կարևոր
6250 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-03 20:23
Քաղաքական

Արցախն անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար․ Արամ Ա

Արցախն անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար․ Արամ Ա

Արցախը անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար։ Այս մասին հայտարարել է Արամ Ա Կաթողիկոսը։

«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի հայրապետական օրհնությամբ, ազգային վառ ապրումներով եւ վերանորոգ հավատքով, կամքով ու տեսիլքով ողջունում ենք մեր ժողովուրդի սիրելի զավակներին:

Հայ ժողովուրդը ապրում է իր ժամանակակից պատմության ամենա ճակատագրական հանգրվանը: Հայաթափված է Արցախը, Հայաստանը մնում է ենթակա Ադրբեջանի սպառնալիքներին: Փաստորեն Հայաստանը առանձին է, բարեկամ չունի:

Ահավոր վտանգներով և աննախատեսելի հետևանքներով լեցուն ներկա կացության դիմաց չենք կարող, իրավունք չունենք լուռ մնալու: Հետևաբար, ժամանակն է ասելու, ուժերի համախմբումն ու մեր ժողովուրդի միասնականության ամրապնդումը համահայկական օրակարգի շուրջ՝ հրամայական է ու առաջնահերթ:

Ջերմորեն ողջունում ենք Արցախին նվիրված ներկա հավաքը: Արցախը մեզ համար անցյալ չէ: Եթե թշնամին Արցախը գրավելով համոզված է, թէ Արցախի հարցը լուծված է, սակայն մեր ժողովուրդի համար Արցախի հարցը լուծված չէ՛։ Արցախի ժողովուրդը չի վերդարաձել եւ իր ինքնորոշման իրավունքը չի վերականգնել իր պատմական հողերի վրա՝ միջազգային հովանու ներքո:

Արդարև, Արցախի հայկական պատկանելիությունը պատմականորեն եւ միջազգային իրավունքի տվյալներով ամրագրված է, չի կարելի զենքի ուժով լուծել:

Մեր ժողովուրդի համար Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար, նախ ներքին ճակատի համար: Այս համազգային պայքարի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանը, մեր եկեղեցին, մեր ազգային կառույցները, Սփյուռքը:

Արցախի հայկական պատկանելիության վերականգնման մեր հանձնառությունը պետք է նաև մեզ մղի հետևողական ու ծրագրված աշխատանքի՝ միջազգային համայնքի ներսում: Պետական, քաղաքական, կրոնական, մշակութային ու ակադեմական շրջանակներում այս փաստացի տուվյալները հարկ է շեշտել ու վերաշեշտել Արցախի հայկական պատկանելիությունը: Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ հայոց բանակի հզորացումը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Արցախի հարցը միշտ պիտի մնա առաջնահերթ: Պետական պատասխանատուների, կրոնական ներկայացուցիչների ու դիվանագիտական մարմինների հետ մեր հանդիպումների ժամանակ պիտի շարունակենք կարևորությամբ շեշտել Արցախի հարցի ամբողջական ու արդար լուծում տալու հրամայականը, ինչպես նաև մեր քաղաքական ու պետական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը:

Հետևաբար, սիրելի Արցախի հայություն, սփյուռք մի՛ դառնացեք, կառչած մնացե՛ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, սրբերի աղոթքով շաղախված ձեր հոգեմտավոր կառույցներին: Մեր ժողովուրդը ձեզ հետ է՝ աջակից ու զորակից ձեր պայքարին:

Թող Աստված ամուր պահի մեր պահանջատիրական պայքարը, հզոր՝ Հայաստանի Հանրապետությունը եւ միակամ՝ մեր ժողովուրդը»,- նշվում է հաղորդագրության մեջ։