Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Oգոստոսի 9-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել, ինչի մասին լռում է գերատեսչությունը։ Այս մասին 24News-ին ահազանգել են մահացած զինծառայող Արամայիս Գինոսյանի ծնողները։
Զինծառայողի հայրը՝ Մարզպետ Գինոսյանը պնդում է՝ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի բուժաշխատողների և ԱԱԾ սահմանապահ N զորամասի սպայակազմի մեղավորությամբ ու թողտվությամբ է տեղի ունեցել դեպքը։ Զինվորի հայրը նշում է, որ մինչև 2024 թվականի հունվարը իր տղան որևէ առողջական խնդիր չի ունեցել, ավելին՝ դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ սահմանային համայնք կատարած այցի ժամանակ։
«Հունվար ամսին իրեն լավ չի զգացել՝ հիվանդացել է, տաքություն է ունեցել, տարել են բուժկետ ասել են՝ անգինա ես։ Ուժեղ անտիբիոտիկներ են ներարկել, որը չէր կարելի ու էլի տարել են հենակետային ծառայության՝ 6-8 ժամ»։
Պարբերաբար զինծառայողի մոտ կրկնվել է ինքնազգացողության վատթարացումը, ինչը ծնողներին անհանգստանալու տեղիք է տվել․
«Տղայիս ասում էի՝ չես զգում, որ սկսել ես շուտ-շուտ հիվանդանալ, ասում էին, որ մրսածություն ա էլի, կոկորդդ կարմիր ա՝ պարացետամոլ խմի, 2 հատ «одеяло» գցի վրադ կդզվես, հո դուք նուրբ չեք, ոչ մի բան էլ չկա։ Էդ ձև մնացել է դիրքերում, չեն իջեցերել։ Հետո եկել է զորամասի պարեկը, տեսել է, որ էս վիճակում է, ասել է՝ չեք տեսնում, էս զինվորը վատ ա, իջացրեք ներքև», - պատմել է մահացած զինծառայողի հայրը։
Ըստ ծնողի՝ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում 18 օր անարդյունք բուժում են իրականացրել․ «Երեխես ամեն օր վատանում էր, մտել եմ բժշկի մոտ, ասում էր՝ դեղերի դինամիկայի ֆոնին ա՝ նորմալ ա։ Օգոստոսի 6-ին ավելի է վատանում, տեղափոխում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մինչ էդ անընդհատ արյան ու մեզի անալիզ են անում ու ոչ մի բան չեն հայտնաբերում»։
«Գնացի Մուրացանի զինվորական հոսպիտալ, երեխուս տեսա՝ ուռած, դեմքը ընդհանրապես փոխված, նայեցի ու սկսեցի ուրիշ բաներ մտածել, ինձ ասում էին՝ սպասի, անալիզներ ենք վերցնում, էդտեղ հասկացա, որ մի լուրջ բան կա։ Իսկ Երևանի կայազորային հոսպիտալում ինձ ասում էին՝ ամեն ինչ լավ ա, դուք ռեանիմացիայի անուն եք լսում սթրեսի մեջ եք ընկնում։ Մինչև վերջին օրը ինձ խաբել են»,- վրդովված պատմում է զինծառայողի ծնողը։
Առաջիկա՝ օգոստոսի 22-ին, Արամայիս Գինոսյանը կդառնար 22 տարեկան։ Սեփական նախաձեռնությամբ վերադարձել էր ՌԴ-ից՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու համար։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
Ավելի ուշ ռեպորտաժի տեսքով կանդրառնանք դեպքին՝ պարզաբանումներ խնդրելով ԱԱԾ սահմանապահ զորքերից, Երևանի կայազորային հոսպիտալից, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։
Մերի Մանուկյան
Աղբյուր՝ 24news.am