կարևոր
16237 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-13 13:00
Իրավական

Վկա ոստիկանը վերահաստատեց` չի ճանաչում մեղադրյալներ Սաղաթելյան եղբայրներին

Երևան քաղաքի  դատարանի «Շենգավիթ» նստավայրում  ընթանում էր Սաղաթելյան եղբայների գործով հերթական դատական նիստը։ Նիստի ժամանակ հարցաքննվեց գործով անցնող վկան` ոստիկանության ավագ տեսուչ Արսեն Մարգարյանը։ Հանրային մեղադրողի հարցին, թե արդյո՞ք ճանաչում է մեղադրյալներ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյաններին, վկան պատասխանեց, որ չի ճանաչում։ Նույն հարցադրումն ուղղեց դատավորը, որին ի պատասխան` վկան վերահաստատեց, որ չի ճանաչում։

Հանրային մեղադրողն այդուհետ նշեց, որ վկայի նախաքննական ցուցմունքի և այժմ հրապարակվող խոսքի միջև հակասություն է տեսնում, ուստի դատարանին միջնորդեց ընթերցել նախաքննական ցուցմունքը։ Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։

Գործով անցնող վկայից փաստաբան Սերգեյ Հարությունյանը հետաքրքրվեց` սեփական նախաձեռնությա՞մբ է գնացել ցուցմունք տալու, թե՞ իրեն կանչել են. նույնաբովանդակ հարցով վկային դիմեց նաև դատավորը. «Քննիչը որտեղի՞ց է իմացել Ձեր` որոշակի հանգամանքներին տիրապետելը»։

Դատարանը ավարտեց հարցաքննությունը և հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 3-ին`  ժամը 11։00-ին։
 

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանը նշեց․ «Դատական գործի՝ արդեն 3-րդ տարին է լրացել, Սաղաթելյան եղբայրների նկատմամբ այս շինծու քրեաքաղաքական գործը նպատակ ուներ առաջին հերթին ճնշում գործադրել Իշխան Սաղաթելյանի նկատմամբ և լռեցնել նրան։ Ի սկզբանե գործը շինծու էր, որևէ հիմք չկար, միայն ոստիկանների ցուցմունքն էր, իբր թե՝ 2021թ․ ապրիլին Սաղաթելյան եղբայրները խուլիգանություն են արել, Բաղրամյան պողոտայում ինչ-որ անձի են ապտակել։ Մինչև այսօր դա մահակ է, ճնշման գործիք, որովհետև կա ընտրված խափանման միջոց երկուսի նկատմաբ։ Այս ժամանակահատվածում չեն կարողացել երկրից բացակայել, նախորդ դատական նիստին մեզ հաջողվեց միջնորդել, որպեսզի գրավ կիռարվի և Նաիրի Սաղաթելյանը կարղանա երկրից դուրս գալ։ Այսօր ունեմ 3՝  Սաղաթելյան եղբայրների, Արամ Հարությունյանի և Գերասիմ Վարդանյանի գործերով դատական նիստեր, երեքն էլ քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորումներ են և հենց այս փաստը ցցուն օրինակ է, թե ինչ է կատարվում մեր երկրում»,-ասաց փաստաբանը։

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն դատավորի փոխվելուց հետո, Սերգեյ Հարությունյանն ասաց, որ շատ ավելի հուսադրող է այն հանգամանքը, որ կունենան օբյեկտիվ և արդար դատավճիռ։ Նաև նշեց, որ օբևկտիվ դատաքննության պարագայում, վստահաբար, կարող է ասել, որ Սաղաթելյան եղբայրները կարդարացվեն։

Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբորը` Նաիրի Սաղաթելյանին և հորեղբոր որդուն` Գուրգեն Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խմբակային խուլիգանությանը մասնակից լինելու  համար: Նշենք, որ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանները մասնակցել են Պռոշյան փողոցում Նիկոլ Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային, որի շրջանակներում էլ նրանց մեղադրանք է առաջադրվել:
 

Մանրամասն՝ դատական նիստի տեսագրությունում