կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 20:30
Հասարակություն

Ինչո՞ւ ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ. Հրանտ Մարգարյանը պատասխանել է քաղաքացու հարցին

Ինչո՞ւ ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ. Հրանտ Մարգարյանը պատասխանել է քաղաքացու հարցին

Հաճախ հնչեցվող հարցը, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց Հանրապետական կուսակցության հետ, քաղաքացիներից մեկը  «Երմիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ուղղել է նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

«Մեզ մեղադրում են` ասելով` ինչո՞ւ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանեցիք: Սերժ Սարգսյանը առաջին անգամ թեկնածու է եղել 2008 թվականին: Այդ թվականին մենք ունեցել ենք Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը, և մենք պաշտպանել ենք նրա թեկնածությունը, ոչ թե` Սերժ Սարգսյանի: Երկորդ անգամ Սերժ Սարգսյանը թեկնածու է եղել 2013 թվականին: Մենք այս ժամանակ թեկնածու չենք ունեցել, բայց հայտարարությամբ ենք հանդես եկել` ասելով` չքվեարկեք իշխանության թեկնածուի օգտին, կքվեարկեք ընդդիմության թեկնածուներից որևէ մեկին: Այդ ժամանակ էլ չենք պաշտպանել նրա թեկնածությունը: Իսկ երրորդ անգամ, երբ վարչապետ առաջադրվեց, դրա նախօրեին ինքս առնվազն երկու-երեք անգամ հայտարարել եմ, որ մենք կարող էինք պաշտպանել միայն դաշնակցական թեկնածուի թեկնածությունը: Հարց են տվել` եթե Հանրապետականը ուրիշ թեկնածու ներկայացնի, դուք կընդունե՞ք: Ասել եմ` նորը միշտ նախընտրելի է: Սրանից ավելի մարդկային լեզվով չի կարելի ասել, թե ինչ է մեր դիրքորոշումը» պատասխանել է Մարգարյանը:

Նա ներկայացրել է Սերժ Սարգսյանի հետ համագործակցության նպատակները:

«Մենք համագործակցել ենք Սերժ Սարգսյանի հետ, ես դրա ուրացողը չեմ: Եվ, ընդհանրապես, ուրացող մարդիկ լավ մարդիկ չեն: Համագործակցել ենք 2008 թվականին, երբ Մարտի 1 էր եղել, Ղարաբաղում առաջին անգամ տարածք էինք կորցրել, Հայաստանը Մարտի 1-ի պատճառով աշխարհով մեկ վարկաբեկված ու խայտառակված էր, և շատ դժվար էր այդ պայմաններում ներկայանալ միջազգային ասպարեզում: Մենք նախագահական ընտրություններից նոր էինք դուրս եկել, վիրավոր էինք դուրս եկել, որովհետև մեր թեկնածուն պարտվել էր և ակնհայտ ընտրախախտումների արդյունքում էր պարտվել: Շատ դժգոհ էինք, բայց այդ պայմանների մեջ զգացինք` ճիշտը կոալիցիային մասնակցելն է, որպեսզի կարողանանք  միասնական ճիգ ու ջանքով երկիրը դուրս բերել այդ վիճակից, այդ խայտառակ իրողությունից»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Նրա խոսքով` կոալիցիա կազմելն ինքնանպատակ չի եղել, և, բացի իրենց նպատակներից, իրենց այնտեղ պահող այլ բան չի եղել: Դրա մասին վկայում է այն, որ երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից:

«Երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, մենք մի վայրկյան անգամ չհապաղեցինք, անմիջապես դուրս եկանք կոալիցիայից: Ոչ մի բան չկար, որպեզի մեզ պահեր այնտեղ: Ոչ մի տկար տեղ չունեինք, որպեսզի մեզ դրանով պահեին: Վայրկյանապես դուրս եկանք, որովհետև մենք պահել էինք մեր ինքնուրույնությունը, մեր անկախությունը, մեր արժանապատվությունը: Սա շատ կարևոր է»,- ընդգծել է Մարգարյանը:

Նա պատմել է, որ յոթ տարի ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին ընդդիմություն է եղել: Ըստ Մարգարյանի` շատեր հիմա մոռացել են, որ այդ տարիները միակ տարիներն էին Հայաստանի քաղաքական պատմության մեջ, որ ընդդիմությունը համախմբվեց:

