կարևոր
3832 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-08 21:05
Քաղաքական

Ալիևը փողով գնում է Հայաստանի ստրատեգիական բարձունքները. Գառնիկ Դանիելյան

Ալիևը փողով գնում է Հայաստանի ստրատեգիական բարձունքները. Գառնիկ Դանիելյան

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ, ծանոթացել մարզի անվտանգության գոտին Ալիևին հանձնելուց հետո այնտեղ կառուցվող Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։

Կառավարության ֆեյսբուքյան էջում այդ այցից հրապարակվել էին լուսանկարներ Փաշինյանի և քաղաքացիների մասնակցությամբ՝ ստեղծելով տպավորություն, թե Փաշինյանին Կիրանցում, Աճարկուտում ջերմորեն են ընդունել, և գյուղեր այցելելիս դրանք թշնամու թիրախ դարձրած Փաշինյանը որևէ խնդիր չի ունեցել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով Փաշինյանի՝ Տավուշի մարզ այցին, պատմեց՝ գյուղացիները չեն հասցրել իրենց ուզածը Փաշինյանին ասել, քանի որ, ինչպես իրենք են պատմում, գաղտագողի է գնացել ու վերադարձել։

«Երբեք կիրանցեցիները գրկաբաց չեն ընդունել Փաշինյանին, որը շաբաթ օրը գնացել էր ընդամենը լուսանկար ստանալու համար։ Հիշե՛ք, որ իր այցից առաջ իր պատգամավորներին էր ուղարկել Տավուշ՝ հետախուզության։ Կիրանցեցիները գրում են, որ Փաշինյանին ասելու շատ բան ունեին, բայց չհասցրեցին ասել, որովհետև գաղտագողի եկավ ու գնաց։

Ինչ վերաբերում է տարածված լուսանկարներին, ապա Փաշինյանի հետ հանդիպման էին գնացել Աճարկուտի ընդամենը մի քանի բնակիչ, իսկ ինքն էլ գնացել՝ խոնարհվել էր այն հերոսի շիրիմին, որը նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում է զոհվել, ինչպես իրենք են ասում՝ հանուն ոչնչի»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը ներկայացնողն ու նրա թիմն իրականում շանտաժով կիրանցեցիներին ստիպել են հրաժարվել իրենց ունեցվածքից, հրաժարվել, ըստ Հայաստանի Գլխավոր դատախազության, իրենց տրված վավեր Կադաստրի վկայականներից։

«Գյուղացիներին տարբեր չափերի գումարներ են հատկացնում՝ ըստ տարբեր պայմանավորվածությունների։ Հստակ չկա քառակուսի մետրի համար տրվելիք գումարի չափ. եթե քաղաքացին մի քիչ դիմադրություն է ցույց տալիս, գումարն ավելի շատ են տալիս։ Գյուղացիներին են տալիս մի դիմումի ձևանմուշ, որտեղ մի քանի անգամ գյուղացիները պետք է խնդրեն Կառավարությանը. հատուկ մի քանի անգամ գրված է՝ «խնդրում եմ», որ փոխանցեն գումար՝ իրենց ունեցած Կադաստրի վկայականից հրաժարվելու դիմաց։ Այսինքն՝ փողի դիմաց գյուղացիներին պարտադրում են հրաժարվել իրենց գույքային իրավունքներից»,- պատմեց Գառնիկ Դանիելյանը՝ շեշտելով՝ Փաշինյանը ստեղծում է նախադեպ, որ փողի դիմաց կարելի է հայրենիքիդ մի մասը տալ հակառակորդին։

«Հողդ կարող ես տալ՝ փող ստանալու դիմաց. ահա այս վտանգավոր նախադեպն են իրենք ստեղծում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ կիրանցեցիներին չի՛ կարող մեղադրել, որովհետև նրանց դրել են ընտրության առջև՝ եթե գումարը չեն վերցնում, կմնան և՛ առանց գումարի, և՛ առանց տան։

Ընդդամադիր պատգամավորը նշեց, որ իր տեղեկություններով՝ Կիրանցից և Ոսկեպարից մարդիկ հեռանում են, այդ թվում՝ նրանք, որոնք Կառավարությունից գումար են ստացել։

«Ադրբեջանցի հատուկ ստորաբաժանումների ներկայության տակ ապրել հնարավոր չէ»,- շարունակեց Դանիելյանը։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի անվտանգության գոտին Ալիևին հանձնելու դիմաց ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող գումարների անհասկանալի ծավալներին, ապա Գառնիկ Դանիելյանը նշեց՝ ունի կասկածներ, որ Ալիևը գումարով ուղղակի գնում է Հայաստանի ստրատեգիական բարձունքները։

«Այո՛, գնում է, որովհետև դրանք իր համար կարևոր են, Փաշինյանի համար՝ ոչ»,- խոսքը եզրափակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։