կարևոր
3766 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-13 10:25
Քաղաքական

Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել. «Փաստ»

Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի՝ վերջին սոցհարցման արդյունքները բավական ուշագրավ պատկեր են ի հայտ բերում ոչ միայն ներքաղաքական կյանքի, այլև արտաքին կողմնորոշումների նկատմամբ հասարակության վերաբերմունքի առումով: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական ուժի վարկանիշը ցածր է և տատանվում է 12-14 տոկոսի սահմաններում, նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանից: Այս հարցումը առավել հետաքրքիր է միջազգային կառույցների նկատմամբ վերաբերմունքի առումով, հատկապես այն տեսակետից, որ օրվա իշխանությունները հետևողականորեն իրականացնում են ընդգծված պրոարևմտյան, հակառուսական ու հակաՀԱՊԿական քարոզչություն:

Ճիշտ է, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցների թիվը կրճատվել է 10 տոկոսով, իսկ, օրինակ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցներինն ավելացել է 7 տոկոսով, այդուամենայնիվ, փորձագետների համոզմամբ, իշխանություններին չի հաջողվել էական փոփոխության հասնել մեր հանրության մոտեցումներում: Ի մասնավորի, աճել է նրանց թիվը, որոնք կարծում են, որ Հայաստանը պետք է լինի չեզոք երկիր և չլինի ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ անդամ: Ավելին, շուրջ 33 տոկոսը վստահ է, որ Հայաստանը չպետք է կամ չի կարող անդամակցել ԵՄ-ին, իսկ 28,8 տոկոսը կարծում է, որ Հայաստանը միանշանակ պետք է ձգտի անդամակցել Եվրամիությանը անգամ ԵԱՏՄ-ից դուրս գալու գնով: ԵԱՏՄ-ից դուրս գալուն դեմ է 37 տոկոսը: Եթե սրան գումարենք, որ մոտ 10 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ, իսկ 17 տոկոսը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի, ապա պատկերն առավել առարկայական կդառնա:

Հավելենք, որ հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, 51,6 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 22,5 տոկոսը չի կողմնորոշվել: Միևնույն ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) «փակ» հաշվետվությունը շատ ավելի «տխուր» պատկեր է ներկայացրել այս ուղղությամբ: Իսկ ահա, Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ազատ դաշինքի հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի ուղությամբ «նայողները» Հայաստանում 34 տոկոս են կազմում, ևս 28 տոկոսը բազմավեկտոր քաղաքականության կողմնակից է, այնինչ ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցները 22 տոկոս են: