կարևոր
4291 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 10:15
Հասարակություն

Դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն․ «Հրապարակ»

Դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Փաստաբան Արսեն Բաբայանը կարծում է, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են։ Գրիգորյանը քննում է Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը, որի ժամանակ, ըստ փաստաբանների, բազում օրինախախտումներ է արել։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Մեղադրանքը վերաբերում է նրա՝ արդարադատության նախարար աշխատած շրջանում նոտարական գրասենյակի սեփականաշնորհման խնդրին։ Խախտումների մասին է խոսում նաեւ Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա ասում է, որ սույն դատական գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, քանի որ այդ քրեական գործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել ու քննության առարկա դառնալ։ Քննության առարկա դառնալուց հետո մի շարք միջնորդություններ, որոնք ենթադրում էին սույն քրեական գործի ավարտ, չեն քննարկվել, հետաձգվել են կամ առանց քննության են թողնվել, որից հետո դատաքննությունն ամբողջությամբ տեղի է ունեցել, հետազոտվել են ապացույցներ։

Արամ Օրբելյանը կարծում է, որ դիտավորյալ ձգձգում են պրոցեսը։ «Սույն քրգործի շրջանակներում ներկայացվել է առնվազն երկու միջնորդություն ՍԴ գործող նախագահի, իսկ հետո՝ դատավորի անձեռնմխելիության հաղթահարված չլինելու հետ կապված, դատարանը չի արձանագրել, որ հաղթահարվել է կամ չկա անձեռնմխելիություն, եւ հաղթահարելու կարիք էլ չկա, կամ Հրայր Թովմասյանը, ենթադրենք, չունի անձեռնմխելիություն ենթադրող կարգավիճակ, այլ ուղղակի ասել է՝ քննությունը չենք անում, վերջում կանդրադառնանք։ Գործի շրջանակներում ներկայացվել է հստակ դիրքորոշում, որ սույն քրեական գործն արդարադատություն իրականացնելու հետ որեւէ առնչություն չունի, ստեղծվել է բացառապես ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու համար»,- ասել է նա»։