. «ադրբեջանական լվացքատան» սկանդալային բացահայտումներից պարզ դարձավ, որ հունգարական MKB բանկով 2012 թ. փոխանցվել է 7 մլն ԱՄՆ դոլար: MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆշորային մի ընկերության հետ, որի հետ կապ ուներ նաև Ադրբեջանի ղեկավարությունը: Այսպիսով՝ հունգարական կառավարությունն ադրբեջանցի մարդասպանին արտահանձնել էր՝ պարզապես նեղ անձնական շահերից ելնելով:
«Էդ ձեր ինստիտուտում նույն ձև քրդերի վա՞րքն եք արդարացնում ցեղասպանության տարիներին, ծիպը «դե բայց կարայի՞ն չմասնակցել կոտորածներին, քրդերը պետականազուրկ էին», - Սահակյանի գրառման տակ հարցրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
ՀՀ առաջին նախագահի գաղափարներին հարող Նաիրա Սահակյանը իր գրառման վերջում նաև հանդես է եկել «խաղաղասիրական» տեսակետով` կոչ անելով «պատրաստ չլինել հազարներով զոհ տալուն». «Ամեն անգամ երբ հիշում ենք փոքրաթիվ ածու արտահայտությունը, լավ կլինի մտածել, որ պետք է արժևորել ԱՄԵՆ ՄԻ կյանք ու հազարներով զոհ տալուն պատրաստ ՉԼԻՆԵԼ ու աշխատել, տքնել, որ դա տեղի չունենա»:
Իր խաղաղասիրությամբ Սահակյանը հանդես է եկել նաև ավելի վաղ` 2020 թ. նոյեմբերի 16-ին` ցավալի պատերազմի ավարտից օրեր անց` ափսոսանք հայտնելով Շուշիում «ադրբեջանցիների թափած արյունի համար». «Շուշին դժգույն չի, բայց շատ դժբախտ քաղաք է, էդքան արյուն ու արցունք (ու ոչ միայն հայերի) որ էդտեղ է թափվել, ոնց դժբախտ չլինես: Մարդիկ վատն ու չարն են, դաժան էակներ են: Մարդկայնություն ասվածի իմաստը պետք է վերանայել: Մարդկությունը մարդակերությունից մի քայլ առաջ է արել , երկու քայլ ետ»:
Հատկանշական է, որ նման տեսակետներ հայտնող Սահակյանը թանգարան-ինստիտուտում զբաղվում է Ադրբեջանում հայատյացության ուսումնասիրությամբ:
Կարելի է ցավով նշել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որը կոչված է լինել հայապահպանության, հայագիտության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կենտրոն, դարձել է ադրբեջանաթուրքասեր անհատների «որջ», որոնք իրականում զբաղվում են հակահայկականությամբ:
Որպես դրա օրինակ հիշեցնենք ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի շուրջ 2020 թ. ծագած հայտնի սկանդալը, երբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստերով ապացուցեց, որ ՀՀ առանցքային դեմքերից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում աշխատելու ժամանակ եղել է Թուրքիայի գործակալը, որին բացահայտել և հավաքագրել էր ՀՀ ԱԱԾ-ն` նրան տալով «Օմեգա» ծածկանունը: