Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օպերայի թատրոնի հարակից տարածքում տեղակայված սրճարանների խնդրի պարագայում ամենակարևորը իրավական հիմնավորումներն են. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
«Քաղաքացիա-իրավական հարաբերությունների վեճերը, ըստ օրենքի, պիտի լուծվեն դատական կարգով: Մեզ ավելի շատ հետաքրքրում են աշխատողները, որոնք այսօրվանից իսկ չեն աշխատում: Կարևոր չէ` 5, թե 10, 100 կամ 300 է աշխատակիցների թիվը, որովհետև կարգավորման և աշխատողների իրավունքի տեսանկյունից առավել կարևոր է մոտեցումը: Ինչ վերաբերում է մարդկանց, ապա այս պարագայում, իհարկե, կարևոր է թիվը, քանի որ յուրաքանչյուր` աշխատանքից ազատվող մարդու հետևում ընտանիք է: Պետությունը ոչ թե պետք է բարի կամք դրսևորի`ասելով` մեր պարտավորությունը չէ, բայց կօգնենք, այլ դրա համար կան մշակված գործիքներ, առանձին քաղաքականություն և պետական բյուջե ներդրված միջոցներ: Վերջապես, գործող օրենքում հստակ ամրագրված է, որ պետությունը` հանձին իր լիազոր մարմնի, երբ, անկախ պատճառներից, կա աշխատանքից ազատման ռիսկ ունեցող քաղաքացի, իր ֆինանսական միջոցներով և աջակցությամբ պետք է լինի այդ մարդու կողքին»,- ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է գործազրկության բարձր մակարդակին և, առհասարակ, սոցիալական պետության դերին, նա ասաց. «Սահմանադրությամբ` սոցիալական պետություն ունենք, քրոնիկ մեծ գործազրկություն և աղքատության բարձր մակարդակ, անհամաչափ զարգացում, և այս խնդիրների համատեքստում կարևոր է պետության դերը: Պարզ և ակնհայտ է, որ տնտեսությունը կարգավորելու նպատակով արված ցանկացած տնտեսական բարեփոխում պետք է առաջնահերթ ունենա սոցիալական ազդեցության լիարժեք գնահատական և բացասական սոցիալական արդյունքները մեղմելու կոմպոնենտ: Առանց դրա` միանշանակ ունենալու ենք ձախողումներ: Նախագծում ակնհայտ խնդիրների պատասխանները չենք տեսնում, որոնք սոցիալական ներառական զարգացման համատեքստում են, և հարկային բեռի բարձրացման հետևանքով տեսնելու ենք` աշխատանքից դեպի նպաստ, ոչ թե` հակառակը, տեսնելու ենք գործազրկության ավելացում, ստվերն է ավելանալու, և ուժեղները կհաղթեն թույլերին»:
Ավետիսյանը պնդեց նաև, որ վերոնշյալ փոփոխությունները չեն կարող գնահատվել որպես բիզնես խթանող: «Այսօրվա կառավարությունը շարունակում է նախորդի նեոլիբերալ մոտեցումները տնտեսական կարգավորումների նկատմամբ»,- նշեց նա:
Անդրադառնալով կառավարության ծրագրի սոցիալական գնահատմանը` տնտեսագետն ասաց, որ գաղափարներ են բերվում միջազգային փորձից, թե` այս երկրում այսպես է, իսկ մյուսում`այնպես, մոռանալով, որ այդ լուծումը, որն արդյունք է տվել տվյալ երկրում, մեր դեպքում կարող է բացասական հետևանքներ ունենալ:
Թադևոսյանն այն կարծիքին է, որ պետության դերը տնտեսության կարգավորման հարցում պետք է ուղղված լինի աշխատատեղերի ստեղծմանը: «Մենք միայն թիրախավորել ենք այն, որ նոր աշխատատեղեր պետք է ստեղծել, բայց աչքաթող ենք արել զբաղվածության խթանման մյուս կարևորագույն կոմպոնենտը`աշխատատեղերի կայունությունը: Սրանք ոչ միայն ներառական զարգացման հիմնական կոմպոնենտներն են, այլև մեր օրենդրության պահանջը: Աշխատանքային օրենսգրքում հստակ սահմանված է աշխատանքային կայունության սկզբունքը, որը պետք է լինի սոցիալական զարգացման հիմքում:
Մյուս կարևորագույն սկզբունքը վերաբերում է զբաղվածության քաղաքականությանը: Այստեղ հստակ նախանշված է, որ մենք ոչ թե միայն հետևանքը պիտի լուծենք, այսինքն`սպասենք, որ մարդը դառնա գործազուրկ, այլ հստակ ամրագրված է, որ պետք է ունենանք կանխարգելիչ գործառույթ` աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք պիտի լինեն պետական պաշտպանության և հոգածության ներքո: Այս ամենի համար կան զբաղվածության ծրագրեր, պետական պարտավորություն և պետական բյուջեով նախատեսված միջոցներ, որոնք, ցավոք, 2019 թվականի պետական բյուջեում չեն ավելացել»,- ասաց նա:
Տնտեսագետն անդրադարձավ նաև հարկային համակարգի փոխոխություններին` շեշտելով, որ դրանք սոցիալամետ չեն: «Սրանք սոցիալական ներառական զարգացմանը ոչ թե համարժեք կամ հարիր չեն, այլ ուղղակի հակասում են: Անուղղակի հարկեր վճարում է յուրաքանչյուր քաղաքացի, իսկ դրանց բարձրացումը նշանակում է սոցիալական բեռ: Այս հարկերը վճարում են նաև սոցիալապես անապահով ընտանիքները: Երկրորդ կարևոր բաղադրիչը, որը տանում է սոցիալական բարեփոխումների թուլացմանը, համահարթեցումն է: Այսինքն` համեմատաբար ավելի բարձր եկամուտ ունեցողները պետք է վճարեն նույնչափ հարկ, որչափ աշխատող աղքատները: Այս բարեփոխումների մյուս թերությունն այն է, որ իրականում հարկային բեռը ցածր եկամուտ ունեցողների համար չի փոխվում կամ շատ չնչին է փոխվում, բայց էապես փոխվում է բարձր եկամուտ ունեցողների համար: Պատկերավոր ասած` հարկային բարեփոխումներ միայն հարուստների համար: Այո’, սոցիալական և ներառական պետությունը ցանկացած հարկային բարեփոխում պիտի դիտարկի հենց այս տեսանկյունից, այսինքն` առաջնային պիտի ավելանան ավելի ցածր եկամուտ ունեցող մարդկանց իրական եկամուտները, բնականաբար, ավելի դանդաղ` համեմատաբար բարձր եկամուտ ունեցողներինը: Այս նույն մոտեցումների շրջանակներում այսօր էլ, վաղն էլ տեսնելու ենք անուղղակի հարկերի բարձրացում, քանի որ դեռևս եկամտահարկի դրուքաչափը չի իջեցվել»,- եզրափակեց Ավետիսյանը: