Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ, ՀՀ ֆինանսների եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար, Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի` երեկ հրապարակված հոդվածին` գրելով.
«Վերջերս լույս տեսավ Վաչե Գաբրիելյանի վերլուծական «Պետական հատվածի չափի եւ դրա որոշ հետեւանքների մասին» https://www.aravot.am/2019/02/05/1016152/ հոդվածը, որում մերժվում է փոքր պետություն և պետական համակարգ ունենալու գաղափարը, կասկածի տակ էր դրվում ներկայիս օպտիմալացման քայլերը, հարկերի դրույքաչափերի իջեցումը չի դիտվում տնտեսական և ներդրումների աճի խթանման հիմնական գործոն և այլն: Անկեղծորեն զարմացա նախկին պաշտոնյայի մտքերից, քանի որ վերջինս հանդիսանում է Կենտրոնական բանկի թիմի /այդ թվում՝ Տիգրան Սարգսյան, Վարդան Արամյան, Ներսես Երիցյան և այլն/ անդամներից մեկը, ով տարիներ շարունակ առաջ է տարել նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը՝ նվազեցնելով պետության միջամտությունը տնտեսության մեջ, վարելով ցածր աշխատավարձի քաղաքականություն, չբարձրացնելով կենսաթոշակները և նպաստները, ամեն գնով ապահովելով գների կայունություն, կրճատելով խոշոր բիզնեսի համար հարկերը և այլն, և այլն: Պետք է հիշել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» հոդվածը, որի մեջ կասկածի տակ էր դրվում պետության գործառույթների առ հասարակ գոյությունը, դրանք ապագայում պատվիրակելով մասնավորին: Եվ ահա այս դպրոցի վառ ներկայացուցիչ՝ Վաչե Գաբրիելյանը, ով տարիներ շարունակ փոքրացրել է պետության դերակատարությունը, հայտարարում է, որ դեմ է փոքր պետության և փոքր բյուջեի ներկայիս վարվող քաղաքականությանը: Միաժամանակ հիմնավորում է, որ մեծ բյուջեի միջոցով հնարավոր է ստեղծել ուժեղ պետություն և տնտեսություն, և ներկայումս եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցման և ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունավետությունը բավարար գնահատված չէ, չենք ստանա սպաված արդյունքը: Նույն հոդվածում պարոն Գարիելյանը, իրեն իսկ հակադարձում է. տրամաբանական կլիներ, որ նա դեմ լիներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, քանի որ պետական միջոցները հոսում են դեպի մասնավոր ֆոնդեր՝ թուլացնելով ուժեղ պետությունը և կրճատելով մեծ բյուջեն: «Լավ է ուշ, քան երբեք» մոտեցումից ելնելով՝ ողջունելի է նեոլիբերալ տնտեսական քաղաքականության առողջ քննադատությունը: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ պետք է վերանայել ներկայիս տնտեսական քաղաքականությունը: Եվ միայն այս դեպքում կարող ենք խոսել տնտեսական հեղափոխության մասին: Հին քարտեզով նոր քաղաք չենք կարող գտնել: Հին տնտեսական մոդելով նոր, ներառական տնտեսություն չենք ունենա»: