կարևոր
3667 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-05 14:39
Հասարակություն

Քաշաթաղը ծաղկում էր օր-օրի, իսկ ես մեր վերադարձին հավատում եմ. պաշտոնաթերթի խմբագիր

Քաշաթաղը ծաղկում էր օր-օրի, իսկ ես մեր վերադարձին հավատում եմ. պաշտոնաթերթի խմբագիր

Սեպտեմբերի 2-ին լրացավ հայկական 2-րդ հանրապետության անկախության հռչակման 33-ամյակը: Հայ մտածող հասարակությունը ցավալի ապրումներով դիմավորեց այդ օրը. Արցախը հայաթափ, արցախահայությունը՝ վտարանդի, ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Բաքվի բանտում, ՀՀ իշխանությունը՝ թշնամու կամակատար:

Արցախի անկախության փառահեղ շրջափուլի մասին իր հուշերը Yerkir.am-ին պատմել է լրագրող, Արցախի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը։ Հիշեցնենք՝ 2022 թ.  դեկտեմբերին լուծարվել է ԱՀ Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթը։ Այն այլևս չի ֆինանսավորվում։ Սյունիքի հայագիտական հետազոտություների կենտրոնը ձեռնամուխ է լինելու հրապարակելու «Մերանի» ապագայի բոլոր համարները։ Թերթը շարունակելու է գործունեությունը հասարակական հիմունքներով, և նյութերը հրապարակվելու են sarc.am (ՍՀՀԿ) կայքում։

Մեր զրույցը սկսվում  է խոր լռությամբ, մտածում եմ՝ ինչպե՞ս սկսել այն, ի՞նչ հարցեր հղեմ Արցախի ամեն քարն ու անկյունն իմացող և դրանք հավերժացրած լուսանկարչին, հետո  լռությունը խախտում եմ առաջին հարցով՝ ինչպե՞ս  էին Արցախում  նշում անկախության տոնը։

«Բավականին մեծ շուքով էինք այն նշում, հատկապես՝ Ստեփանակերտում, Արցախի շրջկենտրոններում, օրինակ Քաշաթաղում մեծ տոնախմբություն էր տեղի ունենում, Հայաստանից հյուրեր էինք հրավիրում, իրենց կատարումներով փայլում էին իմ լավ ընկերներ Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչը) և տոնն ավելի խանդավառ էին դարձնում իրենց հայրենասիրական կատարումներով»,-նշում է լուսանկարիչը։

Զրուցակիցս հիշում է Արցախի Անկախության տոնի մանրամասները, պատմում, որ հիշում է առավոտյան հանդիսավոր կերպով պաշտոնական արարողությունները, պատերազմում անմահացած  հերոսների հուշահամալիրում ծաղիկների խոնարհումը, դրան հաջորդում էր Հայաստանից ժամանած մշակութային խմբերի ազգագրական կատարումները։

«Երեկոյան  հավաքվում էինք տոնական հրավառության շուրջ, անմոռանալի և անպատմելի օրեր եմ ապրել Արցախում, այնտեղ վերջին անգամ եղել եմ 2022 թ. հունիսին։ Քաշաթաղը ծաղկում էր օր-օրի, դրանում մեծ ներդրում ունեցավ նաև արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ Նա բարեգործական ծրագրեր էր իրականացնում տեղի բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար, հիմնադրամն օժանդակում էր բազմազավակ ընտանիքներին, դպրոցներին, և իր նախաձեռնությամբ 20-ից ավելի պուրակ և այգի հիմնվեց Քաշաթաղում։

Հարցին՝ թե Արցախի երիտասարդությունը ինչպես էր մասնակցում տոնին, պարոն Ըռքոյանը պատասխանեց՝ ոչ միայն երիտասարդությունը, այլև՝ պատանիները բացառիկ հայրենատիրոջ ոգով դաստիարակված սերունդ է։

«Ես Քաշաթաղի տարածաշրջանի մասին լուսանկարների շարք ունեմ, կոչվում է՝ «Աշխարհի ամենալավ երեխաները», և այս ամենն առանց չափազանցության իրականություն է, քանի որ Արցախում ապրող մանուկները բացառիկ  հայրենատերներ են և մեծ ներդրում ունեցան տեղի մշակութային զարգացման գործում։ Երիտասարդները նվիրված էին ոչ միայն մշակութային զարգացմանը այլև՝ պատերազմի ժամանակ մեծ օգնություն էին ցուցաբերում։ Հենց երիտաարդներն էին, որ մեծ ներուժ ունեցան այդ ամենում, կամավորությունից մինչև պատերազմի դաշտ բազմաթիվ հայրենանվեր զավակներ կորցրինք հանուն հայրենիքի»,- փաստում է զրուցակիցս։

Մի պահ էլի լռում ենք, հետո զրույցը շարունակում։ Լուսանկարչին հարց եմ ուղղում՝  արցախահայերն իրենց վերադարձի մասին հիմա ի՞նչ են մտածում, ինքը՝ թերթի խմբագիրը,  ի՞նչ գործունեություն է հիմա ծավալում ՀՀ-ում:

«Ապրելով Հայաստանում՝ արցախյան թեմայով միջոցառումներ եմ լուսաբանում,  նաև անդրադառնում եմ Հայաստանի հուշարձաններին, տեղի գողտրիկ անկյուններին։ Ինչ վերաբերում է արցախահայերի կեցությանը, կարող եմ ասել, որ շատերը, ցավոք, հեռացել են Հայաստանից, քանի որ չեն գտել աշխատանք և համակեցության պայմաներ, շատերն էլ դեռ հավատում են ետ վերադարձին։ Ես մեր վերադարձին հավատում եմ, որպես ազատամարտիկ մասնակցել եմ Արցախյան առաջին պատերազմին, և  30 տարի առաջ մենք այն  ազատագրել ենք,  2020 թ. այս անհասկանալի պատերազմից ոչինչ չհասկացա: Արցախը մեր պատմական հայրենիքն է, և որքան էլ փորձեն աղավաղել և յուրացնել մեր բնակավայրը չի՛ ստացվի։ Գիտե՞ս, կարող է ես այդ ամենը չտեսնեմ, բայց վերադարձ անպատճառ լինելու է։ Փաշինյանը ոչ միայն «Վերածննդի» հրապարակում էր ասում, որ Արցախը Հայաստան է, այլև՝ Ճարտարում՝ եկեղեցու օծման ժամանակ, ինքս ներկա էի և լսում էի, թե նա ինչպես էր ասում, որ Արցախը մերն է, և մենք տեր ենք կանգելու նրան։ Երկրի իշխանությունները պետք է արցախահայությանը տեր կանգնեն, որովհետև եթե ընտանիքի հայր ես ուրեմն ողջ պատասխանատվությունը քեզ վրա է, բայց արի ու տես, որ այդ ամենի համար այսօր  պատասխանատվություն չկա, փոխարենը կան արցախցիներ, որոնք ետ վերադարձի փափագով են ապրում»,- եզրափակեց լրագրող և լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը։
 

Լուսանկարները՝ Զոհրաբ Ըռքոյանի անձնական արխիվից։


Անժելա Սեդրակյան