Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունը որևէ խնդիր չի տեսնում` Ազգային ժողովում քննարկելու Մարտի 1-ի հարցը. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի՝ «2008 թվականի Մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու հարցին միաձայն կողմ քվեարկելուն:
«Լսումներ են եղել, մենք ակտիվ մասնակցել ենք դրանց, և հիմա կա խնդիր` քաղաքական ուժերը կրկին ցանկություն ունեն քննարկման: Մենք էլ ասում ենք` ցանկություն ունեք, խնդրեմ: Որովհետև դահլիճում հնչում է մեղադրանք, թե` այ, դուք չեք ուզում քննարկում կատարվի լսումներից հետո, այսինքն՝ ելույթներ ունենում եք, բայց երբ տեղը գալիս է, որ պետք է կոնկրետ քվեարկեք ԱԺ-ում պաշտոնապես քննարկելու համար, դուք դեմ եք լինում: Մենք էլ կողմ քվեարկեցինք, ասացինք` չէ, դեմ չենք, ինչքան ուզում եք` քննարկենք, մենք որևիցե խնդիր չենք տեսնում»,- ասաց Նիկոյանը:
Հարցին` այս հարցը իշխանության թողտվությամբ կրկին օրակարգ բերելը արդյո՞ք կարելի է ընկալել որպես մեսիջ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի ապրիլյան զարգացումներից առաջ չակտիվանա` հաշվի առնելով նաև լսումների ընթացքում Նիկոյանի ելույթի շեշտադրումները, նա հակադարձեց, թե ինքը, որպես Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ինչ եզրակացության մեջ 10 տարի առաջ, նույնը ասել է նաև ամբիոնից:
Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը լսումների ժամանակ« Լևոն Տեր-Պետրոսյանից բացի, հարցադրում ուղղեց նաև Ռոբերտ Քոչարյանին, թե` երբ հայտարարում էր, որ ընդդիմադիրները ավտոմատով կրակում են ոստիկանների ուղղությամբ ու թաքնվում ավտոբուսների հետևում, ի՞նչ նկատի ուներ: Նա նշել էր, թե փաստերը ցույց տվեցին, որ նման հայտարարությունը հիմնավոր չէր և հարց էր ուղղել. «Պարո'ն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող էր ճակատագրական լինել այդ իրադարձությունների զարգացման վրա»:
Հարցին` ինչո՞ւ այդ դեպքում Քոչարյանը չի հարցաքննվել, Նիկոյանը պատասխանեց, որ պետք է դիմել հարցաքննողներին: «Հանձնաժողովի նախագահը նման իրավունք չուներ, միայն կարող էր պետական պաշտոնյաներին հրավիրել, և նրանք պարտավոր էին ներկայանալ»,- ասաց նա:
Դիտարկմանը` այսինքն` տասը տարի առաջ ինքը պահանջել էր, որ Քոչարյանն այդ հարցերին պետք է պատասխանի, Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Այո, զարմացա՞ք»: Նրա խոսքով` քանի որ չէին կարող հրավիրել Քոչարյանին, ինքն այդ հարցը տասը տարի առաջ հրապարակայնորեն հնչեցրել է՝ ակնկալելով, որ հրապարակային հարցին պատասխան կլինի: «Հիմա եթե դրանից հետո ես հիշում եմ, թե ինչ է արվել, կամ ինչ է գրված, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն որոշել է չգիտեմ, թե ում նկատմամբ ինչ քաղաքականություն իրականացնել: Ընդամենը ես կրկնել եմ այն, ինչ տասը տարի առաջ ասել եմ»,- նշեց նա:
Հարցին, թե, այդուհանդերձ, ի՞նչ եզրահանգման եկան, Քոչարյանի դեմքով պետությունը կատարե՞լ է հանցագործություն, Նիկոյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչ, դա ձեր բնութագրումն է»:
Իսկ թե ինչո՞ւ նախկինում, երբ ՀԱԿ-ը բավական ակտիվ էր Մարտի 1-ի հարցով, նրանց չէր հաջողվում ԱԺ-ում որևէ գործընթաց սկսել, մինչդեռ այսօր իշխանությունները թողնում են հարցը օրակարգ բերել, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ոչ, տասը տարի առաջ ես հայտարարել եմ հետևյալը` երբ հանձնաժողով էր ստեղծվում, խորհրդարանն ամբողջովին ներգրավված էր այդ գործընթացներում, հիմա` մասամբ, ինչ-որ գործընթաց են ուզում սկսել»: