Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
«ՔՊ-ն կարո՞ղ է ինքնիշխանությունից խոսել: Երբ վերջին անգամ Գեղարքունիքում էինք՝ մարզային այցի, մեզ խնդրեցին անջատել տեսախցիկները, և մի տղա ուղղակի բարձրացավ ու ասաց՝ հաջորդ անգամ, երբ ինքնիշխանությունից կխոսեն, ասեք, որ այս սարի վրա զինվորի մարմին կա, որից էլ բան չի մնացել, որը չենք կարողանում իջեցնել: Այսինքն՝ ՀՀ-ն իր սահմանների նկատմամբ վերահսկողություն չունի, նահատակների մարմիններն իր տարածքում գտնվում են սարի վրա, չենք կարողանում մասունքները հետ իջեցնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նա նկատեց՝ ՀՅԴ-ն մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին, որոնք մղվել են ինքնիշխանության պահպանման համար. «Ո՞ւր էին ՔՊ-ականներն ինքնիշխանության համար մղվող պատերազմների ժամանակ: Ո՞ր ուժն է ում մեղադրում»:
Ադրբեջանից տարբեր մակարդակներով, այդ թվում՝ իրենց ՊՆ-ի կողմից կառավարվող կայքերով խրախուսում են ՀՀ ներկայիս իշխանությունների գործողությունները Դաշնակցություն կուսակցության դեմ։
Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կապ տեսնում է Ադրբեջանի հայտարարությունների և Հայաստանի իշխանությունների գործողությունների միջև, թե՞ Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներքաղաքական դաշտում եղած խոսույթն իր քարոզչական նպատակներով օգտագործել:
«Այն, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, այդ թվում՝ ներքաղաքական կյանքում, ուղիղ կապ ունեն Ադրբեջանի հետ բանակցությունների հետ: Ես Ադրբեջանի հետ փոխանակվող տարբերակներից մի քանիսը տեսել եմ, և ուղիղ կարող եմ ասել, որ Ադրբեջանի նպատակներից մեկն է՝ ոչ միայն մի փաստաթուղթ ստորագրել, որը եթե ստորագրվի, ամբողջապես կամրագրի Ադրբեջանի ձեռքբերումները, բայց նպատակներից մեկն է՝ նաև ամեն գնով կանխել ՀՀ ներսում որևէ ակտորների կողմից գործողություններ, որոնք կարող են միտված լինել իրավիճակի փոփոխության: Ինքն իր խնդիրը լուծել է ՀՀ իշխանությունների հետ, հիմա անցել է այլ դերակատարների, ովքեր կարող են երկրի ներսում իրավիճակ փոխել:
Դա արվում է մի նպատակով՝ Ադրբեջանը տարածաշրջանի պետություններից ամենալավը գիտի, որ պարտությունը վերջնական չէ, քանի երկրի ներսում կան այդ պարտության հետ չհամակերպվողներ, գիտի, որ պատմության համար կարճ ժամանակի ընթացքում կարող է դրամատիկորեն և 180 աստիճան իրավիճակ փոխվել: Իրենք իրենց պատմությունից դասեր սովորած և իրենց փորձն աչքի առաջ ունենալով՝ փորձում են ոչ միայն այդ կապիտուլյացիան պարտադրել Հայաստանին՝ ամբողջապես, այլ նաև լուծել ներքին դերակատարների հարցերը, ուղիղ միջամտել երկրի ներքին գործերին, սահմանափակել գործողությունները, և դա անում են Հայաստանում իշխանություն զբաղեցնողների միջոցով»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում