կարևոր
3055 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-19 14:34
Քաղաքական

Կարևոր չէ, թե որ կողմն է հրաժարվողը․ սա նշանակում է, որ ոչ մի խաղաղության գործընթաց էլ չկա․ Սևակ Հակոբյան

Կարևոր չէ, թե որ կողմն է հրաժարվողը․ սա նշանակում է, որ ոչ մի խաղաղության գործընթաց էլ չկա․ Սևակ Հակոբյան

YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Երեկ՝ հուլիսի 18-ին, օրվա առաջին կեսին, նախ Ադրբեջանը հայտարարեց, թե Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ալիևի հետ ու դա համարեց խաղաղության բանակցություններից հրաժարկում։ Շատ կարճ ժամանակ անց Հայաստանը հակառակը հայտարարեց, որ՝ դա Ալիևն է հրաժարվել հանդիպումից, ոչ թե Փաշինյանը։ Երկու ղեկավարներն էլ Մեծ Բրիտանիայում միջոցառման էին մասնակցում։

Օրվա երկրորդ կեսին, արդեն, պարբերաբար հերքումներ էին, մեկը մյուսի վրա էր գցում։

Իրականությունը ո՞րն է, չգիտենք․ հնարավոր է՝ Ալիևն է հրաժարվել, ասել է՝ մինչև սահմանադրությունը չփոխես, չենք բանակցելու։ Հնարավոր է՝ Փաշինյանն է հրաժարվել հանդիպումից, գուցե օրակարգը անգամ իր համար է վատը եղել։ Հնարավոր է՝ հանդիպման «քավորներն» են ասել հիմա ժամանակը չէ, աշխարհը սաղ խառնվել է իրար (այս երրորդը քիչ հավանական է)։

Ստացվում է՝ հետևյալը, Փաշինյանն իր հեծանիվ քշելն ընդմիջում է, հասնում է Լոնդոն, հանդիպում է Լյուքսեմբուրգի վարչապետին, Իսպանիայի վարչապետին, Հունաստանի վարչապետին, Շվեյցարիայի նախագահին, Լիտվայի նախագահն, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատարին, Կոսովոյի նախագահին, Չեխիայի վարչապետին ու էլ ում ասես, քննարկում հայ-ադրբեջանական հարցեր, բայց ում հետ որ պետք է խաղաղության պայմանագիր իբր կնքի, չի հանդիպում։

Կապ չունի, թե կողմերից որ մեկը չի ուզել հանդիպի․ երկու դեպքում էլ հարց է առաջանում՝ եթե դուք ամեն օր 10 անգամ խոսում եք խաղաղության անհրաժեշտությունից, բայց իրար հրաժարվում եք հանդիպել ու մեկդ մյուսի վրա գցում մեղքը, ուրեմն որևէ մեկն առնվազն խաղաղություն չի ուզում։

Խաղաղություն ուզողներն ամեն ինչ անում են իրար հանդիպել-քննարկելու համար։ Դուք հանրութանը, միջազգային ուժերին խաբում եք, թե գնում եք խաղաղություն ստորագրելու, բայց իրար մեղադրում եք հանդիպումից թռնելու համար։ Կրկնում եմ՝ կարևոր չէ, թե որ կողմն է հրաժարվողը․ սա նշանակում է, որ ոչ մի խաղաղության գործընթաց էլ չկա, ժողովրդին դնում եք հիմարի տեղ։ Բայց՝ հայ ժողովրդին, որովհետև Ադրբեջանն իր ժողովրդին խաղաղության չի տրամադրել, այլ՝ տարածքների տեսքով նվերների»։