«Այդ ժամանակ խորհրդարանական քառյակ ստեղծվեց: Դա ստեղծվեց մեր շուրջ, և մենք հասանք վարչապետի հրաժարականին: Բայց երբ դուրս եկանք այդ քառյակից, այն փլվեց: Հիմա ասում են` դուք գալիս եք այս կողմ, գնում եք այն կողմ, այնտեղից` մյուս կողմ: Ո՛չ, մենք մեր տեղում կանգնած ենք, նրանք են կպչում մեզ: Սկզբում ընդդիմությունն ընդունեց մեր յոթ կետերը, որ հայտարարել էինք, նրանց հետ համագործակցեցինք: Հետո իշխանությունն ընդունեց մեր յոթ կետերը, նրանց հետ համագործակցեցինք: Համագործակցել ենք ոչ թե թալանի մեջ, ոչ թե կողոպուտի մեջ, ոչ էլ ունեցել ենք նրանց արտոնյալ կարգավիճակն այս երկրում: Այս երկրում ոչ մի մենաշնորհ չկա, որ որևէ դաշնակցականի լինի: 

Հիմա կասեն` չեն տվել, դրա համար չի եղել: Չեն տվել, որովհետև յուրային չեն համարել: Բայց այդ ընթացքում մենք ունեցել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, հաջողեցրել ենք հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, հաջողեցրել ենք, որ Արցախի քաղաքականության մեջ հիմնական բեկում մտնի` Մադրիդյան սկզբունքներից վերջապես պոկվենք և գանք, կանգնենք այն սկզբունքի վրա, որ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մենք նրանց հետ բանակցելու բան չունենք: Սրանք մեր ձեռքբերումներն են եղել: Ձեռքբերումներ, որոնք կուսակցության շահով պայմանավորված չեն եղել, ազգային շահով են պայմանավորված եղել»,- շեշտել է Մարգարյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ այդ ընթացքում սոցիալ-տնտեսական հարցերով իրենք միշտ ելույթներ են ունեցել: Անգամ այն ժամանակ, երբ կոալիցիայի մաս են եղել, ամեն երեք ամիսը մեկ` 2017 թվականի հուլիսին, նոյեմբերին և 2018-ի փետրվարին հայտարարությամբ են հանդես եկել, որում ներքին, պետական համակարգի ախտաճանաչում են արել և լուծումներ առաջարկել:

«Մենք համակերպված վիճակ չենք ունեցել, թալանին չենք մասնակցել: Հակառակն ենք եղել, ասել ենք` անկախ մարմին պետք է լինի, այդ մարմինը պետք է ընդդիմությանը տրվի, ընդդիմությունը պետք է վերահսկի իշխանությանը, դա է ճիշտ ձևը: Այս ամենը մենք ասել ենք, երբ կոալիցիա ենք եղել: Այսօր էլ ենք ասում, բայց ո’չ այն ժամանակ արեցին, ո’չ հիմա են անում: Մեզ համար այդ հարցերը հիմնական հարցեր են»,- նշել է Հրանտ Մարգարյանը` ընդգծելով, որ իրենք չեն առաջնորդվում այս կամ այն դաշնակցականի շահերով, այլ`  ազգի և երկրի:

«Սա էժան քարոզչություն չէ, սա մեր էությունն է: Ամբողջ հարցն այն է, որ պետք է կարողանաս զանազանել Դաշնակցությունը մյուսներից: Մենք եղել ենք կոալիցիա, բայց այն մասով ենք համագործակցել, որտեղ այսօր էլ կարող ենք հպարտանալ այդ համագործակցության համար: Մենք վատի, ստի, կեղծիքի հետ չենք եղել»,- ասել է նա` հիշեցնելով նաև սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք, ըստ նրա, եղել են իրենց ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

«Ես այսպիսի շատ օրինակներ կարող եմ թվարկել, բայց մի քանի օրինակ բերեցի, որպեսզի հասկացվի` մեր համագործակցությունը օդի մեջ չի եղել:  Մենք արդյունք ենք ունեցել, որ մերն է եղել»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ այդ ծրագրերն իրականացնելիս ՀՅԴ-ն միայնակ է եղել, ուրիշ ուժ չի կանգնել իրենց կողքին:

«Սրանք մեր օրակարգերն են եղել, մեր ծրագրերն են եղել, և մենք մեր օրակարգերն ենք հաջողեցրել: Մենք ուրիշի ծրագիր չենք հաջողեցրել, ուրիշի ջրաղացին ջուր չենք լցրել: Մենք մեր խնդիրն ենք լուծել` մեր ազգային խնդիրներն ենք լուծել»,- ասել է Հրանտ Մարգարյանը` շեշտելով, որ Հայաստանի անկախության հռչակագրից հետո` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը ամենամեծ ձեռքբերումն է: