Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2024 թ. մայիսի 19-ին՝ Ադրբեջան կատարած այցից հետո կործանվեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիին սպասարկող ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեցին նախագահը և վերջինիս պատվիրակության անդամները, այդ թվում՝ ԻԻՀ արտգործնախարար Հոսեյին Ամիր Աբդոլահիանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Տեղի ունեցած ողբերգության պատճառները դեռևս բացահայտված չեն, սակայն հիմնականում շրջանառվում են երկու տեսակետներ, որոնց համաձայն կա՛մ սա պարզապես ինքնաթիռի անսարքության հետևանք էր, կա՛մ էլ Արևմուտքի, մասնավորապես, Իսրայելի հատուկ ծառայությունների հաջողված ռազմական օպերացիան: Ամեն պարագայում, Իրանում ստեղծված քաղաքական ճգնաժամի խորապատկերին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու հունիսի 28-ին, իսկ թե ինչպես ու ինչ ընթացակարգով են ընտրվում նախագահի թեկնածուները, կանդրադառնանք ստորև:
Ընդհանուր առմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը բավականին կուռ քաղաքական համակարգ ունի, որում ցանկացած օբյեկտ ունի իր կարևորագույն գործառույթը՝ երկրի գլխավոր իրադարձությունների վերահսկման և կարգավորման հարցում: Ինչ վերաբում է նախագահական ընտրություններին, ապա այստեղ նախևառաջ վերջնական որոշումը պատկանում է Սահմանադրության պահապանների խորհրդին, որին վերապահված է հաստատել թեկնածուների վերջնական ցանկը, ըստ որի էլ, հետագայում տեղի է ունենում թեկնածուների պաշտոնական քարոզարշավը և ընտրական գործընթացը:
Սահմանադրության պահապանների 12 հոգանոց խորհուրդը օժտված է օրենսդիր և գործադիր մեծ իրավասություններով, կազմում է Իսլամական Հանրապետության սահմանադրության պահպանման անկյունաքարը: Համաձայն սահմանադրության 91-րդ հոդվածի՝ վերջինիս 12 անդամից 6-ը աստվածաբաններ են, իսկ մյուս 6-ը՝ իրավաբաններ : Աստվածաբաններն ընտրվում են գերագույն առաջնորդի կողմից, իսկ իրավաբաններին ընտրում է մեջլիսն այն մարդկանցից, որոնց ներկայացրել է դատական համակարգի ղեկավարը: Նրանց պաշտոնավարման ժամկետը 6 տարի է, բայց յուրաքանչյուր 3 տարին մեկ առաջին գումարման խորհրդում յուրաքանչյուր խմբի անդամների կեսը վիճակահանությամբ փոխվում են՝ զիջելով իրենց տեղը նոր անդամներին : Սա արվում է, որպիսի յուրաքանչյուր հաջորդ գումարման խորհրդում լինեն փորձառու մասնագետներ: Առանց որևէ արգելքի խորհրդի անդամները կարող են վերընտրվել: Սահմանադրության պահապանների խորհրդի գործունեության ուժը տարածվում է 3 ոլորտների վրա՝ օրենսդրական իրավասություն, սահմանադրության մեկնաբանում և ընտրությունների վերահսկում:
Հատկանշական է, որ նախագահական ընտրությունների թեկնածուների և փորձագետների խորհրդի դեպքում վերահսկողությունն այլ է: Ըստ Սահմանադրության՝ նախագահի թեկնածուներն ուսումնասիրվում են պահապանների խորհրդի կողմից, պարզելու համար, արդյոք նրանցից յուրաքանչյուրը համապատասխանո՞ւմ է սահմանադրության պահանջներին. լինի իրանցի, ԻԻՀ քաղաքացի, լինի քաղաքական ու կրոնական գործիչ, լինի ջանասեր, ունենա կազմակերպչական հմտություններ, ունենա մաքուր անցյալ և Իրանի պաշտոնական կրոնի նկատմամբ ունենա հավատ և վստահություն: Այս ամենից հետո միայն, պահապանների խորհրդի ուսումնասիրությունների արդյունքում նրանք կարող են դառնալ թեկնածու: Պահապանների խորհուրդը թեկնածուների որակավորման ուսումնասիրումը հետաքննում է ինքնուրույնաբար: Պահապանների խորհուրդը փորձագետների խորհրդի ընտրությունների վերահսկողությունն իրականացնում է մեջլիսի ընտրությունների վերահսկման կանոնագրքի համաձայն: Ընտրական կանոնագրքերում մեծ նշանակություն ունեն այն հոդվածները, որոնք վերաբերում են այն պայմաններին, որոնք պետք է կատարեն ընտրողները տվյալ պաշտոնում առաջադրվելու համար: Օգտվելով այս հոդվածներից՝ Պահապանների խորհուրդը յուրաքանչյուր ընտրության ժամանակ մերժել է մեծ թվով թեկնածուների: 4-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների ժամանակ 3150-ից մերժվել է 1110 թեկնածու, իսկ 6-րդ գումարման խորհրդարանի ընտրություններին 6856-ից՝ 567-ը:
Խորհուրդը սովորավար հրաժարվում է պարզաբանել հայցադիմումները մերժելու հիմքերը և նույնիսկ այդ թեկնածուներին չի տեղեկացնում իրենց մերժման հիմքերի մասին: 1999 թ. Նպատակահարմարության խորհուրդը հարմար գտավ, որ Պահապանների խորհուրդը բացատրի թեկնածուների մերժման պատճառները: Այնուամենայնիվ, գործնականում Պահապանների խորհուրդը հաճախ ձեռնպահ է մնացել բացատրություններ տալուց: Պահապանների խորհուրդն իրավասու է չեղյալ համարել տարբեր շրջաններում կայացած ընտրությունները, որոնք նրա կողմից համարվում են ոչ պատշաճ կայացած: Բացի այդ, նա կարող է չեղարկել որոշ քվեատուփերի բոլոր ձայները կամ դրանց մի մասը: Պահապանների խորհուրդը կարող է նաև դադարեցնել ընտրությունները որոշ քաղաքներում և նահանգներում պատրվակով, որ դրանք կարող են հանգեցնել անկարգությունների: Այս իրավունքն օգտագործվել է Պահապանների խորհրդի կողմից մինչ այժմ անցկացված խորհրդարանական բոլոր ընտրություններում:
Այսպիսով, հունիսի 10-ին Պահապանների խորհուրդը հայտարարեց 6 հիմնական թեկնածուների անունները, ովքեր ստացել էին վերջինիս հավանությունը: Այդ թեկնածուներն են՝ Մասուդ Փեզեշքիան, Մոստաֆա Ֆուրմոհամադի, Սայիդ Ջալիլի, Ալիռեզա Զաքանի, Ամիր Հոսեյն Ղազիզադե և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ :
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չափավոր պահպանողական է և Իրանի խորհրդարանի ներկայիս նախագահը։ 2005-2017 թթ. եղել է Թեհրանի քաղաքապետը, նաև լայն կապեր ունի Իրանի անվտանգության համակարգի հետ: 1997-2000 թթ. եղել է Հեղափոխության պահապանների ռազմաօդային ուժերի հրամանատարը, 2000-2005 թթ.՝ ոստիկանապետը:
Նախագահական մրցապայքարի մասնակիցների թվում Ղալիբաֆը համարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ամենամոտ համախոհը: Հայտնի է, որ Ղալիբաֆն ունի մտերիմ հարաբերություններ Խամենեի հետ։ Այս կապերը մեծացնում են ընտրություններում հաղթելու նրա հնարավորությունները։
Սայիդ Ջալիլին Նպատակահարմարության խորհրդի անդամ է: Պահպանողականների շրջանում հանրաճանաչ գործիչ է, միջուկային ծրագրի նախկին բանակցողներից և ամուր կապեր ունի գերագույն առաջնորդի և Հեղափոխական գվարդիայի հետ ու ընկալվում է որպես իսլամական օրենքներին հավատարիմ պետական գործիչ : 2007-2013 թթ. հոգևոր առաջնորդի կողմից նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, եղել է Եվրոպայի և Ամերիկայի հարցերով փոխարտգործնախարար:
Նախկին՝ նախագահի պաշտոնի համար ընտրություններում՝ 2013 թ., Ջալիլին պարտվել էր Հասան Ռոհանիին։ 2021 թ. նա իր տեղը զիջեց Ռաիսիին, ով պահպանողական գործընկեր էր։ Եթե Ջալիլին նախագահ դառնա, ենթադրվում է, որ կշարունակի Ռաիսիի քաղաքականությունը՝ շնորհիվ երկու տղամարդկանց սերտ հարաբերությունների, և նախկին նախագահի որոշումների վրա իր ազդեցության:
Ընտրություններին ցածր մասնակցությունը կաշխատի Ջալիլիի օգտին, քանի որ դա հավանաբար կնշանակի, որ բարեփոխիչները որոշել են դուրս մնալ ընտրություններից՝ թողնելով պահպանողականներին՝ Ջալիլիի հիմնական ընտրազանգվածին, գերիշխել քվեախցերում:
Նախագահի հաջորդ թեկնածուն Մասուդ Փեզեշքիանն է՝ բարեփոխական թևի ներկայացուցիչ, ով ունի բժշկական կրթություն և երկար տարիներ եղել է Թավրիզի բժշկական համալսարանի ղեկավարը, այնուհետև, նախագահ Խաթամիի նախագահության երկրորդ ժամկետում՝ 2001-2005 թթ., զբաղեցրել է ԻԻՀ Առողջապահության, բժշկության և բժշկական կրթության նախարարի պաշտոնը: 2013 թ. առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, սակայն Ներքին գործերի նախարարության կողմից թեկնածության հաստատումը մերժվել է: 10-րդ գումարման խորհրդարանի ընտրություններում Մ. Փեզեշքիանը կարողացել է Թավրիզի շրջանից հավաքել 261394 ձայն և գերազանցել այստեղ երբևէ այդ շրջանից ընտրված թեկնածուների քվեների ռեկորդը :
Անհրաժեշտ է նշել նաև, որ Փեզեշքիանն Արևմտյան Ատրպատականի թյուրքախոս համայնքից է, և 2015 թ. Խորհրդարանում ելույթի ժամանակ ևս մեկ անգամ շեշտել է, որ ինքը շնորհակալ է աստծուց, որ իրեն թյուրքալեզու է ստեղծել, և որ, ըստ ԻԻՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի, Իրանի թուրքերը և այլ էթնիկ խմբեր պետք է կարողանան դպրոցներում գրել, խոսել և սովորել իրենց լեզուներով ։
Ռոհանիի կառավարության Արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադին նախագահական ընտրությունների որակավորված 6 թեկնածուներից մեկն է: 2005-2008 թթ. զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Իսլամական հեղափոխությունից հետո եղել է Խորասանի, Քերմանշահի, Հորմոզգանի և Խուզեսթանի շրջանների դատախազը: Սակայն որպես քաղաքական գործիչ՝ առավել հայտնի է դարձել Անվտանգության նախարարության արտաքին հետախուզության փոխնախագահի պաշտոնավարման տարիներին :
Եվս մեկ բժիշկ թեկնածուներից է Ալի Ռեզա Զաքանին, ով Թեհրանի ներկայիս քաղաքապետն է: Զաքանին 2004-2016 թթ. եղել է Մեջլիսի պատգամավոր, Իսլամական խորհրդարանի 8-րդ շրջանի ընտրություններում եղել է «Ֆունդամենտալիստների միացյալ ճակատի» կենտրոնական խորհրդի անդամ, և նույն ձևաչափով երկրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Թեհրանի ներկայացուցիչ: 2008 թ. Նա հիմնել է ‹‹Իսլամական հեղափոխության հետախույզների միություն›› (جمعیت رهپویان انقلاب اسلامی) կուսակցությունը, որի մանիֆեստում հստակ շեշտվում է իսլամական գաղափարների ամրապնդումն ու ձեռքբերումների պաշտպանությունը :
Հատկանշական է, որ Զաքանին երկու անգամ առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար և երկու անգամ էլ մերժվել է Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: 2021 թ. որպես Էբրահիմ Ռաիսիին քողարկող թեկնածու նա մտավ պայքարի մեջ, սակայն վերջին օրերին նահանջեց հօգուտ վերջինիս:
Այս նախագահական ընտրությունների մյուս թեկնածուն Ամիր Հոսեյն Ղազիզադեն է, ով վիրաբույժ է: 2008-2021 թթ. եղել է Խորհրդարանի պատգամավոր: Մինչ պատգամավոր դառնալը եղել է Սեմնանի բժշկական գիտությունների համալսարանի նախագահը։ 2014-2015 թթ. եղել է Կայունության ճակատի խոսնակը։ 2022 թ. նշանակվել է Նահատակների և Վետերանների գործերով հիմնադրամի տնօրեն: Ռաիսիի կառավարության փոխնախագահն էր :
Այսպիսով, Իրանի վերջին 8 նախագահներից 5-ը եղել են հոգևորականներ։ Այաթոլլահ Խամենեին, Հաշեմի Ռաֆսանջանին, Սեյյեդ Մոհամմադ Խաթամին, Հասան Ռոհանին և Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հոգևորականներ էին, ովքեր կարողացան հենվել նախագահական աթոռի վրա: Իսկ թե ով կլինի ԻԻՀ իններորդ նախագահը, դեռևս պարզ չէ: Ըստ նախնական տվյալների՝ Պահապանների խորհրդի հավանությանն արժանացած միակ թեկնածուն Ահմադինեժադի կառավարության ներքին գործերի նախարար և Ռոհանիի կառավարության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադին է։ Սակայն ընտրությունների ընթացքը և հետագա զարգացումները կհաստատեն իրանցի ժողովրդի ընտրությունը:
Նախագահական ընտրությունները կարող են կարևոր պատկերացումներ տալ Իրանի քաղաքական դաշտի, հասարակական կարծիքի և ապագա հնարավոր քաղաքականության վերաբերյալ: Ընտրությունների արդյունքը, ընտրողների մասնակցությունը և տարբեր թեկնածուների աջակցության մակարդակը կհստակեցնեն, թե որ ուղղությամբ կընթանա երկիրը:
Նարե Գևորգյան