Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուլիսի 27-ին նշում ենք Լիզբոնի սխրագործութեան 40-ամեակը, որպէս հաւաստում յանուն հայրենիքի եւ ազգի, յանուն ազատութեան ինքնազոհաբերման գաղափարի բիւրեղացման փաստի:
Լիզբոնի սխրագործութիւնը 1975 թւականին սկիզբ առած Հայ Դատի ուժական պայքարի հիմքում ընկած գաղափարների խտացման ժայթքումն էր, յեղափոխական գործի կատարեալ օրինակ, որը բազմաթիւ պատնէշներ ու պատրանքներ խորտակեց, պատռեց անտարբերութեան վարագոյրը, արթնացրեց «քաղաքակիրթ» մարդկութեան խորը թմբիրի մէջ գտնւող «արդարութեան խիղճը» եւ, թերեւս, ամենակարեւորը. հայ ժողովրդի երիտասարդ սերնդի մօտ բոցավառեց գերագոյն զոհաբերութեան ոգին՝ յանուն հայ ժողովրդի ամբողջական ազատագրման գաղափարի նւիրագործման: Ոգի, որը 1988 թւականին կեանքի կոչեց Արցախեան շարժումը:
Եւ իրաւամբ Արցախեան պահանջատիրական շարժումը, Հայաստանի վերանկախացումն ու ազգային-ազատագրական պայքարի սխրանքն ըստ էութեան Լիզբոնի սխրագործութեան շարունակութիւնն էին: Եթէ անգամ հաշւի առնենք այն պնդումները, որ 1988-94թթ. ընթացքում տեղի ունեցած համընդհանուր հիմնական փոփոխութիւնները մեծ հաշւով աշխարհաքաղաքական գործընթացների եւ տեղաշարժերի արդիւնք էին: Այնուամենայնիւ փաստ է, որ ըմբոստացման առաջին իսկ պոռթկումի հետ մեր ժողովուրդը թօթափեց բոլոր կապանքները, օտարեց իրեն պարտադրւածն ու պայքարի նպատակ ընտրեց իր իրաւունքների վերատիրացումն ու անկախ պետականութեան եւ ինքնիշխանութեան վերականգնումը:
Ընդունւած կարգ է, որ նման ամեակների առիթով խօսում են հիմնականում հոգեւոր ուժի յատուկ վերելքի պաթոսից ելնելով, մնացածը թողնելով ուրիշ օրի: Բայց մեր ժամանակի օրհասական պատկերը պարտադրում է որոշակի հետեւութիւններ, մանաւանդ, որ ցաւ ու տագնապի լուրջ առիթ է, որ մեր ժողովրդի տարբեր շերտեր ընկրկել ու թերահաւատ են դարձել ամենակարեւոր արժէքների եւ նպատակների հարցում:
Ցաւալի է, որ նոր նւաճումների, նախանշւող ձեռքբերումների փոխարէն մենք ստիպւած ենք անընդհատ խօսելու բախտորոշ նշանակութեան կորուստների անդարձ հետեւանքների, պետականութեան լինել-չլինելու օրհասական մարտահրաւէրի եւ գոյաբանական բնոյթի պայքարի մասին:
Տագնապայարոյց է այն փաստը, որ տարածաշրջանում ծաւալւող աշխարհաքաղաքական իրադարձութիւնների յորձանուտում մեր պետականութեան նաւը թողնւած է բախտի քմահաճոյքին, չունի վստահելի նաւապետ եւ շեղւել է իր ուղուց:
Բայց եւ այնպէս մեզ անհրաժեշտ է լրացնել բաց թողնւածը, վերարժեւորել գաղափարները եւ նայել ապագային՝ այնտեղ տեսնելով համազգային նպատակների եւ տեսլականի նւիրագործումը: Յառնել պարտութիւնից, վերականգնել եւ վերաիմաստաւորել յեղափոխական պայքարի ոգին, հաստատակամ լինելով, որ անզիջելին զիջել չի կարելի եւ, որ այն, ինչ մեզ է պատկանում, նրա նկատմամբ խորթացում, մոռացում չի կարող լինել:
Ահա այս խորհուրդն է իր մէջ պարունակում Լիզբոնի սխրագործութիւնը, որի գաղափարական արժեհամակարգի վերանորոգումն օրակարգային անհրաժեշտութիւն է մեզ համար:
Այսօր, առաւել, քան երբեւէ մեզ անհրաժեշտ է լիզբոնեան ոգով մեր օրերի ազգային-ազատագրական պայքարին անսակարկ զինւորագրւելու վճռակամ մարտունակութիւն: Յանուն իրաւունքի եւ արդարութեան ամբողջական վերականգնման քրիստափորեան յարատեւ կռւի ուղիով առաջ շարժւելու գաղափարական յանդգնութիւն, եւ մեր դէմ վեր յառնած գոյաբանական բնոյթի մարտահրաւէրները անձնազոհութեամբ յաղթահարելու յեղափոխական անդառնալի ուխտ:
Լիզբոնի ողջակէզ տղաների ոգով համակւած, մենք պէտք է նորօրեայ պատգամաբերը դառնանք ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ու ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ տեսլականի, որից դուրս բոլոր հեռանկարները խաբուսիկ են ու մերժելի:
Սա է մեր միակ փրկօղակը, այլ ելք չունենք:
«ԱԼԻՔ»-ի խմբագրական