կարևոր
3571 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-14 13:41
Քաղաքական

ԿԺԴՀ-ի ղեկավարը մի շարք պաշտոնյաների ազատել է աշխատանքից

ԿԺԴՀ-ի ղեկավարը մի շարք պաշտոնյաների ազատել է աշխատանքից

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնանկ է արել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ երկրի հյուսիսում նոր քաղաքի կառուցման իր առաջատար նախագծի հանդեպ «անպատասխանատու» վարքագծի համար, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Իր որոշման մասին Կիմը հայտարարել է Սամջիյոն կատարած այցի ժամանակ, որտեղ Հյուսիսային Կորեան «սոցիալիստական ​​ուտոպիա» և «բարձր քաղաքակրթության լեռնային քաղաքի մոդել» է կառուցում՝ նոր բնակարաններով, հյուրանոցներով, լեռնադահուկային հանգստավայրով և առևտրային, մշակութային ու բժշկական հաստատություններով։ Գովելով շինարարներին ձեռքբերված հաջողությունների համար՝ ԿԺԴՀ ղեկավարն ասել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների անպատասխանատվությունը հանգեցրել է մի շարք լուրջ շեղումների, այդ թվում՝ անորակ շինարարական աշխատանքների և ֆինանսական կորուստների։

Նա հատկապես մատնանշել է սեպտեմբերին նշանակված կառավարության շինարարության վերահսկողության նախարար Ռի Սուն Չոլին՝ նրան մեղադրելով  «ոչ մի բանի պիտանի չլինելու» մեջ, որը դեկտեմբերից   նույնիսկ շինհրապարակում չի եղել, պաշտոնանկ է արել ու կարգադրել պաշտոնական հետաքննություն անցկացնել:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը աշխատանքից ազատել է նաև նախագծի շինարարական տեսչական կոմիտեի բոլոր անդամներին, պաշտոնում իջեցրել է իշխող Աշխատավորական կուսակցության պաշտոնյային, որը պատասխանատու էր այդ հարցի համար, և խոստացել  փոխվարչապետի և այլ անձանց նոր ստուգում անցկացնել՝  իրենց պարտականություններում թերանալու կապակցությամբ:

«Շրջելով զբոսաշրջիկների համար նորակառույց հյուրանոցներով, նա խստորեն նշել է, որ դրանց կառուցումն իրականացվել է հնացած և հետամնաց մակարդակով,- նրա խոսքն է մեջբերում KCNA-ն:- Այս նոր շենքերը վերակառուցման կարիք ունեն, և, հետևաբար, այս խնդիրը բացասաբար է անդրադառնում քաղաքի ընդհանուր երկարաժամկետ զարգացման ծրագրի վրա՝ հանգեցնելով տնտեսական կորուստների։