կարևոր
4231 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-21 13:01
Քաղաքական

Երկար տարիներ ասում էին՝ էս երկիրը երկիր չի, քարոզ էին անում. սա ինքնիշխանության խախտում չէ՞

Նպատակը մեկն է, որ օրենք ընդունելուց ծառայի նպատակին, թերություններ չունենա, ընդունենք ոչ թե կարճաժամկետ, այլ ծառայի երկար։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարերեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: 

«Մեր նպատակը ինքնիշխանությունը ավելի լավ պահելն է, ինքնիշխանությունը, որը ունեցանք 1991թ․-ին, ցավոք սրտի այդպես էլ շատերը չհասկացան՝ ինչ է ինքնիշխանությունը։ Գոնե վերջին իրադարձություններից հետո մեր քայլերով փորձենք հասնել նրան, որ ՀՀ քաղաքացին հասկանա, թե ինչ պարգև է ինքնիշխան պետություն ունենալը։ Ես ցանկանում եմ, որ այս փոփոխությունը չծառայի որևէ իշխանության ձեռքին գործիք, իր քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար։ Երբ հստակ չեն տրվում ձևակերպումներ, ցանակցած դատավոր կարող է ցանկացած մեկնաբանությամբ գործը տանել այլ կերպ։ Գրված է ինքնիշխանությունից հրաժարվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ընդունում եմ, բայց եթե ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերը հեռուստացույցով են, մանկական խաղերով են, դպրոցում արվող հանդեսներով են, գեղեցիկ հագուստներով, գեղեցիկ երաժշտության ներքո, դրան մենք չենք անդրադառնալու, ի վերջո բռնության գործադրելուն հասնում է երկարատև աշխատանքներ տանելուց հետո, երբ խաղաղ կոչեր են անում,որ մեր պետությունը պետք է միանա Z պետությանը, պետք  է դաշինք կազմի Y հետ, դա արվում է խաղաղ կոչերով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ նրանք երկար տարիներ լուռ լսեցին բոլոր նրանց, ովքեր  Հայաստանում տարածում էին հետևյալ արտահայտությունը այս երկիրը երկիր չի, այս երկրում երեխաները ապագա չունեն, այստեղ ապրելու տեղ չի, այս ամենը բերեց նրան, ինչպես Վիլիամ Սարոյանն էր գրել, որ ցավոք հայերը Հայաստանում ապրում են այնպես, ինչպես ապրում են Ֆրեզնոյում, Ֆրանսիայում կամ մեկ այլ  երկրում. 

«Մենք մարդուն պետք է ասենք ինչ չի կարելի անել, մենք պետք է գրենք ավելի հստակ,  թե ինչ չի կարելի անել։ Օրինակ սովետական միության արվեստագետը դափնեկիր հեռուստատեսությամբ չասի, դե փորձը ցույց տվեց, որ մենք անկախ չենք կարող ապրել, նրան լսում են բազմաթիվ մարդիկ, նրանց մոտ ձևավորվում է կարծիքներ ու X պահի, երբ մեկը բռնության կոչ է անում կացինը վերցնել և գնալ Հայաստանի ինքնիշխանության դեմ, արդեն այդ խաղաղ քարոզը իր ազդեցությունը տված է լինում և այդ կացնավորի ետևից հայտնվում են մարդիկ։ Իմ ասածը սա է։ Հստակ պետք է նշվի,որն է ինքնիշխանության դեմ արտահայտությունները, մեկը կարող է  ասել մտնում ենք Y դաշինքի մեջ, և ինչ կապ ունի արդեն դաշինք է, թե պետություն, երբ մենք ասում ենք, եթե բռնությամբ չի ասում ուրեմն նորմալ է։ Երբ ասվեց, որ հայտարարություն չի եղել մեր ինքնիշխանության, սահմանային անքակտելիության դեմ, հիշեցնեմ  Նիկոլ Փաշինյանի պատասխանը ՀՀ մի բնակչուհու, ով դժգոհելով ասաց, որ արդեն թուրքը որտեղ ուզում է կանգում է, ասեց դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ է կանգնելու։ Այսինքն մենք չենք որոշում , թե որն է  մեր ինքնիշխան տարածքը։

Մենք կողմ ենք հստակ ձևակերպմանը, թե ինչ է ինքնիշխանության դեմ ուղղված կոչը, մենք կարծում ենք, որ եթե բռնությամբ արվում է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ դա քրեականացվում է, պետք է նաև ոչ բռնությամբ կոչը ևս քրեականացվի»,- ասաց պատգամավորը: