կարևոր
1021 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-09 18:18
Քաղաքական

Մարտի 1-ի վերաբացված գործով դատախազությունը կփոխի՞ մեղադրանքը. Ռոբերտ Քոչարյանը կներկայանա դատարան. 24News

Մարտի 1-ի վերաբացված գործով դատախազությունը կփոխի՞ մեղադրանքը. Ռոբերտ Քոչարյանը կներկայանա դատարան. 24News

Մարտի 1-ի վերաբացված գործով առաջիկա ուրբաթ օրը՝ ժամը 10։00-ին, Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենալու հերթական դատական նիստը։

24News-ի տեղեկությունների համաձայն, դատական նիստին կներկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա այն ժամանակվա 3 ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը կրկին ամբաստանյալի աթոռին են։ Նախորդ դատական նիստին դատախազ Հայկ Հովհաննիսյանը հայտնեց, որ դեռևս պարզ չէ՝ ի՞նչ մեղադրանք է առաջադրվելու վերջիններիս։

24News-ը վերոնշյալի վերաբերյալ հարց ուղղեց գլխավոր դատախազությանը՝ ի վերջո կփոխե՞ն մեղադրանքը, թե՞ ոչ՝ հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը։ Մեր հարցին ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ գրավոր հարցմամբ դիմենք։ 

Նշենք, որ, եթե դատախազությունը որոշի միջնորդել՝ փոխել մեղադրանքը, ապա հարց է առաջանում՝ ո՞ր հոդվածով կփոխարինվի մեղադրանքը և արդյո՞ք դարձյալ գործ չենք ունենա վաղեմության ժամկետն անցած լինելու փաստի հետ։ Վերոնշյալ հարցից զատ նաև կարող է քննարկվել դատավորին՝ Սարգիս Պետրոսյանին բացարկի միջնորդություն հայտնելու հարցը։ 24News-ին Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը տեղեկացրեց, որ այս պահին դատավորին դեռևս բացարկի միջնորդություն չի ներկայացվել, իսկ այն հարցին՝ դատավորը պատրաստվու՞մ է ինքնաբացարկ հայտնել, նշեց, որ հարցը համապատասխան փուլում կքննարկվի։ 

Գործը վերաբացվելուց հետո այն էլեկտրոնային եղանակով մակագրվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին, որի մասին մամուլում հրապարակումներ եղան, որ նա 2018 թվականին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, ինչն էլ կասկածի տակ է դնում նրա անաչառությունն այս գործի շրջանակում։ Լրատվամիջոցներց մեկին տրված հարցազրույցում վերջինս նշել էր, որ 2018 թվականի դեկտեմբերից որևէ կապ չի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և այդ ուժի պաշտոնյաների հետ։ 

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ 

Սահմանադրական դատարանի կողմից 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը։ 3 տարի անց Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը: