Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկարատև պատերազմին հաջորդած խաղաղության, առօրյա կյանքի և կենցաղային դժվարությունների, դպրոցների վերաբացման ու այլ հարցերի շուրջ զրուցեցինք հալեպահայ գրող,վերլուծաբան Հարութ Օրտեքյանի հետ:
- Հալեպում պայմանական անդորր է, 6 տարվա պատերազմից հետո որոշ բնակիչներ վերադառնում են: Նրանք կրկին հաստատվում են Հալեպո՞ւմ, թե՞ վաճառում են իրենց ունեցվածքն ու տեղափոխվում այլ երկրներ:
- Հալեպ վերադարձողներ կան, բայց տեղափոխվելու երևույթի մասին, ունեցվածքը վաճառելով, դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ այդպիսի լայնածավալ երևույթ դեռ գոյություն չունի: Իրականում ցանկալի է, որ բոլորը վերադառնան: Նրանք, ովքեր հեռացան, իրենց անհատական պատճառներն ունեին, սակայն կարծում եմ` հալեպահայության այն հատվածը, որը չկարողացավ արտերկրում հաստատվել կամ բարվոք կյանք ունենալ, համոզվելով , որ ներկայումս քաղաքում մնայուն խաղաղություն է, պիտի վերադառնա: Եթե խոսքը Հայաստանում հաստատված հալեպահայերի մասին է, մեզ համար միշտ ողջունելի և սկզբունքային է եղել այն, որ նրանք մնան և գոյատևեն Հայրենիքում: Տա Աստված՝ հաջողեն Հայաստանում: Բայց նրանք, ովքեր պիտի ձուլվեն և անհետանան Արևմտյան ափերում, բնականաբար, ըստ իս, նախընտրելի է` վերադառնան իրենց հայկական օջախը՝ Հայաստան կամ Հալեպ:
- Հալեպում մնացողները կամ վերադարձողները լիովին համոզվա՞ծ են, որ պատերազմն ավարտվեց, և կյանքն այնտեղ ավելի անվտանգ է:
- Պատերազմը քաղաքում հասել է իր ավարտին: Սա երաշխավորում են ռազմական բոլոր գործոնները ,պայմանները, քարտեզները: Սա այլևս համոզմունքի հարց չէ՝ քաղաքում պատերազմն ավարտվել է:
- Պատերազմից հետո կյանքը նույնքան դժվար է, որքան պատերազմի ժամանակ: Կենցաղային բոլոր պայմաններն ապահովվա՞ծ են: Արհեստավորները վերաբացո՞ւմ են իրենց աշխատավայրերը:
- Բնականաբար, հիմա կլինեն կենցաղային որոշ դժվարություններ: Որևէ քաղաք կամ տարածք, երբ դուրս է գալիս պատերազմից, դժվար թե անմիջապես իր նախապատերազմական կենցաղային պայմաններն ունենա: Սակայն սա ժամանակի հարց է: Եթե անդրադառնամ կենցաղային տարրական խնդիրներին, ասեմ, որ մեծ է տարբերությունը հիմա և պատերազմի ժամանակ հոսանքի մատակարարման ժամերի ու հարմարության միջև: Պետությունն ամեն քայլ նախաձեռնում է, որ հոսանքը մատակարարվի շուրջօրյա: Ջուր նույնպես կա և մատակարարվում է անընդհատ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, Հալեպի ազատագրումից՝ դեկտեմբերի 22-ից ի վեր գրեթե որևէ միջադեպ տեղի չի ունեցել քաղաքում: Իսկ արհեստավորների մասին կարող եմ ասել, որ նա, ով աշխատելու ցանկություն ունի, Հալեպում շատ գործ կգտնի, մանավանդ` հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայկական շրջաններից հեռու գտնվող՝ հիմնահատակ ավերված թաղամասերը, արհեստանոցները վերաշինության ընթացքի մեջ են: Հայ արհեստավորների մեծ մասը պատերազմի դժվար պայմաններում անգամ աշխատում էր: Խաղաղության մեջ հիմա շատ ավելի հանգիստ և բարվոք պայմաններում կշարունակեն իրենց աշխատանքը:
- Հալեպի ազգային «Քարեն Եփփե» ճեմարանը 6 տարի անց իր դռները բացեց աշակերտության առջև: Աշակերտների կամ ուսուցիչների պակաս կա՞:
- «Քարեն Եփփե» ճեմարանը պատերազմի ընթացքում երբեք չէր փակել իր դռները, պարզապես, քանի որ ճեմարանի պատմական շենքը գտնվում էր հայահոծ Նոր Գյուղ թաղամասում, որից մի քիչ հեռու զինյալների հետ շփման գիծ էր, աշակերտության և ուսուցչական կազմի ապահովության համար տեղափոխվել էր համեմատաբար ավելի ապահով հայկական թաղամաս: Շենքը որոշ վնասվածքներ էր ստացել, որոնք հիմա վերաշինության են ենթարկվել: Բնականաբար, երբ եղան գաղթողներ, աշակերտության թիվը նույնպես նվազեց, սակայն մենք դեռ ունենք աշակերտական այն մարդուժը, որ լցնում է ճեմարանի շենքը: Ուսուցիչների և աշխատակազմի պակաս բացարձակապես չկա: Ընդհակառակը` կան շատ երիտասարդներ, որոնց համար մեծ իղձ է պաշտոնավարել ճեմարանում կամ ազգային մեկ այլ վարժարանում:
- Ի՞նչ մթնոլորտ էր այդ օրերին:
- Երբ քաղաքն ազատագրվեց, և Նոր Գյուղը դարձավ լրիվ ապահով շրջան, մի քանի օր անց այնտեղ տոնածառի բացման ավանդական միջոցառումը տեղի ունեցավ: Սրբազան հոր ձեռքով լուսավորվեց ճեմարանի բակում տեղադրված տոնածառը: Դրանից անմիջապես հետո, ճեմարանի աշակերտության նախաձեռնությամբ, տեղի ունեցան ճեմարանի տարածքի մաքրման աշխատանքներ, որից հետո էլ կազմվեց ճեմարանի վերաշինության հանձնախումբ, որն էլ մասնագիտորեն կատարեց իր պարտականությունը՝ վերադարձնելով ճեմարանի նախկին հմայքը:
- Հայկական եկեղեցիների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են:
- Անկասկած, աշխատանքներ տարվում են: Վեհափառ հայրապետի վերջին այցելության ընթացքում ավելի հստակվեցին աշխատանքները: Բարեբախտաբար, եկեղեցիները հիմնահատակ ավերված չեն: Կան վնասներ կրած եկեղեցիներ, բայց դրանցից մեկը՝ հայկական Սուրբ Գևորգը, զինյալ խմբավորումների ձեռքով հրկիզվել էր: Բոլոր եկեղեցիները պիտի վերականգնվեն:
- Պատերազմից հետո հայերի և քրիստոնեության նկատմամբ արաբների դրական մոտեցումը կփոխվի՞:
- Բնիկ, համաքաղաքացի արաբները ո’չ նախապատերազմական շրջանում, ո’չ պատերազի շրջանում, ո’չ էլ հետպատերազմական շրջանում որևէ խտրականություն չեն դրել Սիրիայում հայերի նկատմամբ: Տեղացի արաբը հայի հետ օրնիբուն ապրել է բարեկամաբար, շատ հաշտ և ընկերային մթնոլորտում: Այն, ինչ տեղի ունեցավ, զարտուղի դեպք էր, և նրանք ծայրահեղական զինյալներն էին` իսլամիստները, որոնք տեղացիներ չէին: Արտաքին երկրներից նրանք եկել էին Սիրիա՝ պարզապես պատերազմելու համար: Նրանք մեզ համար օտար էին, մենք էլ նրանց համար էինք օտար, և ոչ մի եզր չկար մեր մեջ: Սակայն, եթե խոսքը տեղացի արաբների մասին է, երբեք մեզ ոչ հաշտ աչքով չեն նայել, մենք էլ, փոխադարձաբար, նրանց հետ նույնն ենք եղել: Ասեմ նաև, որ քաղաքից զինյալների հեռացումից հետո մենք ոչ մեկ զոհ կամ արտակարգ դեպք չենք ունեցել բնիկ արաբների հետ: Օրինակ՝ հայկական թաղամասերում կան ջրհորներ, որոնք ջրի ճգնաժամի ժամանակ ջուր էին մատակարարում ժողովրդին: Այդ ջրհորների մեծ մասը կառուցվել է արաբական Կարմիր մահիկի ջանքերով: Եվ նույն այդ ջրհորներից էր, որ թե’ արաբը, թե’ հայը ջուր էր ստանում, չկար ոչ մի խտրականություն: Եղան դեպքեր, երբ ՀՀ մարդասիրական օժանդակությունները հասան Հալեպ, և դրանցից օգտվեցին նաև արաբներ: Հավատացեք՝ պատերազմի ընթացքում տեղի արաբը նույնքան տառապում էր, ինչքան հայը:
-Ի վերջո, կվերադառնա՞ Անդրանիկ Ծառուկյանի «Երազային Հալեպը»:
- Թեկուզ և ժամանակ է պետք, սակայն, այո, կվերադառնա «Երազային Հալեպը»: Տիրող մթնոլորտը դեպի այդ ուղղությամբ է: Երազային Հալեպը նաև գալիք սերունդներն են, իսկ պատերազմից հետո Հալեպն արդեն ծաղկում է:
Արազ Գայմագամյան