Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
ՀՅԴ գործիչ, գաղափարախօս, արեւելեան բիւրոյի անդամ՝ Աւետիք Շահխաթունեանը ծնուել է 1883թ. Իգդիր, հայկական նահապետական ընտանիքում: 1904թ. մրցանակով աւարտել է Երեւանի գիմնազիան, ապա Մոսկուայի համալսարանի իրաւաբանական բաժինը: Վաղ պատանեկութիւնից անդամագրուել է ՀՅ Դաշնակցութեան եւ որպէս գործուն կուսակցական, մասնակցել է 1907թ․, 1909թ․, 1913թ․ եւ 1914թ․ ՀՅԴ Ընդհանուր Ժողովներին։ ՀՅ Դաշնակցութեան գործով, 1910թ․ ձերբակալուել եւ երկու տարով աքսորուել է։ Եղել է ՀՅԴ հայերէն «Հորիզոն» եւ ռուսերէն «Մոլոտ» պաշտօնաթերթերի խմբագիր։ Որպէս ՀՅԴ թեկնածու, ընտրուել է 1917թ․ Համառուսաստանի Սահմանդիր Ժողովի պատգամաւոր, Ռոստոմի, Միքայէլ Վարանդեանի, Համօ Օհանջանեանի, Սիմոն Վրացեանի, եւ եօթ այլ դաշնակցական ընկերների հետ միասին։ Հեղինակն է՝ «Административный передел Закавказского края» (Անդրկովկասի տարածաշրջանի վարչական վերաբաժանումը) խորագրով աշխատութեան (Թիֆլիս, 1918), որն էլ հիմք է հանդիսացել ՀՅԴ պահանջատիրական նախագծերի՝ Արեւելեան Հայաստանի մասով։ Եղել է ՀՀ խորհրդարանի անդամ։ Մահացել է 1918թ․ հոկտեմբերին։ Նրա հարազատ դուստրն է Եղիսաբեթ Շահխաթունեանը, յետագային յայտնի, որպէս ճարտարագէտ Ելիզաւէտ Շահխաթունի, համասովետական աւիաարդիւնաբերութեան «Պողպատէ կին»-ը, աշխարհահռչակ Օլեգ Անտոնովի կողակիցն ու գլխաւոր գիտաշխատողը։
Սիմոն Վրացեանն Ա․ Շահխաթունեանի մասին ասել է․ «Նա գերազանցապէս տեսական միտք էր։ Անդրկովկասի եւ հայ տնտեսական, ազգագրական, վարչական, գործերի ծանօթութեան տեսակէտից նա գրեթէ մրցակից չունէր»։
1919թ․ ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովում Աւետիք Շահխաթունեանի մեծադիր լուսանկարը փակցուած է եղել ՀՅԴ երրորդութեան, Արամ Մանուկեանի, Գարեգին Խաժակի, Սարգիս Բարսեղեանի, Էդգար Ակնունու, Ռուբէն Զարդարեանի, Խեչոյի, Խաչատուր Կարճիկեանի եւ Եղիշէ Թոփչեանի պատկերների կողքին, որպէս ՀՅԴ արեւմտեան եւ արեւելեան բիւրոների նահատակուած, մահացած, առյաւէտ հեռացած անդամների։ Նոյն այդ ժողովի հանդիսաւոր բացման խօսքում Նիկոլ Աղբալեանը Շահխաթունեանի մասին ասել է հետեւեալը․ «․․․ Պէտք է յիշատակեմ մեր ընկեր Աւետիք Շահխաթունեանին, զոր կարելի է անուանել ՀՅ Դաշնակցութեան իտէալներու ձեւակերպիչը»։
Ահա Աւետիք Շահխաթուեանից փոխառում ենք հետեւեալ մտքերը, դրանք ուղիղ առնչութեան մէջ տեսնելով Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս իրադրութիւնների հետ․
«Մեզնում համարեայ ոչ մի փորձ չի արուած վերլուծելու ազատագրական շարժման մասնակցող տարրերը, թէեւ նրանք շատ բազմատեսակ են: Անբաւականութիւնը, բողոքը տիրող կարգերի դէմ ընդհանուր են, այդ պատճառով էլ ամեն մի բողոքող երեւան է գալիս իբրեւ ժողովրդի բարեկամ, ներկայացուցիչ: Բայց դա ներկայ տագնապալից շրջանի արտադրած թիւրիմացութիւնն է, որ պէտք է պարզել հասարակութեան առաջ։
«Ազատագրական շարժման մէջ լիբերալները եւ մասսան ընթանում են տարբեր սկզբունքներով եւ տարբեր տակտիկայով, որը բխում է նրանց դրութեան եւ ձգտումների էական տարբերութիւնից»:
(Յառաջ, ՀՅԴ պաշտօնաթերթ, Թիֆլիս, 1906 մարտի 10, էջ 2)
Կարեն Խանլարյան
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր,
տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու,
ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր